Քաղաքացիներին հորդորում ենք գաղտնաբառը չպահել բանկային քարտի հետ. ոստիկանություն
Մարտի 20-ի երեկոյան ոստիկանության Բաղրամյանի բաժնում Արմավիրի մարզի Արտամետ գյուղի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ փետրվարի 28-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ պայմաններում կորցրած իր բանկային քարտից, որի հետ եղել էր նաև գաղտնաբառը, կանխիկացրել են 268.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ իրավապահները պարզեցին, որ անհայտ անձը բանկային քարտն օգտագործել է մարտի 8-ին և 15-ին. առաջին անգամ կանխիկացրել է 40.000, իսկ երկրորդ դեպքում` 228.000 դրամ:
Հետաքննություն իրականացնող մարմինը գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ հետախուզական միջոցառումներ ձեռնարկեց: Ոստիկանները նախ ճշտեցին, թե բանկի որ մասնաճուղից էր կանխիկացվել գումարը, ապա կանխիկացնողի արտաքին տվյալների մասին մոտավոր պատկերացում կազմելուց հետո պարզեցին նաև կասկածյալի ինքնությունը:
Ըստ ձեռք բերված տվյալների` գողությունը կատարել էր Արտամետ գյուղի 21-ամյա մի բնակիչ: Մարտի 25-ին, ժամը 13.30-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Բաղրամյանի բաժին:
Պարզվել է` 21-ամյա երիտասարդը մարտի 8-ին, օգտվելով տանտերերի բացակայությունից և դուռը բաց լինելու հանգամանքից, մտել էր համագյուղացու տուն, պահարանից գողացել բանկային քարտը, որին կցված էր եղել նաև գաղտնաբառը և բանկի Բաղրամյան գյուղի մասնաճյուղից գումար կանխիկացրել:
Բերման ենթարկվածը խոստովանել է կատարածը, նաև նշել, որ գումարը կանխիկացնելուց հետո քարտը նետել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ` բանկային քարտը հայտնաբերելու ուղղությամբ:
Հետաքննությունը շարունակվում է:
Իսկ մեր քաղաքացիներին հորդորում ենք նման հանցավոր ոտնձգություններից խուսափելու համար գաղտնաբառը չպահել բանկային քարտի հետ: