Ռացիոնալիստի ու պոպուլիստի տարբերությունը

Ինչպես հայտնի է, մարտի 31-ին Արցախում սպասվում են լուրջ քաղաքական գործընթացներ, ինչի արդյունքում նախատեսվում է ընտրել նոր քաղաքական վերնախավ․ Արցախը նոր ղեկավարություն է ընտրում։

Ըստ էության սա մի գործընթաց է, որն իր մեջ բավականին լուրջ բովանդակություն է պարունակում, եթե հաշվի առնենք, որ աշխարհաքաղաքական արդի վերադասավորումների ֆոնին հեռանկարները փոփոխվում են երկրաչափական պրոգրեսիային բնորոշ արագությամբ։

Հասկանալով Արցախի գերկարևորությունը ՀՀ և ողջ տարածաշրջանի համար, պետք է փաստենք, թե ինչքան կարևոր է այն անխոցելի ու անվտանգ պահելու հարցը։ Որպես կանոն՝ այս օրերին գրեթե բոլոր շրջանակներում ավելի ակտիվ քննարկվում են ոչ թե՝ թեկնածուների ծրագրերն ու հնարավորությունները, այլ կորոնավիրուսով պայմանավորված՝ ընտրությունները հետաձգել-չհետաձգելու հարցը։

Ներկայումս աշխարհում ստեղծված պանդեմիկ իրավիճակով պայմանավորված՝ յուրաքանչյուր մարդկային կուտակում ինքնին ռիսկային է, քանի որ հնարավոր է՝ ունենա անվերահսկելի ու անցանկալի հետևանքներ։ Զերծ մնալով թեկնածուների ընտրվելու հնարավորթյունների կամ սատարել-չսատարելու մասին դիտարկումներից՝ անդրադառնանք մի հետաքրքիր դետալի, որը, պանդեմիկ իրավիճակից ելնելով՝ լուրջ վերլուծությունների ու խորքային, բովանդակային մեկնաբանությունների առիթ չդարձավ։

Խոսքն օրերս Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարության մասին էր, որով ՀՀ երրորդ նախագահը սթափության կոչ էր անում ընտրական գործընթացի մասնակիցներին։

«Արցախի իշխանությունները, հուսով եմ, սթափ և ճիշտ կգնահատեն իրավիճակը, անվրեպ կհաշվարկեն վտանգները և կկայացնեն որոշումներ, որոնք չեն վտանգի սեփական քաղաքացիների կյանքը: Իմ մարտական ընկերները, այդ թվում` իշխանության մեջ գտնվող, վստահ եմ, լավագույնս գիտեն մարդկային կյանքի արժեքը: Խնդրում եմ, ինքներդ էլ զգոն եղեք, հոգ տարեք ձեր և ձեր ընտանիքների, ձեր շրջապատում խնամքի կարիք ունեցող անձանց հանդեպ, պահպանեք ձեր առողջությունն ու կյանքը: Սա ևս կյանքի և մահու պայքար է, ինչպես պատերազմի ժամանակ, որը մենք տարիներ առաջ միասին արժանապատվորեն անցանք և հաղթեցինք»,- ասված է հայտարարության մեջ։

Հստակ կարող ենք արձանագրել, որ բոլորս գործ ունենք պետական մտածելակերպ ունեցող քաղաքական անհատի հետ, ով, անկախ իր գաղափարական տարաձայնությունից ու ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքից, հանդես է գալիս պետության ու ազգի շահերից։

Ի դեպ, Սարգսյանը նման կոչով հանդես եկավ նաև կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի հետ կապված։ Փաստացի իր խոսքում Երրորդ նախագահը ձևակերպում է այն մարտահրավերը, որը կարող է ծառանալ ազգաբնակչության առաջ, և ըստ էության, հորդորում է այն չեզոքացնելու հետ կապված պատասխանատուներին՝ խորամուխ լինել այդ ամենի մեջ։ Հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ նախագահ Սարգսյանն ամբողջովին հանդես է գալիս ռացիոնալության տիրույթում և զերծ է մնում արհեստական դիվիդենտներ քաղելու և իր անունն անիմաստ շահարկելու էժան մանիպուլյացիաներից, որին, ցավոք սրտի, բոլորս ականատես ենք լինում ամենօրյա ռեժիմում, երբ օրվա իշխանություններն էժան պոպուլիզմի ու քաղաքական ամբիցիաներին տուրք տալու նպատակով ամենապրիմիտիվ ու նաիվ տեխնոլոգիաներ են կիրառում։

Արթուր Գասպարյան

Տեսանյութեր

Լրահոս