«Բացառվում է, որ Արայիկ Հարությունյանը դառնա Արցախի Նիկոլ Փաշինյանը»․ Արմեն Բադալյան
«Արցախի ընտրությունների բարձր մասնակցությունը ցույց է տալիս, որ քաղաքացիները գիտակցում են ընտրության կարևորությունը։ Չնայած այս կորոնավիրուսի համաճարակին՝ քաղաքացիները դրսևորեցին քաղաքացիական բարձր կամք և քաղաքական գիտակցություն»,- 168․am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուների դասավորությանը, քաղտեխնոլոգն ասաց․ «Մեր նախնական դիտարկումները ցույց էին տալիս, որ հենց այդպես էլ լինելու է․ Արայիկ Հարությունյանը կա՛մ առաջին փուլում միանգամից ընտրվում է նախագահ, կա՛մ լինելու է երկրորդ փուլ, որտեղ նա ամենաշատ ձայներն է հավաքելու և երկրորդ փուլից է դառնալու նախագահ։ Մեր դիտարկումների համաձայն՝ երկրորդ տեղը զբաղեցնում էր Մասիս Մայիլյանը, երրորդ տեղը՝ Վիտալի Բալասանյանը։ Խորհրդարանական ընտրություններում նույնպես Արայիկ Հարությունյանի կողմից ղեկավարվող կուսակցությունն առաջին տեղում է, Սամվել Բաբայանինը՝ երկրորդ, և Վիտալի Բալասանյանինը՝ երրորդ։ Մի հետաքրքիր պահ կա, որ կուսակցության մեջ, փաստորեն, Սամվել Բաբայանն էր ավելի շատ ձայն բերողը Մասիս Մայիլյանի ընտրական գործընթացում»։
Անդրադառնալով այն կարծիքներին, որ Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցանկալի թեկնածուն է և անելու է այն, ինչ կասի ՀՀ վարչապետը, Արմեն Բադալյանն ասաց․
«Արայիկ Հարությունյանը միշտ նշում է, որ ՀՀ իշխանությունների հետ համակարգված գործողություններ է իրականացնելու, բայց այդ հարցը, թե ինչ Նիկոլ Փաշինյանն ասի, նա պետք է անի, պետք է ճշտել։ Ասենք, մի պահ պատկերացնենք, որ Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանին ասում է, որ զորքերը պետք է դուրս բերվի Արցախի այն տարածքներից, որոնք Ադրբեջանը համարում է իրենը, ի՞նչ, Արայիկ Հարությունյանը պետք է դո՞ւրս բերի․ իհա՛րկե ոչ։ Եվ հետո, այն տպավորությունը, որ Արայիկ Հարությունյանը հեղափոխության նոր մարտիկ է դարձել, և այլն, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում, որովհետև մի մոռացեք, որ Արայիկ Հարությունյանը՝ ի տարբերություն Մասիս Մայիլյանի, եղել է Բակո Սահակյանի թիմակիցը, 2007-2019թթ․ եղել է վարչապետ, արցախյան ղեկավարության միասնական թիմի անդամ է եղել, և չի կարող պատահել, որ նա այնտեղից առանձնանալով՝ միանգամից դառնա Արցախի Նիկոլ Փաշինյանը, դա բացառված է»։