
Հովհաննես Թումանյանի թանգարանը օնլայն հարթակում հեքիաթներ կներկայացնի նաև արևմտահայերենով

Հովհաննես Թումանյանի թանգարանը վիրտուալ տիրույթում բազմաթիվ ու բազմաբովանդակ ծրագրեր է իրականացնում այցելուների հետ կապը չկորցնելու նպատակով: Թանգարանը փորձում է իր ուշադրության կենտրոնում պահել ոչ միայն Հայաստաում, այլև սփյուռքում բնակվող հայրենակիցներին:
«Ընտիր հեքիաթներ արևմտահայերեն» նախաձեռնության շրջանակում ամեն շաբաթ հայրերը, մայրերը, տատիկներն ու պապիկներն իրենց փոքրիկների հետ կարող են այցելել թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջ և արևմտահայերենով ունկնդրել Հովհաննես Թումանյանի հեքիաթները:
Թանգարանի աշխատակիցները հորդորում են մեծահասակներին ուշադիր լինել և օգնել երեխաներին հաճույքով կատարել հեքիաթասացի հանձնարարությունները:
Թանգարանը «Արի ծանոթանանք» կրթական ծրագրի էջում ներկայացրել էր Թումանյանի մասին պատմող ֆիլմի արևելահայերեն տարբերակը: Այժմ անիմացիոն ֆիլմը հնարավոր է դիտել արևմտահայերենով: