Բաժիններ՝

«Պետք է գովեմ մեր հասարակությանը՝ իր վերաբերմունքի համար»․ Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը 168am-ի հետ զրույցում ասաց, որ հանրապետությունում դիմակների պակաս կա, բայց այդ պակասը մի փոքր դրամատիզացված է։

«Միանշանակ, այնպես չէ, որ հին քանակները կան, բայց անգամ գործադիրն է մեկնաբանել և, ըստ էության, չի առարկել այդ պակասը։ Այլ հարց է, որ մի փոքր ավելի դրամատիզացված է պակասը, քան իրականությունն է, որովհետև իրականում այն դիմակները, որոնք պաշտպանիչ լուրջ ազդեցություն ունեն, դրանց գինը միշտ էլ ավելի բարձր է եղել, քան սովորական դիմակներն էին, և դրանց դեֆիցիտն իսկապես կա, գինն էլ տատանվում է 1000-2000 դրամի սահմաններում։ Իսկ ինչ վերաբերում է դիմակներին, որոնք ժամանակին 50-100 դրամ էին, հիմա անգամ սուպերմարկետներում 300 դրամով այդ դիմակները կարելի է գտնել»,- ասաց նա։

Հետաքրքրվեցինք՝ սննդամթերքի շուկայում խնդիրներ կունենա՞նք, թե՞ ոչ։

«Վատ կանխատեսումներ չեմ ուզում անել, որովհետև դրա համար հիմքեր չկան։ Հիմնական վատ կանխատեսումն այն էր, որ ԵՏՄ-ն նպարեղենի սահմանափակում է մտցրել, և կարող էր խնդիր լինել, բայց մեր գործադիրը մեկնաբանեց, որ հենց հիմա քննարկվում են մեխանիզմներ, որպեսզի ԵՏՄ անդամ երկրներից այլ երկիր գնալը բացառվի։ Եթե այս խնդիրը լուծվի, ապա ընդհանրապես անհանգստանալու կարիք առվազն այս ժամանակահատվածում չկա»,- ի պատասխան՝ ասաց նա։

Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ այս պահին կարևոր են այն ծրագրերն ու քաղաքականությունը, որոնք կմշակվեն՝ հետագայում նմանատիպ խնդիրները հաղթահարելու համար․

«Այդ թվում՝ գյուղատնտեսական, սոցիալական աջակցության ծրագրերը, համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխությունները, որովհետև, ի վերջո, սա բերելու է որոշակի իմաստով փիլիսոփայական փոփոխությունների։ Եթե մենք այս փուլում կառուցում ենք 10 շենք, և հետո բնակելի շենքերի գինն ընկնում է մեր երկրում, այդուհանդերձ, մենք ունենում ենք կապիտալ, այդ շենքը մնում է։ Եթե մենք գյուղատնտեսական ապրանք ենք ստեղծում, պայմանական մեզ պետք է 1000 տոննա, մենք ստեղծում ենք 3000 տոննա, այդ 2000 տոննան, որ այդ պահին չի իրացվում, այնպես չէ, որ միանշանակ հեշտ իրացվելու է։ Մենք այդ արժեքը, որ ստեղծում ենք, փաստացի դրսում դառնում է ոչ մի բան։ Այստեղ ճշգրիտ հաշվարկներով՝ ճշգրիտ մոդելների և մոդուլների մշակման հարցն է ավելի շատ հետաքրքրում, որպեսզի հնարավորինս անփորձանք դուրս գանք իրավիճակից»։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ խուճապի մատնվելու կարիք ընդհանրապես չկա․ «Անգամ պետք է գովեմ մեր հասարակությանը՝ իր վերաբերմունքի համար, որովհետև այո, գործադիրը հորդորել է, բայց այնպես չէ, որ այլ երկրներում գործադիրները չէին հորդորում անիմաստ խուճապի չմատնվել և չհարձակվել սուպերմարկետների վրա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս