ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգ է Թուրքիայում լրագրողների ձերբակալության վերջին դեպքերով
Զանգվածային լրատվության միջոցներով ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը մտահոգություն է հայտնել Թուրքիայում լրագրողների ձերբակալության վերջին դեպքերի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Խոսքը Թուրքիայի Բարթըն շրջանում հրապարակային գործունեություն ծավալող «Ժողովուրդ» (Halk) և «Կողմնացույց» (Pusula) թերթի 7 լրագրողի, այդ թվում թերթի հիմնադրի և խմբագրի մասին է, որոնք ձերբակալվել էին կորոնավիրուսի համավարակի թեմայով տեղեկություն լուսաբանելու պատճառով։
Դեզիրը թեմայի շուրջ նշել է․ «Ճգնաժամային իրավիճակում լրատվամիջոցները շատ կարևոր դեր են խաղում։ Հանրությանը կարևոր տեղեկություններ են հաղորդում, պայքարում կեղծ լուրերի տարածման դեմ և համավարակի մասին հանրօգուտ հարցերի շուրջ տեղեկույթ տրամադրում»։
Դեզիրը ԵԱՀԿ անդամ պետություններին ցանկացել է հիշեցնել, որ կորոնավիրուսի դեմ իրականցվող ցանկացած հրատապ միջոցառում պետք է լինի համաչափ և խտրականությունից զերծ։
Նշենք, որ ձերբակալված լրագրոներն արդեն ազատ են արձակվել։