«Պետք է փոխել մոտեցումը և, խուճապի տարածումը կանխելու փոխարեն՝ փորձել կանխել վարակի տարածումը». Աղասի Ենոքյան
Արտակարգ դրության ժամանակ մամուլի սահմանափակումների վերաբերյալ երեկ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ քննարկում ծավալվեց, և արդարադատության փոխնախարարն ասաց, որ, եթե լրատվամիջոցը կասկած ունի՝ այս կամ այն տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել, կամ կարո՞ղ է հրապարակել այն, թե՞ ոչ, ապա թող խորհրդակցի պարետի հետ:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ արտակարգ դրության պայմաններում, կարծես թե, իշխանությունները լուծում են մեկ կարևոր խնդիր՝ թույլ չտալ խուճապի տարածում․
«Դա կարևոր խնդիր է, բայց շատ ավելի կարևոր է վարակի տարածումը թույլ չտալը, այս կարանտինի, մեկուսացման, ինքնամեկուսացման քաղաքականությունը հստակ հիմքերի վրա դնելը։ Իսկ այն, որ խուճապ թույլ չտալու համար իշխանությունները փորձում են հաստատել տեղեկատվության տարածման մոնոպոլիա, սա տվյալ դեպքում վտանգավոր է այն առումով, որ իշխանությունները շատ հաճախ տալիս են իրար հակասող տեղեկատվություն, սխալ տեղեկատվություն, և մարդիկ տեսնում են, որ կան նաև այլ ինֆորմացիաներ, և դրանով իսկ այդ տեղեկատվությունը տարածող մոնոպոլիստի տարածած լուրերը մեծ կասկածի առիթ են տալիս, ինչը շատ դեպքերում, հնարավոր է՝ ավելի մեծացնի խուճապը»։
Ավելին, ըստ Աղասի Ենոքյանի՝ իշխանությունները չունեն բավականաչափ ռեսուրսներ, որպեսզի կարողանան ընտրել, թե որ լուրերն են ճշմարիտ, որոնք՝ ոչ․ «Դրան գումարած՝ իշխանությունները չունեն իրական սահմանադրական գործիքներ, որոնցով կարողանան իրենց որոշումները գործարկել ամբողջ ՀՀ տարածքում։ Դրա պատճառով ստացվում է ընտրողական վերաբերմունք, ընտրողական լուրեր են սահմանափակվում և ընտրողական լրատվամիջոցներ։ Երևի թե շատ ավելի լուրջ է պետք մոտենալ այս ամեն ինչին և փորձել փոխել ողջ մոտեցումը, այսինքն՝ խուճապի տարածումը կանխելու փոխարեն՝ փորձել կանխել վարակի տարածումը»։