Բաժիններ՝

«Կառավարությունը գաղտնի որոշում է ընդունել, որը հերթական խայծն է․ ճնշում են գյուղացուն»․ Հրաչ Բերբերյան

«Եզակի դեպքերից է, որ այս կառավարությունը փորձում է գյուղացուն օգնել։ Անտոկոս վարկ տրամադրելը հոյակապ է, եթե, իրոք, դրանք խոսքեր չեն և գյուղացուն կծառայեն։ Այսօր մենք էլ ենք պատրաստ միանալ այդ ծրագրին և կառավարությանն օգնել ամենաբարձր որակի ցորենի, կարտոֆիլի, սոխի սերմացու հասցնել հայ գյուղացուն»,- 168am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ բոլոր տեսակի նոր տրամադրվող գյուղատնտեսական վարկերի տոկոսները կառավարության կողմից կզրոյացվեն։

Ինչ վերաբերում է այս պահին գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին, նա ասաց, որ դեռ չի լուծվել Շիրակի մարզի ոռոգման ջրի հարցը․ «Բազմիցս պահանջել ենք վարչապետից պատժել այն մարդկանց, որոնք Արփի լիճը դատարկել են, բայց ոչ մի քայլ չարվեց։ Քրեական գործ պետք է հարուցվեր։ Կառավարությունն էլ գաղտնի որոշում է ընդունել, որ 2020թ․ հունվարի 1-ից էլ ֆերմերները չեն կարող իրենց համար սերմացու ձեռք բերել, այլ պետք է միջնորդ առևտրային կազմակերպություններից ձեռք բերեն։ Սա հերթական մի խայծ է, որ վաղն այդ ֆերմերը կդառնա առևտրային կազմակերպություն, որովհետև սերմի խնդիր ունեն ֆերմերային կոլեկտիվ տնտեսությունները։ Նախկինում միայն ֆերմերները կարող էին ներկրել։ Այսօր Շիրակի ֆերմերները բախվել են այդ խնդրի հետ, և հիմա ստիպված կանոնադրություն են փոխում, որ այդ սերմացուն ստանան։ Մի կողմից՝ գյուղատնտեսության զարգացման մասին են խոսում, մյուս կողմից՝ ճնշում են գյուղացուն»։

Հրաչ Բերբերյանը ճիշտ է համարում այն, որ կառավարությունն այլևս չի զբաղվում գյուղացուն  պարարտանյութ տրամադրելու հարցով․ «Կառավարությունն ի՞նչ գործ ունի՝ պարարտանյութով, թունաքիմիկատով կամ դիզվառելիքով զբաղվի: Պետք է ազատ վաճառք լինի, և սուբսիդավորումը կառավարությունը տա գյուղացուն, ոչ թե բանկերին։ Կտեսնենք, եթե գյուղացուն շատ են փորձում ճնշել՝ տարբեր օրենքներով, մենք էլ մեր խոսքը կասենք։ Արդեն գյուղացին էլ է հոգնել։ Հիմա կարտոֆիլի ցանքատարածությունները կպակասեն։ Իմիջիայլոց, երբ վարչապետը հարցրեց՝ մենք պարենային անվտանգությամբ ապահովվա՞ծ ենք, ի պատասխան՝ նրան խաբեցին՝ ասելով, թե 160 տոննա կարտոֆիլ ունենք։ Այդ կարտոֆիլը ներկրված է Բելառուսից, այն մեր հայրենականը չէ։ Հասանք նրան, որ սկսեցին կարտոֆիլ ներկրել, և սա այն հանրապետությունն էր, որն արտահանում էր։ Հացազգիների լուրջ ցանքատարածություններ ենք կորցրել, որի վերականգնելու միակ ձևը մենք գիտենք, եթե պետք է կօգնենք կառավարությանը, իհարկե, դատարկագլուխներին չենք օգնի, այլ կառավարության բանիմաց անդամներին, եթե նրանք կան»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս