Բաժիններ՝

Փաշինյանը «գցեց» տաքսիստներին

Մարտի 25-ի Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում չկան օրավարձով աշխատող մարդիկ, կան գրանցված և չգրանցված աշխատողներ, որոնցից նրանք, որոնք գրանցված են, այսօր՝ այս պայմաններում, կզգան իրենց կարգավիճակի առավելությունը:

Ի պատասխան Փաշինյանի այս հայտարարությանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը հիշեցրեց, որ ժամանակին տասնյակ հազարավոր մարդիկ հենց Նիկոլ Փաշինյանի կոչով էին դարձել վարձու աշխատողներ:

«Ձեր խոսքում հնչեց մի փոքր մեղադրական խոսք օրավարձով աշխատողների օրինական և անօրինական գործառույթների մասով: Պարզապես ես կուզեմ հիշեցնեմ, որ ժամանակին Ձեր կոչով և հորդորով, օրենքների ոչ լիակատար լինելու պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ դարձան օրավարձով աշխատողներ: Շեշտեմ՝ որ ոլորտներից. դա տաքսու ոլորտն էր, այն ոլորտը, որտեղ մարդիկ օրինական գրանցված աշխատում էին: Այդ ոլորտը ստացավ ազատականացում, և այսօր շեշտում եմ, որ այդ ժամանակ շատ սխալ որոշում կայացվեց: Հիմա՝ հարց Ձեզ, պարո՛ն վարչապետ, նույն այդ խումբը՝ վարորդները, ինչ պետք է անեն այսօր, ինչ պետք է անեն վաղը, եթե իրենց գործառույթը իրականացնում են տաքսու ոլորտում: Այսօր ի՞նչ պետք է անեն գոյատևելու և իրենց ընտանիքները պահելու համար: Ձեզանից կուզեի լսել նաև կոչ, որ մենք հասկանանք Ձեզ այնպես, ինչպես ժամանակին Ձեզ հասկացան այդ վարորդները»,-դիմելով Կառավարության ղեկավարին ասաց պատգամավորը:

Ի պատասխան Դալլաքյանի հարցադրմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իբր պատգամավորը սխալ է ասում, քանի որ ինքը նման կոչ չէր կարող անել և որևէ մեկին չէր կարող դրդել ապօրինի գործունեության:

«Ինչ վերաբերում է տաքսու վարորդներին, ապա նրանց մենք մի տարոց ավելի է ազատել ենք իրենց պարտադիր վճարներից, սակայն չենք ազատել լիցենզավորման վճարներից: Յուրաքանչյուր տաքսու վարորդ պարտավոր է ունենալ լիցենզիա, եթե չունի, ապա ինքը այդ գործունեությամբ չի զբաղվում: Իսկ ինչ վերաբերում է, թե ինչ անեն այսօր, անեն այն, ինչ անում են մյուս բոլոր քաղաքացիները՝ ենթարկվեն պարետի որոշումներին: Մենք տաքսու վարորդների համար 2019 թվականին ստեղծել ենք շատ մեծ հնարավորություններ՝ գումարներ աշխատելու: Բազմաթիվ մարդիկ, որոնք գրագետ են մոտեցել, գումար են ունեցել, և ես չեմ կարծում, որ մի շաբաթվա աշխատանքի սահմանափակումը պետք է էական ազդեցություն ունենա, եթե ունի էլ, ապա մենք վաղն ընդունում ենք փոքր և միջին ձեռնարկատերերին աջակցող ծրագիր, թող այդ ծրագրից օգտվեն, ովքեր չեն կարողանա օգտվեն՝ իրենց պրոբլեմն է, որովհետև իրենք պետք է լիցենզիա ունենային և ունենային որևէ իրավական կարգավիճակ: Խնդրում եմ՝ եկեք արձանագրենք, որ Ձեր ասածը իրականությանը չի համապատասխնում: Ես ասում եմ, որ մարդիկ պետք է գրանցված լինեն, ես խոսում էի չգրանցված աշխատողների մասին: Ճիշտ չեք ասում, որ ես կոչ եմ արել, որ մարդիկ գրանցված աշխատանքից տեղափոխվեն չգրանցված աշխատանքի»,- ասաց Փաշինյանը:

Արձագանքնելով Փաշինյանի պատասխանին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը նշեց, որ խոսքն այն մասին է, որ այն ժամանակ վարչապետի կոչը բերել է նրան, որ որևէ մեկը չի լիցենզավորվել:

«Ավելին՝ նրանց գործատուները, որոնք, ի դեպ, հարկատուներ էին, քաոսի մեջ էին հայտնվել, քաոս էր իրենց բիզնեսներում, որովհետև բոլոր այդ վարորդները դարձել են անհատներ, որոնք չլիցենզավորված էին: Այո, ես Ձեզ հետ համաձայն եմ, Դուք չեք ասել, որ գնան այնտեղ, բայց մարդիկ Ձեր կոչը ուրիշ ձև են հասկացել և չկար մեկը , որը կարող էր ասել, որ ինքը լիցենզավորված է»,-ասաց Դալլաքյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ իրենք սկսած օդանավակայանի տարածքից պարտադրելու են, որ բոլոր տաքսիները աշխատեն լիցենզիայի պայմաններին համապատասխան, որովհետև դա վերաբերում է մեր երկրի հեղինակությանը, որովհետև տաքսի ծառայությունները պետք է ունենան պատշաճ որակ:

«Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա մենք կայացրել ենք որոշում, որ սոցիալական աջակցություն լինի աշխատող մարդուն, և նրանք, ովքեր այդ սոցիալական աջակցության հնարավորությունը ճիշտ են օգտագործել և չեն մսխել, այսօր, կարծում եմ, որևէ խնդիր չեն ունենա մեկ շաբաթ կամ մեկ ամիս այդ սահմանափակումների պայմաններում դիմանալու: Նրանք, ովքեր խնդիր ունեն, նրանց համար մենք աջակցության փաթեթներ ենք ձևավորում: Բոլոր աշխատող մարդկանց մենք անպայման կաջկցենք»,-ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ 2019թ․ հունիսի 29-ից ուժի մեջ է մտել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը (25.06.19թ. ՀՕ-69-Ն), որի համաձայն՝ ուժը կորցրած է ճանաչվել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15.6-րդ կետը: Այսինքն՝ 2019 թվականի հունիսի 29-ից, ինչպես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, պետական տուրքի հաշվարկը դադարեցվել է, և ֆիզիկական անձինք մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզիայի համար պետական տուրք չեն վճարել: Ի դեպ, այս փոփոխությունների կապակցությամբ ահազանգեր էին հնչեցնում ոլորտի փորձագետները, թե այդ փոփոխություններն ինչի կարող են հանգեցնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս