Գյումրեցի 13-ամյա աղջկան Երևանից և Արցախից պատրաստ են որդեգրել և ստանձնել խնամակալությունը
Գյումրիում ծեծված 13-ամյա աղջկա խնամակալության հարցը դեռ քննարկվում է, աղջիկն այս պահին գտնվում է «Սուրբ աստվածամայր» բժշկական կենտրոնում։ 168.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը՝ անդրադառնալով երեխայի խնամակալությանն առնչվող խնդիրներին։
Նրա խոսքով՝ մինչև երեխան չապաքինվի, նրա կարծիքը չհարցնեն, նրա առողջության վերաբերյալ հստակ տվյալներ չիմանան, չեն կարող ասել, թե խնամակալության հարցն ինչպես կլուծվի։
«Անձամբ երեխային չեմ այցելել, մեր խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովն է երկու անգամ այցելել, այսօր դեռ չեն վերադարձել։ Երեխայի իրավունքը պահանջում է, որպեսզի շուտափույթ քայլեր չարվեն, այլ հնարավորինս քայլերն ուղղված լինեն ի շահ երեխայի»,- ասաց նա։
Լիլիթ Գորգինյանը նաև տեղեկացրեց, որ կան մարդիկ, որոնք պատրաստակամություն են հայտնել ստանձնելու երեխայի խնամակալությունը, մեկ հոգի արդեն գրավոր դիմել է Գյումրու համայնքապետարան, մեկ առաջարկ էլ ստացվել է աղջկա որդեգրման մասին։
«Այս երկու առաջարկներից մեկը եղել է Երևանից, մյուսը՝ Արցախից»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին, ժամը 14:50-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրու Պռոշյան 14 հասցեից մարմնական վնասվածքներով «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աղջնակ։ Շտապօգնության կայանից հայտնել էին նաև, որ երեխայի մայրը տանը մահացած է։ Պարզվել էր, որ 43-ամյա կինը սպանվել է, և սպանությունը կատարելու համար հայտնաբերվել, այնուհետև կալանավորվել էր Գյումրու Շիրակացու փողոցի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդ։
Նշենք, որ երեխայի հայրը մահացել է, եղբայրն էլ չափահաս կդառնա սեպտեմբերին։