«Աշխարհն այսօր մեկ խնդիր է լուծում»․ Լուկիանով

«Հնարավոր չէ իրագործել քաղաքական և աշխարհաքաղաքական նպատակներ և թույլ չտալ վիրուսի տարածում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում առկա ներկայիս ռիսկերին։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն օրերս հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով կողմերին հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու իրենց հանձնառությանը և զերծ մնալ սադրիչ գործողություններից, որը ներկայում կարող է էլ ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում: Այս մասին գրված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:

«Հաշվի առնելով, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղված լինեն բացառապես վարակի տարածման դեմ պայքարին և դրանից տուժածների բուժմանը, կողմերին կոչ ենք անում հնարավորինս զսպվածություն ցուցաբերել լարվածության ռիսկը նվազեցնելու համար, այդ թվում՝ օգտագործելով գոյություն ունեցող կապի ուղիղ միջոցները:

Չնայած ուղևորությունների խիստ սահմանափակումներին՝ համանախագահներն առանց ընդմիջման շարունակելու են իրենց միջնորդական գործողությունները` կապի մեջ լինելով՝ ինչպես միմյանց, այնպես էլ՝ կողմերի հետ»,-ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարել էր, որ կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկման աշխատանքները ԼՂ հակամարտության գոտում:

Կասպրչիկի տարածած հայտարարությունում ասված էր, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած իրավիճակը հանգեցրել է տարածաշրջանում միջազգային սահմանների փակման և անձնական շփումների սահմանափակման:

«Հաշվի առնելով վերը նշվածը և խորհրդակցելով կողմերի հետ՝ մշտադիտարկման աշխատանքները կդադարեցվեն մինչև սահմանափակումների հանումը»,- ասել էր Կասպրչիկը:

Ֆյոդոր Լուկիանովի խոսքով՝ այս օրերին ուշագրավ է հետևել, թե ինչպես են զարգանում իրադարձություններն աշխարհում, ինչպես է Ռուսաստանն այս փուլում չեղարկում սահմանադրական փոփոխությունները, Հայաստանը՝ հանրաքվեն, Ֆրանսիան զորքերը դուրս բերում Իրաքից, ԱՄՆ-ը հրահանգում է երկրից դուրս գտնվող ռազմական առաքելություն իրականացնող պատվիրակություններին ինքնամեկուսանալ տեղերում, բոլոր երկրները կամ տեղում, կամ երկրի սահմաններից դուրս ունեն ռազմական խնդիրներ, օպերացիաներ, սակայն այս փուլում միտումն այն է, որ դրանք դադարեցվում են, քանի որ բոլոր երկրներն այս օրերին ունեն մեկ միասնական մարտահրավեր, և դա վիրուսի դեմ պայքարն է, սա համամարդկային պայքարի թիրախ է դարձել։ Նրա որակմամբ՝ այս խնդիրը գերակա է բոլոր խնդիրներից, և դա բնական է։

«Կարծում եմ՝ անվտանգության մասին որևէ երկիր չի մոռանում, հակամարտությունների մասին՝ ևս, սակայն աշխարհն այսօր մեկ խնդիր է լուծում, և դա պայքարն է կորոնավիրուսի դեմ, կա մեկ գերխնդիր՝ կանգնեցնել մարդկանց տեղաշարժը, նվազեցնել տարածումը, սպառնալիքը, և օր օրի գալիս է տեղեկատվություն, որը փաստում է, որ հակամարտությունների գոտում ևս իրավիճակները կանգնելու միտում ունեն»,- ասաց Լուկիանովը։

Նա դժվարանում է ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Հարավային Կովկասում։

«Ես ասացի ընդհանուր միտումը, որից, ամենայն հավանականությամբ, անմասն չի մնա տարածաշրջանը։ Դիտորդական առաքելության դադարեցումը ևս բնական է, քանի որ դիտորդների ժամանումը տարածաշրջան անհնար է, դա նաև անձնական անվտանգության և առողջության խնդիր է։ Կարծում եմ՝ այս իրավիճակում որևէ երկիր չի մտածում և չի կարող մտածել պատերազմելու մասին, քանի որ մարտահրավերի առջև են բոլոր երկրները, թե հակամարտող երկրները, թե միջնորդները»,- ասաց Լուկիանովը։

Նրա կարծիքով՝ աշխարհում որևէ պարագայում որևէ զարգացում չպետք է բացառել։ «Այդ պատճառով պետություններն ավելի մեծ զգոնությամբ են վերաբերվում ԶՈՒ-ի անվտանգությանը, կայունությանը և հատուկ միջոցառումներ իրականացնելու որոշումներ կայացնում, ինչպես Ֆրանսիան, ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ։ Սա նշանակում է, որ այս բաղադրիչը, անկախ ամեն ինչից, կարևոր է, հատկապես կարևոր է դեռևս չլուծված Ղարաբաղյան հակամարտության պարագայում, սակայն ես մի փոքր ավելի քիչ սպառնալիքներ եմ տեսնում, քան այլ դեպքերում, քանի որ բոլոր երկրները ներսում խնդիր են լուծում։ Ռուսաստանի օրինակով կարող եմ պարզաբանել, որ վերջին ամիսների ՌԴ քաղաքական վերնախավի գլխավոր խնդիրը սահմանադրական փոփոխություններն էին, իշխանության ապագա կառուցվածքը, սակայն դրանք հետաձգվեցին, քանի որ բնականոն կյանքի պարագայում հնարավոր չէ պայքարել այս վիրուսի դեմ, հնարավոր չէ իրագործել քաղաքական և աշխարհաքաղաքական նպատակներ և թույլ չտալ վիրուսի տարածում։ Նույնը վերաբերում է բոլոր երկրներին։ Աշխարհը անցումային փուլում էր, նոր աշխարհակարգի ձևավորման փուլում, և չի բացառվում, որ ներկայիս մարտահրավերը ևս ունենա դերակատարություն այդ փուլի ձևավորման հարցում։ Կարևոր կլինի, բնականաբար, այն, թե որ երկիրն ինչպես կհաղթահարի ներկայիս պրոցեսները»,- ասաց Լուկիանովը։

Տեսանյութեր

Լրահոս