Ի՞նչ փաստաթուղթ է ՀՅԴ-ն փոխանցել կառավարությանը․ պարզաբանում է Իշխան Սաղաթելյանը
«ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերը պատրաստել են առաջարկություններ, ձեռնարկվելիք քայլեր, որը փոխանցել ենք կառավարությանը։ Դրա մասին այսօր պարզաբանումներ կտանք, նաև կհրապարակենք այդ փաստաթուղթը։ Այդտեղ որևէ գաղտնի բան չկա»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ News.am-ը գրել էր, որ երեկ գիշեր Նիկոլ Փաշինյանի անակնկալ լայվը «շատ կարևոր հայտարարություն» անելու վերաբերյալ ուներ իր պատճառները։
«Պարզվում է, դրանից մի քանի ժամ առաջ Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը կառավարությանն է ներկայացրել մի ծավալուն գաղտնի ծրագիր արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա գործողությունների վերաբերյալ։ Եվ Նիկոլ Փաշինյանն այդ կերպ փորձում էր «խստացումների» մասին լայվով մեկ քայլ առաջ ընկնել»,- գրել է կայքը։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ երեկ կառավարությանը ներկայացվել է մոտ 10 էջանոց ծավալուն փաստաթուղթ, որտեղ կան հստակ գործողություններ՝ բոլոր ոլորտներում․ «Այնտեղ ներառված են բոլոր ոլորտները, միայն արտակարգ դրության պայմանների խստացման մասին չէ։ Այսօր հավանավար լայվով պարզաբանումներ կտանք՝ ինչի մասին է խոսքը, նաև՝ կհրապարակենք»։
Մեր զրուցակիցը ճիշտ չհամարեց մեկնաբանել կամ ներկայացված փաստաթղթով պայմանավորել Նիկոլ Փաշինյանի գիշերվա ուղիղ եթերը․ «Մենք մեր պարտքն ենք համարել մեր մասնագիտական աջակցությունը տալ»։
Հարցին՝ նման փաստաթուղթ կազմելու պատճառը ո՞րն էր, արտակարգ դրության պայմաններում իշխանության կողմից կատարվող գործողություննե՞րը չէին գոհացնում, նա պատասխանեց․ «Այն, որ մենք կատարվող քայլերը համարում ենք՝ ոչ բավարար, դա ակնհայտ է, բայց այսօր դրա մասին խոսելու ժամանակը չէ։ Դրա համար շեշտը դրել ենք ոչ թե քննադատությունների վրա, որ՝ այս չեք անում, այն չեք անում, այլ առաջարկություններ ենք ներկայացրել, թե մեր կարծիքով՝ ինչ կարելի է անել։ Արդեն իրենք թող որոշեն՝ ինչից կօգտվեն, ինչից՝ ոչ»։