Որքանո՞վ է արդյունավետ «Հիդրոքսիլ քլորոքուին»-ի և «Ազիթրոմիցին»-ի կիրառումը կորոնավիրուսի բուժման համար․ պարզաբանում են մասնագետները
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ Հայաստանն արդեն 3 օր է, ինչ կորոնավիրուսով վարակված անձանց բուժման համար օգտագործում է «Հիդրոքսիլ քլորոքուին» դեղամիջոցը։
«Նախնական որոշում ունենք, որ «Հիդրոքսիլ քլորոքուին»-ը «Ազիթրոմիցին»-ի հետ տալու ենք այն բոլոր պացիենտներին, որոնք ունեն թոքաբորբ, և որոնք չունեն թոքաբորբ, բայց ունեն հարակից ռիսկի գործոն՝ ծանր քրոնիկ հիվանդություն»,- ասել է նախարարը։
Դեղամիջոցների մասին ավելի վաղ թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ««Հիդրոքսիլ» քլորոքուինը և «Ազիթրոմիցինը» միասին ռեալ շանս ունեն դառնալու բժշկության պատմության ամենամեծ ձեռքբերումներից մեկը: ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչությունը սարեր է շարժել, շնորհակալություն: Հուսով եմ, որ այս երկու դեղամիջոցներն էլ անհապաղ կօգտագործվեն: Մարդիկ մահանում են, պետք է արագ շարժվել, Աստված օրհնի բոլորին»,- գրել էր ԱՄՆ նախագահը:
Դրան հաջորդեց արևմտյան լրատվամիջոցների անդրադարձը դեղամիջոցների կիրառման բացասական հետևանքներին։ Եվ այսպես, BBC-ն գրել էր Արիզոնայում ապրող մի զույգի մասին, որոնք, ըստ լրատվամիջոցի՝ Թրամփի հայտարարությունից հետո ձեռք են բերել «Հիդրոքսիլ քլորոքուին» դեղամիջոցը և զբաղվել ինքնաբուժությամբ։ Արդյունքում՝ ամուսինը մահացել է, իսկ կինը լրատվամիջոցներին պատմել էր, թե ինչպես է եղել ամեն ինչ։
Արևմտյան լրատվամիջոցների կողմից սա նախագահ Թրամփի դեմ արշավի շրջանակներո՞ւմ է, թե՞ դեղամիջոցն իսկապես կարող է մահվան պատճառ դառնալ։ Մասնագետներից փորձեցինք պարզել, թե որքանո՞վ է արդյունավետ այս դեղամիջոցների կիրառումը կորոնավիրուսի բուժման համար։
168․am-ի հետ զրույցում Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանն ասաց, որ «Հիդրոքսիլ քլորոքուին»-ը նոր սերնդի քիմիական միացություն է, որն օգտագործվում է մալարիայի դեմ, իսկ ԱՄՆ-ում՝ նաև աուտոիմուն հիվանդությունների ժամանակ. «Այս պահին կա երկու հետազոտություն, որոնցում նշված միացությունը մեկ այլ դեղամիջոցի՝ «Ազիթրոմիցին» հակաբիոտիկի հետ միասին, օգտագործվել է բուժելու համար կորոնավիրուսով հիվանդ մարդկանց։ Հետազոտությունների փոքր խումբ մարդկանց վրա է արվել, ռանդոմացված չի եղել, հետևաբար՝ հնարավոր չէ նաև համեմատել ստուգիչ խմբի հետ։
Բացի այդ, դեռևս հստակ հայտնի չէ, թե ինչ մեխանիզմով են նշված միացություններն ազդում վիրուսի վրա։ Բնականաբար, կլինիկական հետազոտությունների բացակայության պայմաններում չի կարելի պնդել, որ այս դեղերի կոմբինացիան արդյունավետ և անվտանգ է, սակայն, մյուս կողմից էլ՝ այսօրվա առողջապահական ճգնաժամը ստիպում է բժիշկներին գնալ ծայրահեղ քայլերի՝ փրկելու համար մարդկանց կյանքերը։ Նման քայլերից մեկն էլ ձեր նշած դեղամիջոցի օգտագործումն է կորոնավիրուսի դեմ»։
Առողջապահական բավականին զարգացած համակարգ ունեցող Գերմանիայում ևս այս երկու դեղամիջոցներն օգտագործվում են կորոնավիրուսով հիվանդների բուժման համար։ Բժիշկ-արյունաբան, ուռուցքաբան, այժմ իր մասնագիտական գործունեությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ծավալող Տարոն Սարիբեկյանը 168․am-ի հետ զրույցում նշեց, որ Գերմանիայում փորձնական տարբերակով օգտագործվում են դեղամիջոցները, բայց հստակ որևէ բան ասել չի կարող, քանի որ տվյալներ դեռևս չկան։
«Այս դեղերով ինքնաբուժությամբ զբաղվելու դեպքում կարող է առաջանալ ռեզիստենտություն, խիստ վտանգավոր կողմնակի էֆեկտներ, ուստի դեղերը նշանակվում են միայն բժշկի կողմից։ Միայն այն հանգամանքը, որ այդ դեղերը դեռևս ազատ վաճառքում են, մեծ ռիսկեր է իր մեջ պարունակում։ Ծանր թոքաբորբի ժամանակ կիրառվում է նաև հակաբիոտիկաթերապիա, որովհետև վիրուսային թոքաբորբին միանում է բակտերիալ թոքաբորբը։ Եվ քանի որ «Հիդրոքսիլ քլորոմիցինը» և «Ազիթրոմիցին»-ը լայն սպեկտրի անտիբիոտիկներ են, կիրառվում են ծանր թոքաբորբերի ժամանակ։ Նոր կորոնավիրուսը լավ ուսումնասիրված չէ, բուժման հստակ ընթացակարգ չկա, բայց բժշկությանը միշտ հայտնի դեղեր, ուզած-չուզած, պետք է կիրառել։ Ուղղակի այս դեպքում արդյունավետությունը հետազոտված չէ»,- ասաց բժիշկ Տարոն Սարիբեկյանը։