«Իշխանության կողմից ընդունված ցանկացած որոշում մենք հարգելու ենք». Արայիկ Հարությունյանը` ընտրությունների հետաձգման մասին
Արցախում մարտի 31-ին սպասվող նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները հետաձգելու որոշումը կայացնելու իրավունքը տրված է իշխանությանը` հանձին Արցախի նախագահի:
Երեկ երեկոյան կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը` պատասխանելով 168.am-ի և մեկ այլ լրատվամիջոցի հարցին, թե վերջին շրջանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Արցախում և ՀՀ-ում ակտիվացել են արցախյան ընտրությունները չեղարկելու կամ հետաձգելու խոսակցությունները, արդյո՞ք դրանք տեղին են և ռիսկեր չե՞ն պարունակում:
«Նախագահն ինքը պիտի գնահատի իրավիճակը և որոշում կայացնի: Մենք ունենք ռեժիմներ` արտակարգ դրություն և ռազմական դրություն: Արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություններ օրենսդրորեն այսօր կա, որի պարագայում ընտրություններ չեն չեղարկվում, չեն հետաձգվում: Ես չեմ հասկանում` ինչի են շատ շահագրգռված, մանավանդ, որ տարածման վտանգը ոչ թե ընտրության օրն է, այլ քարոզարշավը, որն ավարտել ենք: Բարեբախտաբար, մինչև այս պահը կորոնավիրուսի դեպք չունենք մեր երկրում արձանագրված, և օր օրի խստացվում են պայմանները: Եվ կարծես թե մեր երկիրը ևս այսօր ապրում է արտակարգ իրավիճակներին բնորոշ կարգով, և կառավարությունն ամեն օր քայլեր անում է, ամեն օր խստացնում է:
Պետք է օգնենք կառավարությանը մեր ամենօրյա աշխատանքով: Եվ հենց դրա համար ես դադարեցրել եմ շփումները հասարակության հետ, մեծ հանդիպումները, որ չնպաստենք տարածմանը: Մենք պատրաստ ենք իշխանության և նախագահի կողմից ցանկացած որոշմանը, որ հարգենք և իրականացնենք: Բայց շատ ժամանակ ես տեսնում եմ հետին մտքեր, ոչ հստակ վերլուծություններ, մանավանդ, որ կա թեկնածու, որն առաջ հայտարարում էր, թե իրավունք չունենք հետաձգելու, իսկ հաջորդ օրն ինչ-ինչ պայմաններից ելնելով՝ հայտարարում է, որ անպայման պետք է հետաձգենք:
Ուզում եմ, որ չմոռանանք 1991-ի դեկտեմբերի 28-ի մեր ընտրության օրը, ես դիրքերում էի, ռազմական գործողություններ էին ընթանում Կրկժանում, և շատ բնակավայրերում հրթիռակոծություններ էին, բայց մենք ընտրություն ենք անցկացրել: Անհամեմատելի իրավիճակ է, չի կարելի համեմատել, այդ իրավունքը տրված է ձևավորված իշխանությանը: Իշխանության կողմից ընդունված ցանկացած որոշում մենք հարգելու ենք»,- շեշտեց Արցախի նախագահի թեկնածուն:
168.am-ի հաջորդ հարցին` անվտանգային և ռազմաքաղաքական ոլորտում ի՞նչ փոփոխություններ և վերանայումներ եք առաջարկում, երբ դեռ կա պատերազմական վիճակ, Արցախի խնդիր, որի հետ կապված՝ թեպետ նոր առաջարկների անհրաժեշտության մասին խոսվում է, բայց դրանք չեն արվում, այդ թվում` ՀՀ իշխանությունների կողմից, Արայիկ Հարությունյանը ՀՀ իշխանությունների վերաբերյալ մեր դիտարկմանն արձագանքեց անհամաձայնությամբ:
«Կարճ ժամանակահատվածում ՀՀ իշխանությունները բավականին մեծ փոփոխություններ են կատարել ընդհանուր բանակի և սպաների սոցիալական խնդիրների, սպառազինության ուղղությամբ: Ես կարող եմ ժամերով բացատրել, թե ինչ է փոխվել բանակում, և պատահական չէ, որ ես 2019-ը ներկայացրել եմ՝ որպես շրջադարձային տարի: Պրիմիտիվ բան ասեմ. առաջնագիծն ամբողջությամբ համարյա ապահովված է հոսող ջրով, դրա համար տասնամյակներ պայքարում էինք, երազում, այսօր կատարվել է:
Նույնը՝ սնունդի հետ կապված, աշխատավարձերի բարձրացումը շոշափելի է կատարվել: Իհարկե, այս վիճակը կարող է մի քիչ դանդաղեցնել այն քաղաքականությունը, որն իրականացնում են ՀՀ իշխանությունները` կապված աշխատավարձերի հետ, բայց համոզված եմ, որ շուտ ենք դուրս գալու, և շարունակական է լինելու: Իսկ սպառազինության մասով աննախադեպ էին գնումները, գոնե ես շատ լավ եմ հասկանում սպառազինությունից և չեմ ուզում հատ-հատ բացատրել, թե ինչ է ձեռք բերվել և ինչ է պատրաստվում ձեռք բերվել:
Այն ծրագիրը, որին ես տեղյակ եմ, ոչ միայն 3-4 տարվա ընթացքում վերականգնելու է հավասարակշռությունը թշնամու նկատմամբ` սպառազինության առումով, այլ ինչ-որ տեղ առաջ ենք ընկնելու: Թող հանգիստ լինեն, լավ տեմպերով է գնում, և մենք պետք է ողջունենք: Ողջունենք սպառազինության, բանակի ընդհանուր հագեցվածության աստիճանի բարձրացման քաղաքականությունը, որն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Միայն պետք է ողջունել, ես շատ հանգիստ եմ այս առումով»,- շեշտեց Արցախի նախկին վարչապետը:
Խոսելով հողեր հանձնել-չհանձնելուց՝ Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ, եթե ինքը դառնա Արցախի նախագահ, և հողեր հանձնելու միջազգային ճնշում լինի, իր արձագանքը լինելու է շատ կոշտ:
«Կոշտ դիմակայություն է լինելու, մենք հող չենք տալու: Մենք մեր տնտեսության հայեցակարգի հիմքում դնում ենք Արցախի ամբողջ տարածքը»,- ընդգծեց նա:
Մեր հարցին` եթե դուք ընտրվեք նախագահ, համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք մյուս թեկնածուների հետ` Վիտալի Բալասանյան, Մասիս Մայիլյան, Աշոտ Ղուլյան, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ պատրաստ է համագործակցել ոչ միայն նշված երեքի, այլ 13 թեկնածուների հետ:
«Համագործակցության եզրեր տեսնում եմ ոչ միայն 13 թեկնածուների, այլև 11 քաղաքական ուժերի և բոլոր մեր հայրենակիցների հետ: Ես մեր երկրում չունեմ թշնամի, մեր երկրում ինձ համար բոլորը բարեկամներ են` անկախ այս ժամանակահատվածում նրանց ցուցաբերած վարքագծից»,- պնդեց նա:
168.am-ի վերջին հարցադրմանը` թեպետ հարցը Ձեր մասնագիտական շրջանակում չէ, բայց քանի որ կորոնավիրուսի և դրա դեմ պատվաստանյութի ստեղծման թեման օրակարգային է, կուզեի լսել Ձեր կարծիքը` հայկական գիտական միտքն ի զորո՞ւ է նման վարակների դեմ պատվաստանյութեր մշակել, ինչո՞ւ ենք, առհասարակ, նման հարցերում պասիվ, արդյո՞ք խնդիրը միայն ֆինանսական է, Արայիկ Հարությունյանը կեսկատակ-կեսլուրջ արձագանքեց.
«Ղարաբաղցիները գիտեն այդ հարցի լուծումը, և ինչպես մենք ենք կատակում` դրա լուծումը թթի օղին է: Իսկ եթե լուրջ, ես չեմ կարող ասել` հայկական գիտական միտքն ի վիճակի՞ է լուծել այդ խնդիրը, թե՞ ոչ: Դժվար հարց է: Աշխարհի գիտական միտքն ի զորու չէ անգամ այսօր լուծել, ամբողջ գիտական աշխարհը փորձում է լուծում գտնել և դեռ, դժբախտաբար, չի գտել: Բայց, իհարկե, գիտությունը պետք է զարգանա»: