«Այսօր գազի գնի բանակցություններն իջել են փոխվարչապետ-«Գազպրոմ Արմենիայի» ղեկավար Միլլեր նամակագրության մակարդակի». Անդրանիկ Թևանյան
Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և մտադրություն հայտնել 2020թ. հուլիսի 1-ից 36 տոկոսով բարձրացնել սպառողների համար բնական գազի գինը:
«Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը 100,000 դրամ է։ «ԳազպրոմԱրմենիան» առաջարկում է սակագինը դարձնել 135,909.6 դրամ։
Ընկերությունը, սակայն, նախատեսում է որոշ չափով նվազեցնել ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող գազի սակագինը՝ յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի դիմաց առաջարկելով 135,909.6 դրամ` գործող 139 000 դրամի փոխարեն»,- նշված է հայտարարության մեջ։
168.am-ի հետ զրույցում «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանն անդրադառնալով գազի սակագնի բարձրացմանը՝ նշեց, որ Կառավարությունն այս հարցի լուծման մասին այսօր չէ, որ պետք է մտածեր, պետք է մտածեր շատ վաղուց:
«Գազի գինը ոչ այնքան՝ տնտեսական, որքան՝ քաղաքական, նույնիսկ՝ աշխարհաքաղաքական հարց է: Այս ամենը ցույց է տալիս, որ Ռուսաստանի հետ Հայաստանի Կառավարության բանակցությունները խայտառակ մակարդակի են եղել: Բացի այդ, պարզվեց, որ գազի գնի հետ կապված հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ է քննարկում, և փորձում են համատեղ ինչ-որ բան ասել, սա էլ՝ այն դեպքում, երբ Լուկաշենկո-Պուտին հարաբերությունները շատ վատ մակարդակի վրա են գտնվում: Այս ամենը խոսում է այն մասին, որ վարչապետ Փաշինյանը տապալել է հայ-ռուսական հարաբերությունները, որի դրսևորումներից է նաև գազի սակագնի հետ կապված անհաջող բանակցությունները»,- ասաց Ա. Թևանյանը:
Նա նաև ընդգծեց, որ այսօր գազի գնի բանակցություններն իջել են փոխվարչապետ- «Գազպրոմ Արմենիայի» ղեկավար Միլլեր նամակագրության մակարդակի, ինչն էլ նշանակում է, որ միջպետական հարաբերություններում ստում էին, թե իբրև հայ-ռուսական հարաբերոթյունների ոլորտում ամեն ինչ կարգին ու փայլուն է, բայց սա ամենևին էլ այդպես չէ:
«Փաշինյանը փաստորեն գերադասում էր իր անձնական, էգոիստական խնդիրները լուծել, բայց չկարգավորել հայ-ռուսական հարաբերություննեը, նա նույնիսկ չկարողացավ Պուտինի հետ նորմալ աշխատանքային ձևաչափ ձևավորել, քանի որ միջպետական հարաբերություններում առաջին դեպքերի անձնական հարաբերությունների մակարդակը որոշիչ է դառնում շատ դեպքերում, և սա դրա դրսևորումներից մեկն է: Փաստորեն, մենք անարդյունավետ Կառավարություն և վատ բանակցող ունենալու համար ստիպված ենք լինելու երևի շատ ծանր գին վճարել: Սա էլ՝ այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսության ոլորտում խնդիրները շատ լրջորեն են դրված՝ կորոնավիրուսով պայմանավորված»,- հավելեց նա:
Անդրանիկ Թևանյանը նաև ընդգծեց, որ բոլորովին էլ պետք չէ տնտեսագետ լինել, որպեսզի հասկանան, թե գազի գնի բարձրացումն ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ ՀՀ տնտեսության վրա, այն իր հետ կբերի սոցիալական վիճակի վատթարացան, գնագոյացման վրա բացասական ազդեցություն կունենա, կմեծանա սոցիալական լարվածությունը, և այլն:
«Կրկնում եմ՝ սա այն գինն է, որը պետք է կամ կարող է վճարել Հայաստանի ժողովուրդն այսպիսի Կառավարություն ունենալու համար»,- շեշտեց նա:
Թե այս վիճակում ի՞նչ է հնարավոր շտկել, և Հայաստանն ի՞նչ այլընտրանք ունի՝ հարցերին, մեր զրուցակիցը պատասխանեց, որ Հայաստանն այլընտրանք այս պահին չունի, իսկ իրավիճակը շտկելը հնարավոր է, և ՀՀ իշխանությունները պետք է կարողանան իրենց գործընկերների հետ նորմալ հարաբերություններ կառուցել, և ամեն ինչ անեն՝ առաջին հերթին պետական շահը հաշվի առնելով, այլ ոչ թե՝ անձնական ու էգոիստական նկատառումներով առաջնորդվել:
Իսկ հարցին, թե ո՞րը պետք է լինի Կառավարության առաջին և կարևոր քայլը, Անդրանիկ Թևանյանը պատասխանեց, որ, ցավոք, ներկայիս Կառավարությունից որևէ լավ ակնկալիք չունի:
«Ինձ համար գլխավոր խնդիրը հետևյալն է, որ իրենք հնարավորինս քիչ վնասեն և գոնե իրականացնեն այն առաջարկները, որոնք մենք անում ենք կորոնավիրուսի և տնտեսության հետ կապված, եթե սա չի արվում, ապա, անկեղծ ասած, Կառավարությունից ակնկալում եմ միայն քիչ վնասելու քայլեր, այլ բան չեմ ակնկալում»,- եզրափակեց Անդրանիկ Թևանյանը: