Ուժի ցուցադրում
«Զորավարժությունները կրում էին պլանային բնույթ, այսինքն՝ կոնկրետ ռազմական վտանգ չէին պարունակում: Սակայն դրանք, բացի ԶՈՒ մարտունակությունը բարձրացնելու, ԶՈՒ-ն նոր մակարդակի բարձրացնելու նպատակից, միտված են լինում ուժի ցուցադրությանը՝ հակառակորդին ճնշելու նպատակով: Սրան զուգահեռ՝ լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին նշանակում է, որ բացի պլանային բնույթից, այս զորավարժություններն իսկապես նպատակ են ունեցել նաև ստուգել հակառակորդի զգոնությունը, ուժ ցուցադրել, ճնշել՝ հետագայում բանակցություններում հնարավոր օգուտներ ստանալու նպատակով»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին գրանցված միջադեպերին և Ադրբեջանի կազմակերպած զորավարժություններին:
Նրա գնահատմամբ՝ սա զորավարժությունների նպատակային շրջանակի դասական մոդել է, առանձնահատուկ նորություն չկա: «ԼՂ հակամարտության դեպքում մենք շատ ավելի լայնածավալ դեպքերի ականատես ենք դարձել, սակայն բանակցային սեղանին, ամեն դեպքում, կողմերը որևէ զիջման չեն գնացել, ուստի նման միջադեպերը, չեմ կարծում, որ ծառայեն իրենց նպատակին, բայց ցույց են տալիս նաև այն դժգոհությունը, որը կա կողմերի մոտ բանակցային գործընթացից»,- ասել է Պավել Ֆելգենգաուերը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: