Բաժիններ՝

Ռոուլինգի գործերն ամենապահանջվածներն են

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ փետրվարի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում: Սյուժեն իր նմանակներն ունի նաև շատ այլ ժողովուրդների մոտ:

Երկրորդ հորիզոնականում է Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին»: Պատանի Ջիմ Հոքինսի հետ նստե´ք Հիսպանյոլան ու համարձակ նավարկեք դեպի Գանձերի կղզին: Փորձված ծովայինների հետ Ջիմը հայտնվում է վտանգավոր արկածների մեջ՝ հուսալով գտնել նավապետ Ֆլինթի թաքցրած ոսկին: Սակայն ամենուր վտանգ է: Կարելի ՞ է վստահել անձնակազմին: Ի ՞նչ է թաքցնում կղզին…

Երրորդ տեղում է «Հայկական հեքիաթներ» ժողովածուն: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

Չորրորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» ստեղծագործությունը: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված է Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ-որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ:

Հինգերորդ տեղում է Արթուր Քոնան Դոյլի «Շերլոք Հոլմսի արկածները» ժողովածուն: Այն բաղկացած է 12 ստեղծագործությունից: Առաջին՝ «Սկանդալը Բոհեմիայում» պատմվածքը տպագրվել է «Ստրենդ» ամսագրում 1891 թվականին: Գիրքը հրատարակվել է 1892 թվականին և համարվում է Հոլմսի մասին պատմվածքների առաջին հավաքածուն: Պատմությունները ժամանակագրական հերթականությամբ չեն ներկայացված, և, բացի Շերլոք Հոլմսից և բժիշկ Ուոթսոնից, բոլոր հերոսները տարբեր են:

Վեցերորդ հորիզոնականում է Հայաստանում բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներ ու պատումներ:

Յոթերորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

«Մանկական բեսթսելեր»-ի հաջորդ հորիզոնականում «Երեք խոզուկ+6 խճանկար» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:

«Շունն ու կատուն» գիրքը իններորդ հորիզոնականում է: Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:

Տասներորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում» գիրքը: Այս ուշագրավ հատորյակը ստեղծվել է Նյութ Սքամանդերի ուղևորությունների և տարիների հետազոտությունների արդյունքում: Գրքում նկարագրվում են ութսունհինգ արարածների սննդակարգը, բազմացումը և անհրաժեշտության դեպքում նրանցից պաշտպանվելու հնարավոր եղանակները:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս