Բաժիններ՝

«Կորոնավիրուսով հիվանդ մարդուն թունավորելով սպանելու դեպքում, եթե արտաքին նշան չլինի, չի՞ ստացվի, որ խոչընդոտել ենք սպանության բացահայտմանը»․ Արարատ Միրզոյան

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Կառավարության կողմից ներկայացված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի հիմնական զեկուցող ԱՆ փոխնախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ նախագծով իրավական կարգավորում է սահմանվում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձման չիրականացմանը:

«ՀՀ-ում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ կատարող կազմակերպությունները, դեռևս չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ, չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային չափանիշներին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հերձման ժամանակ կարող են առաջանալ վարակի առաջացման անդառնալի հետևանքներ։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ թեև նպատակը հասկանալի է, բայց հետաքրքրվեց, որ օրինակ՝ եթե մեկը վաղուց ցանկանում էր սպանել մի մարդու, պարզվում է՝ այդ մարդը կորոնավիրուսով հիվանդ է, կարող է սպանություն իրականացնել ցանկացողը թունավորել այդ մարդուն, արտաքին նշան չլինի, և չի՞ ստացվի, որ խոչընդոտել են հանցագործության բացահայտմանը։

«Ձեր նշած դեպքը և ևս մի շարք հանգամանքների պարագայում միանշանակ դատաբժշկական փորձաքննություն իրականացվելու է, և կատարվելու է հերձում։ Մեր կարգավորումը սրան չի վերաբերում»,- պարզաբանեց փոխնախարարը։

ԱԺ փոխնախագահը նկատեց՝ եթե մարդը կորոնավիրուսով հիվանդ է, հնարավոր չէ նրա կյանքը փրկել, ինչի՞ց ելնելով կարող է առաջանալ սպանության կասկած, եթե չի երևում, որ այդ մարդը թունավորվել է։

«Եթե թունավորման ախտանշաններ լինեն կամ բռնի գործողության նշաններ լինեն, այս դեպքերում կգնա դատաբժշկական փորձաքննություն։ Եթե չկան նման կասկածներ, կա ախտորոշում, բժիշկների կողմից փաստարկված մահվան պատճառ, մեր կարգավորումը դրան է վերաբերում։ Հենց բոլոր պահանջներին համապատասխանող դիահերձարան ունենանք, բոլոր դեպքերը կգնան դիահերձման»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս