«Եթե այսօր «Շանգրիլան» չի աշխատում, ուրեմն պետությունը դրա հարկերը պետք է տա, ժողովրդի աշխատավարձն էլ՝ հետը». Գագիկ Ծառուկյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ Աբովյան-Երևան անվճար երթուղայինները գործում են։
Ինչ վերաբերում է այս օրերին հասարակության վարքագծին, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ այժմ բոլորը պետք է մեկ լինեն և միասնական։
«Մենք պետք է կարողանանք կարգ ու կանոնը պահպանել, եթե մարդը տեսնում է, որ գրիպ ունի, առաջին քայլը պետք է ինքը կատարի։ Բացի այդ, այսօր Ազգային ժողովում օրենք ընդունվեց, որ, եթե մարդը գիտի, որ վիրուսը կա, և նա մտածված այս վիրուսը տարածում է, նա պետք է պատասխանատվության ենթարկվի, խստացումները ողջունելի է»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ այսօր ժամանակը չէ քննադատել կանխարգելիչ գործողությունների իրականացման որակը, երբ ամեն ինչ ավարտվի, այս հարցին անպայման կանդրադառնա։
«Այսօրվա վիճակով իսկապես տնտեսական ճգնաժամ է ամբողջ աշխարհում, բայց Ծառուկյանը երկու ամիս առաջ ձեզ ասել էր, որ նախանշաններ կան տնտեսական ճգնաժամի, որ քայլեր, աշխատանքներ պետք է կատարվեն, որպեսզի փակուղու առաջ չկանգնենք: Եթե Ծառուկյանի խոսքերը լսեին, նախապատրաստական աշխատանքներ տաներին, ապա այսպես չէր լինի։ Բայց կրկնում եմ՝ այսօրվա դրությամբ ես չեմ ուզում մեղադրել որևէ նախարարի, որ այս կամ այն գործը ճիշտ չեն արել, այսօր սա բոլորիս խնդիրն է, և մենք միասնական պետք է փորձենք այս իրավիճակից դուրս գալ»,- շեշտեց Գագիկ Ծառուկյանը։
Լրագրողի հարցին՝ ինքն ի՞նչ է արել, ի՞նչ քայլեր է ձեռնարկել, Ծառուկյանը պատասխանեց, որ ինքը ո՛չ Կառավարություն է, ո՛չ պետություն:
«Այսօր արտակարգ իրավիճակ է, և մենք լիարժեք ենթարկվում ենք այդ վիճակին, եթե այսօր Ծառուկյանը լիարժեք այդ իրավասությունն ունենար, ապա այնպես կաներ, որ անմիջապես այս բոլորը կավարտվեր։ Հիմա Բելառուսիան միակ երկիրն է, որտեղ բոլոր գործարաններն աշխատում են, օդանավակայանը բաց է, բոլորն աշխատում են։ Չեմ ուզում այսօր անհատական որևէ մեկի վրա ցեխ շպրտել։ Եթե արտակարգ իրավիճակ է, ինչպե՞ս իմ աշխատողներն աշխատեն, ինչո՞ւ ես պետք է վճարեմ, պետությունը հայտարարել է արտակարգ իրավիճակ, նա այսօր որպես ընտանիքի հայր է և պարտավոր է իր ժողովրդին, ով չի աշխատում, գումարներ տրամադրի։ Եթե արտակարգ իրավիճակի որոշողը պարոն Ծառուկյանը լիներ, ապա այնպես կաներ, որ ամեն ինչ իր տեղում լիներ։ Եթե այսօր «Շանգրիլան» չի աշխատում, ուրեմն պետությունը դրա հարկերը պետք է տա, ժողովրդի աշխատավարձն էլ՝ հետը, այդ խաղատան ղեկավարն արտասահմանցի է, ես միայն փայատեր եմ»,- շեշտեց Գագիկ Ծառուկյանը։