Մենք և մեր ուղին

«Ականված է հին աշխարհըԶարհուրելի են ցնցումները կյանքի բոլոր մարզերում: Ճգնաժամ են անցկացնում պետություն, տնտեսություն, կրոն, փիլիսոփայություն: Վերաքննության են դրված կյանքի բոլոր պրոբլեմներըԱյլևս բեկվել է պատմության զարգացման գիծը, և սկսվել է սուր անկյունադարձըԱմենուրեքԱրևելքում թե Արևմուտքում, հին թե նոր աշխարհումգալիքի ահավորությունից խթանված՝ վերածնվում, հոգեպես երիտասարդանում են հին ժողովուրդները, ակտիվանում՝ երիտասարդները»:

Գ. Նժդեհ

Չնայած մեր պատմական գիտության բազմադարյան ավանդույթներին և բարձր մակարդակին, վերջին տարիներին ոչ միշտ է պատշաճ ուշադրություն դարձվում Հայաստանի պատմության համեմատական վերլուծությանը: Այս հանգամանքը, ինչպես նաև ազգային-պետական քարոզչության բացակայությունը, հանգեցրել են այն պատրանքի առաջացմանը, ըստ որի՝ մեր պատմությունը կազմված է բացառապես դավաճանություններից, երկպառակություններից, պարտություններից:
Մենք ամենևին էլ չենք պատրաստվում բացարձակացնել մեր պատմությունը: Այնտեղ կա այն ամենը, ինչն առարկայորեն լինելու է ցանկացած ժողովրդի պատմության մեջ. հաղթանակներ ու պարտություններ, հավատարմություն և դավաճանություն: Ճիշտ է, չեն եղել որոշ իրողություններ, որոնք եղել են ուրիշների մոտ: Օրինակ, կաթոլիկների և բողոքականների միջև 1582-1584թթ. մղված, այսպես կոչված, Քյոլնյան պատերազմից հետո, Գերմանիայով մեկ տարածվեց կրոնական բախումների մի ամբողջ շարք, որի ընթացքում Պապի և Լյութերի հետևորդները հետևողականորեն ոչնչացնում էին միմյանց: Ավելին՝ բողոքականների «կուսակցությունը» կազմող լյութերականներն ու կալվինականները, կաթոլիկների հետ մարտերի ընդմիջումներում, անգործ չէին մնում, այլ՝ եռանդով բանավիճում էին աստվածաբանական նուրբ թեմաների շուրջ և ծեծում իրար մինչև վերջին շունչը: Այս օրինակը մենք բերեցինք ոչ նրա համար, որ նսեմացնենք ուրիշի պատմությունը, թեև պատմությունից շատ թե քիչ տեղյակ մեկը կմատնանշի, որ Հայաստանի պատմության մեջ այդպիսի անհեթեթություն չի եղել և չէր էլ կարող լինել: Ինչևէ, ցանկացած ժողովրդի պատմություն, և ոչ վերջին հերթին գերմանականը, արժանի է հարգանքի և ուսանելի է:

Մոտավորապես մեկուկես դար առաջ, Ղրիմյան արշավանքի ժամանակ, անգլիական ազնվականության ընտրանուց կազմված 9 հեծելազորային վաշտեր՝ լորդ Կարդիգանի գլխավորությամբ, ենթարկվելով բանակի հրամանատարի անմիտ հրամանին, առանց երկար մտածելու՝ նետվեցին գրոհի ուղիղ ռուսական զորքերի կազմած «պայտի» մեջ: Սկզբում ռուսները հակառակորդի այդ հիմարությունից ապշեցին, բայց հետո կրակ բացեցին, և հարձակվողները ոչնչացվեցին: Այս դեպքը պատմության մեջ ստացավ «թեթև հեծելազորի հարձակում» վարկաբեկիչ անվանումը: Բայց բրիտանական բարձր հասարակությունը, պահպանելով ազգային շահերը, ձգտեց շուտ մոռանալ հրամանատարության այդ սխալը, և հետագայում էլ Բրիտանիայում այդ թեմային անդրադառնում էին միայն ազնվականության կարգապահության և հերոսության ենթատեքստում:

Երկրորդ պատրանքը, որ այժմ ջանասիրությամբ արմատավորվում է մեզ մոտ՝ պետական մտածողության բացակայությունն է, սեփական երկիրն ինքնուրույն և հաջողությամբ կառավարելու անկարողությունը: Նախ նկատենք, որ պետականության հիմնական խնդիրներից մեկը հանդիսանում է ժողովրդի ինքնության և նրա հոգևոր, մշակութային և նյութական արժեքներ ստեղծելու կարողության պահպանումը: Հայաստանը միշտ գտնվել է ագրեսիվ երկրների շահերի խաչմերուկում, և առանց բարձր հոգևոր ու քաղաքական կրթվածության՝ մենք վաղուց անհետացած կլինեինք: Մեր կրոնական և քաղաքական գործիչներին, ժողովրդի հետ միասին, հաջողվեց պաշտպանել թե՛ սեփական ինքնությունն ու ստեղծագործական կորովը, թե՛, ի տարբերություն իսրայելցիների, Հայրենիքը: Եթե հայկական պետականության պատմությանը նայենք հատկապես այս հարթությունում, ապա կտեսնենք, որ Հայաստանը՝ որպես ինքնիշխան քաղաքակրթական միավոր, անընդմեջ գոյություն ունի շատ դարերի ընթացքում:

* * *

Միևնույն ժամանակ, Երրորդ Հանրապետության պետական շինարարությանն ուղեկցում են ակնհայտ անհաջողություններ: Մասնավորապես, պետական կառուցվածքի հարցի քննարկման ժամանակ մեզանում, որպես կանոն, հիմնվում են եվրոպական կամ ամերիկյան փորձի վրա: Դա, իհարկե, օգտակար է. ուրիշի փորձն արժե ուսումնասիրել: Արևմուտքը ստեղծել է պետության և դեմոկրատիայի սեփական մոդելը: Բայց ոչ մի հասարակական համակարգ չի կարող հավակնել համընդհանրության և կատարելության: Բացի այդ, արևմտյան մոդելը, հատկապես նրա այժմյան բացարձակացման դեպքում, արդեն ցուցաբերում է դեգրադացիային բնորոշ նշաններ, որոնք մեզ ծանոթ են «զարգացած սոցիալիզմի» ժամանակներից: Դրա հետ մեկտեղ, այդ համակարգը հանդիսանում է արևմտյան երկրների պատմության բնական պրոյեկցիան: Այն ստեղծվել է արևմտյան հասարակության բարոյական, տնտեսական և այլ չափանիշերի համաձայն և շատ բանով համապատասխանում է արևմտյան մարդու հոգեմտավոր բնութագրին: Շնորհիվ այդ համապատասխանության է ձեռք բերվում այն արդյունավետությունն ու դինամիկությունը, որոնցով իրավացիորեն հպարտանում է արևմտյան աշխարհը:

Բայց եթե «սառը պատերազմը» վերջանար «սովետների» հաղթանակով, և ամերիկացիներին սկսեին պարտադրել կոմունիստական կառավարման համակարգը, ապա նրանք արագորեն կթոշնեին: Նյույորքյան բորսայի փակման հետևանքով տնտեսությունը կքանդվեր, իսկ հաստոցներն ու գունավոր մետաղները կսկսեին իրացնել, օրինակ, Կուբայում՝ փոխանակելով էժանագին շաքարի հետ: Կովբոյական սովխոզներում կսկսվեր անասունների գլխաքանակի կրճատում: Բնակչությունից բռնագրավված՝ սիրելի կենդանիների համար նախատեսված խնայողությունները կուղղվեին սովյալների օգտին, մասամբ՝ Հայաստանի բյուջեի դեֆիցիտը ծածկելուն: Խելակորույս ամերիկացիներն աշխատանք փնտրելու համար կնետվեին Մեքսիկա. բայց այնտեղ նրանց կկոչեին «գրինգո» և կվճարեին ավելի քիչ, քան սեփական մուլատներին: Միակ, բայց փոքր սփոփանքը յանկիների համար երևի կլիներ այն, որ, ասենք, Բուշին կամ Քլինթոնին կդատեին՝ առանց բողոքարկման իրավունքի:

Իսկ եթե լուրջ, ապա հետխորհրդային երկրների մեծ մասում, այդ թվում և՝ Հայաստանում, տեղի է ունենում օտար կառավարման մոդելի պարտադրում: Ակնհայտ է, որ խորթ համակարգի պատճենումը սպառնում է սեփական ավանդական հիմքերի կորստով: Ինչպես գրում է Առնոլդ Թոյնբին՝ «ընդօրինակման թերությունը նրանում է, որ նա առաջարկում է ուրիշի փորձից փոխառված մեքենայական պատասխան, այսինքն՝ ընդօրինակման միջոցով մշակված գործողությունը չի ենթադրում սեփական ներքին նախաձեռնություն»: Իսկ ներքին նախաձեռնությունից զրկված հասարակությունն ունի համաշխարհային քաղաքակրթության լյումպենի վերածվելու բոլոր հնարավորությունները, և այդ բնույթի որոշ ախտանիշներ մենք, կարծես, արդեն ձեռք ենք բերել:

Գործելով մեզ համար օտար կառավարման համակարգում, մեր բոլոր ջանքերը՝ ուղղված երկրի հզորացմանը, նախօրոք դատապարտված են ձախողման: Դա ապացուցվում է՝ ինչպես վերջին տասնամյակների պրակտիկայով, այնպես էլ՝ պատմական փորձով:

Դրա հետ մեկտեղ, Հայաստանը՝ լինելով արժեքներ արարող ու տարածող և գտնվելով Արևելքի ու Արևմուտքի սահմանագծին, միշտ հանդիսացել է կամուրջ, մի տեսակ թարգմանիչ տարբեր քաղաքակրթությունների համար: Դրանում է, թերևս, հանդիսանում մեր առաքելությունը, և այստեղ է ի հայտ գալու մեր ներդրումն ազգերի համաշխարհային ընկերակցության ներդաշնակման գործում: Իսկ դրա համար, նվազագույնը, հարկավոր է չկորցնել սեփական ինքնությունն ու յուրօրինակությունը:

Բայց մենք կարծես շարունակում ենք կապկելու ուղին՝ մեր ձիրքերն ու եռանդը սպառելով ներքին պայքարներում: Ի ուրախություն մեր թշնամիների՝ մեր հասարակությունը բաժանվում է սևերի և սպիտակների, որին զուգահեռ՝ մեծանում է արտաքին վտանգը և այդ վտանգին դիմակայելու օրվա իշխանության անհամարժեքությունը:

Վահե Հայկունի

Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «168 Ժամի» տեսակետների հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս