«Կարող են բնական բողոքներ առաջանալ, որ Հայաստանում սահմանափակվում է խոսքի ազատությունը, ընդ որում՝ անպատեհ մասշտաբներով»․ Բորիս Նավասարդյան
Լրագրողական կազմակերպություններն օրերս կոչով դիմել էին ՀՀ կառավարությանը և պարետին, որպեսզի անհապաղ ուժը կորցրած ճանաչվեն ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին 2020թ. մարտի 16-ի Կառավարության N 298–Ն որոշման 23, 24, 25 և 26 կետերը և մշակվի տեղեկատվության տարածման ռեժիմը սահմանող նոր կարգավորում, «որն այս բարդ իրավիճակում կհստակեցնի հնարավոր սահմանափակումները, կնպաստի լրատվամիջոցների կողմից մասնագիտական պատասխանատվության նորմերին հավատարմությանը և կապահովի պաշտոնական կառույցների և լրատվամիջոցների միջև արդյունավետ և հանրօգուտ գործընկերությունը»։
Լրագրողական կազմակերպությունները պատրաստակամությունն են հայտնել աջակցել նման փաստաթղթի մշակման աշխատանքներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Ժուռնալիստների միությունը և 3 տասնյակից ավելի խմբագիրներ էին պարզաբանումներ խնդրել գլխավոր պարետ Տիգրան Ավինյանից։
168․am-ի հետ զրույցում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հույս հայտնեց, որ կվերանայվեն այն սահմանափակումները, որոնք նախատեսված են լրատվամիջոցների համար։
«Այդ սահմանափակումներն արդյունավետ չեն և որևէ կերպ չեն պաշտպանում իրական տեղեկատվական վտանգներից, իսկ լրատվամիջոցների, լրագրողների և ընդհանրապես ցանկացած տեղեկություն տարածողների համար դրանք անիմաստ սահմանափակումներ են, որոնք բնակչության իրազեկմանը հաստատ չեն նպաստում»,- ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահը։
Նրա գնահատմամբ՝ պարզ է, որ պարետատունը չի կարող վերահսկել բոլոր տեղեկատվական հոսքերը։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ որևէ օրինաչափություն լրատվամիջոցների նկատմամբ ընտրողական մոտեցման առումով առայժմ չի արձանագրել.
«Եթե մենք պայմանականորեն լրատվամիջոցները բաժանենք այն ճամբարին, որը, այսպես ասած, հաճելի չէ իշխանությունների համար, և որը հաճելի է, ես չէի ասի, որ առաջինների նկատմամբ ավելի խիստ վերաբերմունք կա»։
Բորիս Նավասարդյանն ընդգծեց՝ բացարձակապես հասկանալի չեն «խուճապի» վերաբերյալ մոտեցումները. «Եթե նման բարդ խնդիր էին դնում իրենց առջև կառավարությունը և պարետատունը, որպեսզի կարողանան նույնականացնել՝ որ դեպքում է խուճապ առաջացնում, որ դեպքում՝ ոչ, շատ հստակ սահմանումներ պետք է մշակեին, որն արված չի եղել։ Բայց է՛լ ավելի ինձ մտահոգում է՝ ո՞ր մարմինն է որոշում՝ արդյոք այս կամ այն տեղեկությունն առաջացնո՞ւմ է խուճապ, թե՞ ոչ։ Այդ մարմնի մասին կառավարության որոշման մեջ որևէ բան չկա, իսկ փաստորեն, օպերատիվ գործողություններն իրականացնում է Ոստիկանությունը, ինչից կարող ենք եզրակացնել, որ Ոստիկանությունն է որոշում՝ արդյոք խուճապ առաջացնո՞ւմ են լուրերը, թե՞ ոչ, այն դեպքում, որ չեմ կարծում, թե Ոստիկանությունն այդ առումով կոմպետենտ մարմին կարելի է համարել։
Ես ենթադրում եմ, որ որևէ այլ տեղ է որոշվում, բայց դա հանրությանը չի ներկայացվում, ինչը, բնականաբար, մտահոգիչ է և կարող է բնական բողոքներ առաջացնել, որ այդ ընտրողական մոտեցումը բերում է նրան, որ Հայաստանում սահմանափակվում է խոսքի ազատությունը, ընդ որում՝ սահմանափակվում է անպատեհ մասշտաբներով»։
Դիտարկմանը՝ ասում են, որ պարետատունն է որոշում կայացնողը, Բորիս Նավասարդյանն այսպես արձագանքեց.
«Պարետատունն ո՞վ է, մենք պարետատան անունից գործող բազմաթիվ կառույցներ կարող ենք ունենալ, որոնց գործունեությունը պետք է որ կարգավորվի պարետի կողմից, սակայն այդ մարմինների թվարկումը և, թե որ մարմինն ինչ ֆունկցիա և լիազորություններ ունի, մենք չգիտենք։ Դա, բնականաբար, առաջացնում է հարցեր և մտահոգություններ, որ այս բոլոր պրոցեսներն անհասկանալի խողովակներով են տեղի ունենում, և եթե հետագայում, Աստված տա, արագ ավարտվի այս ամբողջ իրավիճակը և չեղարկվի արտակարգ դրությունը, ցանկացած որոշում բողոքարկելու առումով, այդ թվում նաև՝ լրատվամիջոցների կողմից, հասցեն կարող է պարզ չլինել։
Տարբեր, այսպես ասած՝ օրինազանցություն ցույց տվող անձինք և կառույցները չեն հայտնաբերվի, ինչը, բնականաբար, լրացուցիչ մտահոգություններ է առաջացնում»։