«Բարսելոնան» կարող է ներառել Դեմբելեին Լաուտարոյի գործարքում. «Ինտերը» դեմ չէ
«Բարսելոնան» կարող է ներառել կիսապաշտպան Ուսման Դեմբելեին «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործարքի մեջ: Ըստ Mundo Deportivo-ի՝ «Ինտերը» քննարկում է «Բարսելոնայի» մի քանի խաղացողների տրանսֆերի մեջ ընդգրկելու տարբերակը:
Նախկինում նշվում էր, որ կատալոնական ակումբից պայմանագրում կարող են ընդգրկվել կիսապաշտպաններ Արթուրո Վիդալը, Իվան Ռակիտիչը, Արթուրը, Կառլես Ալենյան, ինչպես նաև պաշտպաններ Նելսոն Սեմեդան և Ժան-Կլեր Տոդիբոն:
«Ինտերը» դեմ չէ Դեմբելեի տեղափոխությանը՝ Լաուտարոյի տրանսֆերի շրջանակներում:
«Բարսելոնան» վստահ չէ, որ Դեմբելեն կկարողանա խաղային պրակտիկա ձեռք բերել՝ հաշվի առնելով Նեյմարի հնարավոր տեղափոխությունները ՊՍԺ-ից և Լաուտարոյինը՝ «Ինտերից»։ Ինչպես նաև թիմում են Անտուան Գրիզմանը, Մարտին Բրայթվեյթը և Անսու Ֆաթին: Հետևաբար՝ ակումբը չի բացառում Դեմբելեին հեռանալու հնարավորությունը:
«Բարսելոնան» կարծում է, որ Դեմբելեի ընդգրկումը Լաուտարոյի գործարքում թույլ կտա փոխհատուցել ֆրանսիացու ձեռքբերման համար ծախսված միջոցների մի մասը:
Կիսապաշտպանը հնարավորություն կստանա խաղալ ակումբում, որտեղ թիմը կկառուցվի իր շուրջ: Համարվում է, որ «Ինտերում» Դեմբելեն կկարողանա վերականգնել իր լավագույն մարզավիճակը:
Հիշեցնենք, որ Դեմբելեն ապաքինվում է աջ ազդրի վնասվածքից: Նա փետրվարին ենթարկվել է վիրահատության, և, նախնական գնահատականների համաձայն՝ բաց է թողնելու մոտ 6 ամիս:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը թիմում ապագա չի տեսնում Դեմբելեի համար:
Այս մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը Լա Լիգայում անցկացրել է 5 հանդիպում և խփել է մեկ գոլ:
Սիրարփի Աղաբաբյան