Մենք ունենք բանակ և ոստիկանություն, որոնք կանգ առնել չեն կարող. Վիկտոր Ենգիբարյան

Եթե նախկինում ասում էին՝ «Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ՝ մեղրի մասին», ապա այսօր բոլորս պետք է խոսենք կորոնավիրուսի համաճարակի մասին, որն ամբողջ մոլորակում դարձել է լուրջ սպառնալիք:

Այսօր Ազգային ժողովում պատգամավորների հայտարարությունների ժամանակ այսպես սկսեց իր ելույթն  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

«Մեր կառավարությունը մեկ քայլ առաջ է գտնվում: Ես նայում էի եվրոպական երկրներից մեկում իրականացվող գործողությունները և տեսնում, որ մենք դրանք արել ենք դեռ մեկ շաբաթ առաջ, ուստի արածս միակ հետևությունն այն է, որ քաղաքացիները պետք է խստագույնս հետևեն կառավարության և պարետատան ցուցումներին»,- ասաց Ենգիբարյանը՝ ընդգծելով, որ, միևնույն ժամանակ, պետք է հասկանանք, որ մեր երկրում ամեն ինչ կանգ առնել չի կարող:

«Մենք ունենք բանակ, ոստիկանություն, պետական մարմիններ, և այդ ինստիտուտները կանգ առնել չեն կարող: Պետությունը պետք է շարունակի աշխատել։ Աշխատելու են նաև մթերային խանութները, ինչպես նաև ֆինանսական հատվածը»,- ասաց  պատգամավորը՝ նշելով, որ այսօր որևէ երկիր չկա, որը կարող է խոսել հակավիրուսի հայտնաբերման մասին, ուստի հորդորեց մեկ անգամ ևս խստագույնս պահպանել պարետատան և կառավարության տված ցուցումները:

Տեսանյութեր

Լրահոս