Բաժիններ՝

ՌԴ կառավարության նոր որոշումը որևէ կերպ չի ազդելու հայաստանյան բեռների վրա․ Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը երկրի սահմաններին նոր սահմանափակումներ մտցնելու որոշում է կայացրել, որը որևէ կերպ չի ազդելու Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումների վրա։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը երկրի սահմաններին նոր սահմանափակումներ մտցնելու որոշում է կայացրել, և այդ որոշումը որոշակի անհանգստություններ էր առաջացրել Հայաստանի բիզնես շրջանակներում, որովհետև շատերը կարծում էին, որ այդ որոշումները որոշակի ազդեցություն կունենան նաև Հայաստանի և Ռուսատանի միջև բեռնափոխադրումների վրա։ Նման անհանգստությունները տեղին չեն, որովհետև այդ որոշումը որևէ կերպ չի ազդելու հայաստանյան բեռների վրա։ Այս փաստը հաստատվեց նաև քիչ առաջ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ իմ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում»,- մանրամասնեց վարչապետը։

Նրա խոսքով՝ ինչպես բեռները տեղափոխվում էին Ռուսաստան և Ռուսաստանից Հայաստան, նույն ռեժիմն այդ որոշումից հետո շարունակվելու է։ «Իհարկե, վերջին օրերին որոշակի խնդիրներ կային, գիտեք, որ Լարսում երկար ժամանակ ձյուն էր, բացվեց ճանապարհը, որից հետո բեռնատարների շատ մեծ կուտակումներ կան։ Մենք վերջին օրերին ակտիվ աշխատում ենք մեր Ռուսաստանի և Վրաստանի գործընկերների հետ, որպեսզի բեռնատարների երթևեկությունը համակարգենք և բերենք բնականոն վիճակի։ Այդ թեմայով խոսակցությունները բավականի արդյունավետ են, և ես ուզում եմ շնորհակալություն հյատնել և Ռուսաստանի, և Վրաստանի մեր գործընկերներին կառուցողական երկխոսության համար»,- ասաց վարչապետ Փաշինյանը։

Նա համոզվածություն հայտնեց, որ առաջիկա օրերի ինտենսիվ աշխատանքի արդյունքում կկարողանան հարթել խնդիրը․ «Համենայնդեպս, վերջին օրերին իրավիճակը մի փոքր բարելավվել է։ Այդ իրավիճակը գիտեք, որ բարդանում է ընդհանուր առմամբ կորոնավիրուսային այս խնդիրների հետ, բայց մենք աշխատում ենք և հույս ունենք, որ կկարողանանք շատ արագ կարգավորել այդ հարցը»,- ասաց Փաշինյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս