Բաժիններ՝

Խաղաղապահ զորախմբերից որևէ մեկում կորոնավիրուսով վարակման դեպք չկա, նույնիսկ` կոնտակտավոր. Արտակ Տոնոյան

ՀՀ զինված ուժերում շարունակվում են հակահամաճարակային խիստ միջոցառումներ ձեռնարկվել` կանխելու կորոնավիրուսի տարածումն ու ներթափանցումը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հերթական անգամ հավաստիացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Նա տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակված հինգ զինծառայողներից 4-ը գտնվում են շատ լավ վիճակում. չունեն ջերմություն և ոչ մի ախտանշան: Իսկ մեկ զինծառայողի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն:

«Այսօր ուենք լավ լուրեր, այն է` չունենք նոր նմուշառումներ, նոր մեկուսացվածներ, իսկ մեկուսացվածների առողջական վիճակը գերազանց է, տրամադրությունը` բարձր»,- լրացրեց ՊՆ խոսնակը:

Իսկ թե աշխարհում ստեղծված համաճարակային դժվարին իրավիճակում տարբեր երկրներում  ինչ պայմաններում են խաղաղապահ առաքելություն իրականացնում հայկական զորախմբերը, Շուշան Ստեփանյանը` ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար Արտակ Տոնոյանի հետ մեկտեղ, փորձեց պարզել ուղիղ տեսակապի միջոցով: Մինչ այդ հրամանատար Տոնոյանը վստահեցրեց, որ ամենօրյա կապի մեջ է հայկական զորախմբերի հետ և տեղեկացված է, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` հայ խաղաղապահների առողջականի մասով խնդրահարույց հարցեր չկան, կատարվում են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:

«Նույնիսկ կոնտակտավոր, կամ այսպիսի անհանգստության առիթ դեռ չունենք»,- շեշտեց խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար Արտակ Տոնոյանը:

Այլ մանրամասներ տեսակապի միջոցով ներկայացրեցին արդեն խաղաղապահ զորախմբերի հրամանատարները:

Առաջինն ուղիղ տեսակապ հաստատվեց Աֆղանստանում հայկական խաղաղապահ զորախմբի հրամանատարի հետ:

Փոխգնդապետ Թադևոսյանը հայտնեց, որ հայ խաղաղապահներն իրենց առաքելությունն իրականացնում են Մազարի-Շարիֆ քաղաքից ոչ շատ հեռու տեղակայված ռազմաբազաներից մեկում, որի պաշտպանությունը վստահված է հենց իրենց:

«Ներկա պահին վիրուսի հետ կապված ոչ մի խանգարող, խոչընդոտող կամ մտահոգող խնդիրներ չունենք: Մեր հայկական զորախումբն իր ծառայությունն իրականացնում է բնականոն հունով: Այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք իրականացվել են, դրանք եղել են հետևյալը. կրճատվել են խաղաղ քաղաքացիական բնակչության մուտքն ու ելքը մեր ռազմաբազա, բաժանվել են սպիրտային լուծույթով տարաներ: Ընդ որում, փոքրիկ տարաները զինծառայողները պահում են իրենց գրպանում, իսկ մեծ տարաները տեղադրված են նրանց սենյակներում, ժամանցի սենյակներում, միջանցքներում և այլ տեղերում, որ զինծառայողները հաճախակի ախտահանեն իրենց ձեռքերը: Իսկ զինծառայողների ստուգման հետ կապված՝ ասեմ, որ ունենք բժշկուհի, որը հետևողականորեն հարցուփորձի միջոցով, կամ, եթե ինքն արտաքինից տարօրինակ երևույթ է նկատում, անմիջապես կազմակերպում է ջերմաչափում: Դեռևս նման խնդիրներ չունենք»,- հավաստիացրեց Աֆղանստանում հայկական խաղաղապահ զորախմբի հրամանատարը:

Տեսակապի երկրորդ կանգառը Կոսովոն էր: Կոսովոյում հայկական զորախմբի հրամանատարն ասաց, որ ծառայության վայրում կատարվում են կանխարգելիչ միջոցառումներ` ախտահանում ալկոգելով օրը 6-7 անգամ:

«Անձնակազմն այս պահին առողջ է լիովին: Այստեղ հրամանատարությունը բոլոր միջոցառումներն աշխատում է կատարել, որ վարակ չլինի:  Իհարկե, մեկ հոգի վարակվել է. արձակուրդից վերադառնալուց հետո նրա մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այդ անձը Բուլղարիայից է, որին մեկ օր հետո էվակուացրել են իրենց հանրապետություն: Մեզ հետ կապված խնդիր չունենք, բարոյահոգեպես կայուն ենք, խուճապի չենք մատնվում»,- ընդգծեց զորախմբի հրամանատարը:

Հաջորդը տեսակապ հաստատվեց  ՄԱԿ-ի  հովանու ներքո Լիբանանում գործող հայկական խաղաղապահ զորախմբի ներկայացուցչի հետ: Նա հայտնեց, որ ներկա պահին գտնվում են Լիբանանի  ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կենտրոնակայանի Շամա ռազմաբազայում, կա 32 զինծառայող:

«Կորոնավիրուսի հետ կապված ոչ մի տեսակի խնդիրներ չունենք, պահպանվում են հիգիենայի բոլոր կանոնները: Իտալացիների կողմից անցկացվել են դասընթացներ` ինչից զերծ  մնանք: Ներկա պահին անձնակազմը գտնվում է հսկիչ-անցագրային կետում, որտեղ ծառայությունը կատարվում է դիմաշնչակներով և ձեռնոցներով: Պահպանվում է բոլոր տեսակի անվտանգությունը, անձնակազմն ապահովված է ձեռնոցներով, սպիրտով, դիմակներով: Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է, օրը 2 անգամ ջերմաչափում է կատարվում էլեկտրոնային ջերմաչափով: Ոչ մի տեսակի խնդիր չունենք, ծառայությունն ընթանում է նորմալ»,- մանրամասնեց Լիբանանում հայկական զորախմբի ներկայացուցիչը:

Չանտեսվեց նաև Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի համաճարակային վիճակը: Խմբի անդամներից Բասենցյանը նշեց, որ համավարակից խուսափելու համար քլորակիր լուծույթով կատարվում են շրջակա միջավայրի, տեխնիկայի ախտահանիչ գործողություններ, նույնիսկ սենյակներն են ախտահանվել:

«Անձնակազմը նորմալ վիճակում է, հիվանդներ չունենք այս պահի դրությամբ: Ականազերծման աշխատանքներն էլ ամբողջությամբ ընթանում են»,- ամփոփեց նա:

https://www.facebook.com/shushanstepanyan/videos/2781438455225630/?__tn__=%2CdlC-R-R&eid=ARB6MqRYoN8saPrPWFsFBRxrcsVtBkQAgNfJXix8sXWWbOuw6ZvQxwzzUKy_DxRvmTflQW7E3OMpSEKV&hc_ref=ARTtaL6Bg56s3UWoTZ9m7tyb5p1jqULv5fR7kS4wZJmHo-0OPkJUA5eShDKAp6En-uQ

Հիշեցնենք, որ օրեր առաջ 168.am-ն անդրադարձել էր և’ տարբեր երկրներում գտնվող մեր խաղաղապահների, և’ Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայկական խմբի համաճարակային անվտանգության խնդիրներին: Մասնավորապես, մեզ հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակը նշել էր.

«ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադն իրականացնում է միջազգային խաղաղարար առաքելություններ՝ ՄԱԿ մեկ սպա՝ Մալիում, ինչպես նաև` ՆԱՏՕ-ի՝ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրով Կոսովոյում, Աֆղանստանում: Պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է խաղաղապահների հետ, զորախմբի բոլոր զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է լավ, և նրանք անխափան իրականացնում են խաղաղարար առաքելությունը։ Միաժամանակ, ըստ միջազգային չափանիշերի՝ իրականացվում են նախատեսված հակահամաճարակային բոլոր միջոցառումները»։

Իսկ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի մասնագետ Կարինե Հախնազարյանն էլ վստահեցրել էր, որ Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող մեր խումբը բնականոն հունով շարունակում է իր աշխատանքները, կիրառվում են պաշտպանիչ բոլոր միջոցները:

«Մենք ականազերծում ենք տարածքներ, որտեղ մարդկանց մուտքն արգելված է, ինչն ապահովում է մեր ականազերծողների անվտանգությունը՝ համավարակից խուսափելու համար: Փորձառու բժիշկներից կազմված մեր խումբը պահպանում է անվտանգության բոլոր կանոնները՝ կիրառում պաշտպանիչ բոլոր միջոցները»,- հավելել էր նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս