«Դա սկզբից ես եմ ասել, Գագիկ Ծառուկյանը չի ասել… Տարբերությունն այն է, որ ես չունեմ հազարավոր աշխատակիցներ, բայց Ծառուկյանն ունի». Մարուքյան
«Ես հայտարարել եմ, որ բոլոր այն ոլորտների աշխատանքները, որոնք դադարեցվել են պետւթյան միջամտությամբ, պետությունը նրանց պետք է աջակցի»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությանը, որ չի պատրաստվում վճարել աշխատակիցների աշխատավարձը, քանի որ պետությունն է դադարեցրել նրանց գործունեությունը, պետությունն էլ թող վճարի:
Հարցին՝ այսինքն կիսո՞ւմ է Գագիկ Ծառուկյանի կարծիքը, Էդմոն Մարուքյանը հարցով պատասխանեց. «Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ կիսում եմ այդ կարծիքը, դա սկզբից ես եմ ասել, Գագիկ Ծառուկյանը չի ասել, ինձանից հետո է նա ասել, բայց տարբերությունն այն է, որ ես չունեմ հազարավոր աշխատակիցներ, բայց նա ունի»:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Երևանի երկու արտադրամասում ևս կորոնավիրուսի դեպք է հայտնաբերվել, սակայն չի նշել, թե կոնկրետ որ արտադրամասում է, Էդմոն Մարուքյանը նշեց, որ տեղեկատվությունը հնարավորինս պետք է թափանցիկ լինի:
«Որքան մենք ասենք, որ ամեն ինչ նորմալ է, պետք չէ անհանգստանալ, այնքան վարակը տարածվելու է, ամեն ինչին պետք է լուրջ վերաբերվել»,- շեշտեց Է. Մարուքյանը:
Հարցին՝ այս ամենը հաշվի առնելով՝ կարելի՞ է եզրակացնել, որ իշխանությունը պատշաճ գործողություններ չի իրականացնում վարակը կանխարգելելու համար, Էդմոն Մարուքյանը պատասխանեց.
«Ժամանակը կգա, մենք դրա մասին կխոսենք, կարծում եմ՝ այս ամենին պետք է լրջություն հաղորդել, և այն առաջարկը, որը եղավ իմ առաջարկի վերաբերյալ, խոսում էր այն մասին, որ այս ամենին մենք ուղղակի անլուրջ ենք վերաբերվում: Անիմաստ հերոսանալու կոչերն ուղղակի անլուրջ էին»: