Սահմանափակվում է ՀՀ ողջ տարածքում հանրային ծառայության իրականացումը
Կառավարության մամուլի կենտրոնում մեկնարկած ասուլիսում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանն անդրադարձավ պարետի այսօրվա որոշմանը, որով սահմանափակվում է նաև ՀՀ ողջ տարածքում հանրային ծառայության իրականացումը.
«Սա նշանակում է, որ հրահանգված է հանրային իշխանության բոլոր մարմինների գործունեությունը ծավալել հեռավար-առցանց՝ առանց այցելելու համապատասխան վարչական շենքեր: Սա նշանակում է, որ վարչական շենքում, նույն որոշման հիման վրա, անձինք իրավունք չունեն գտնվել, բացառությամբ դեպքերի, երբ տվյալ մարմնի ղեկավարը տվյալ մարմնի գործունեության առանձնահատկություններից ելնելով, որոշում է ընդունում, որ որոշակի քանակով մարդիկ պետք է այցելեն: Դա պարետի որոշմամբ կընդունի համապատասխան մարմնի ղեկավարը: Բացի այդ, չեն աշխատելու պետական մարմինների սպասարկման գրասենյակները. քաղաքացիները ծառայություններ ստանալու նպատակով չպետք է այցելեն պետական մարմիններ, եթե ծառայությունը կենսական նշանակություն ունի, այդ դեպքում հրահանգված է՝ պետական մարմինների ղեկավարները պետք է ապահովեն նվազագույն թվով աշխատակիցներ գրասենյակում և առավելագույնը՝ ծառայությունները մատուցեն առցանց»:
Քրմոյանը հավելեց նաև՝ որպեսզի քաղաքացիների անհետաձգելի կարիքներն անպատասխան չմնան, պետական մարմիններին հրահանգված է իրենց կայքերով-էջերով հրապարակել բոլոր կոնտակտները, որոնցով քաղաքացիները կարող են դիմել տվյալ պետական մարմնին:
Հիշեցնենք, որ Սուրեն Քրմոյանը անդրադարձել էր ՀՀ քաղաքացիների տեղաշարժի և հանրային ծառայությունների իրականացման նկատմամբ սահմանափակումներին, մասնավորապես` անձը հաստատող փաստաթղթով և տեղաշարժման թերթիկով տեղաշարժի արտոնությանը.
«Եթե այս տեղաշարժման թերթիկը չկա, ուրեմն ոստիկանները կիրառելու են օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ»:
Ըստ բանախոսի ՝մեր քաղաքացիները պետք է մնան տանը և միայն երեք դեպքում կարող են դուրս գալ.
«Եթե այն աշխատանքով են զբաղվում, որը թույլատրված է, եթե կենսական կարիքների համար դուրս են գալու մթերային շուկա և խանութ (մոտակա), եթե սպորտով զբաղվելու կարճ՝ օրեկան մի անգամ իր բնակվելու վայրի մոտակայքում՝ միշտ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և այս տեղաշարժման թերթիկը»:
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի, Hetq.am