Բաժիններ՝

Երկու թիվ ասելու համար` այս պայմաններում գրավոր հարցո՞ւմ…

Փաստաբան Հայկ Ալումյանն այսօր առավոտյան դիմել էր լրագրողներին` խնդրելով պաշտոնական աղբյուրներից ճշտել, թե «ՀՀ քրեակատարողական համակարգում քանի ծառայող, ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալ և կալանավորված անձ են հանձնել կորոնավիրուսի թեստ, և ինչ արդյունքներ են գրանցվել»:

168.am-ը փորձեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից ստանալ հարցի պատասխանը: Բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեզ հորդորեց հարցի պատասխանը ստանալու համար  գրավոր հարցում ուղարկել [email protected] հասցեին:

«Բանավոր չեմ կարող պատասխանել, խնդրում եմ, գրավոր հարցում ուղարկիր»,- ասաց նա:

Կորոնավիրուսային համավարակի հետ կապված այս պայմաններում, երբ ողջ օրը իշխանությունները հորդորում են տանը մնալ, և լրատվամիջոցներն էլ հիմնականում տանից են աշխատում` փորձելով խուսափել բազմամարդ շփումներից ու թեթևացնել կառավարության հոգսը, լրագրողին ՔԿԾ խոսնակը խնդրում է հարցումը գրավոր ուղարկել` լավ իմանալով, որ այս պահին գրավոր հարցում ուղարկելու պարզապես տեխնիկական տարրական հնարավորություններ չկան:

Մի՞թե դժվար է մի քանի թիվ ներկայացնել: Եթե  ինչ-որ բան արվել է, ուրեմն պետք է տվյալներ լինեն: Ամեն դեպքում՝ առաջին իսկ հնարավորության դեպքում մենք հարցումը կուղարկենք, բայց կրկնում ենք, այս ֆորսմաժորային պայմաններում երկու թիվ ներկայացնելու համար գրավոր հարցում պահանջելն առնվազն իրավիճակի մասին տարրական պատկերացում չունենալու մասին է խոսում:

Մենք կրկին փորձեցինք կապ հաստատել ՔԿԾ խոսնակի հետ, բացատրել նրան, որ տնից աշխատելու պարագայում մենք չենք կարող պատշաճ գրավոր հարցում ուղարկել, սակայն նա պնդեց, որ չի կարող մեր հարցին բանավոր պատասխանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս