«Արցախյան հարցի լուծման բանալին մեր ձեռքում է. եթե չհանձնվենք, ոչ ոքի երազանքները, ցանկությունները, ծրագրերը կյանքի չեն կոչվի». Թևան Պողոսյան
Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, պետք է կարողանա այնպիսի դերակատարում ունենալ մարտի 31-ին սպասվելիք նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունների համատեքստում, որ կարողանանք հետո ասել՝ Արցախի պետականությունն ավելի ուժեղացված է:
Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:
«Շատ կարևոր է, որ ընտրություններն ավարտենք ավելի հզորացած, որ ապրիլի 1-ին արդյունքների իմաստով հպարտություն ապրենք: Եվ եթե հենց առաջին փուլում կլինի հաղթող, բոլորը շնորհավորեն հաղթողին, եթե չի լինի, բոլորը շնորհավորեն խորհրդարանական ընտրություններում հաղթող ուժերին կամ այն թեկնածուներին, որոնք կգնան երկրորդ փուլ»,- նշեց նա:
Ըստ Պողոսյանի՝ ցանկացած ներքին սրացում և միջադեպ կարող է կործանարար հետևանքներ ունենալ: Այսինքն՝ վիճակն այնպես շեղի, որ հետո անգամ իրար մեղադրելու տեղ չենք ունենա, քանի որ արտաքին դաշտում կօգտվեն այդ իրավիճակից:
168.am-ի խնդրանքով անդրադառնալով Արցախի նախագահի թեկնածուների քարոզարշավին, Թևան Պողոսյանը ցավով արձանագրեց, որ միմյանց սևացնելու, պիտակավորելու կամ կոմպրոմատների երևույթը մեծ մասշտաբների է հասել, ինչն անթույլատրելի է:
«Առաջին՝ դա վնասում է թեկնածուների ռեյտինգին, երկրորդ՝ ամբողջ գործընթացին, երրորդ՝ սա պետք է դիտարկել անվտանգության տեսանկյունից, քանի որ Արցախում տեղի է ունենում քարոզարշավ, իսկ արցախյան հարցի շրջանակում սրացումներ կան Տավուշի և Նախիջևանի գոտում, և այդ սրացումներն Ադրբեջանի կողմից մեկ վայրկյանում կարող են տեղափոխվել արցախյան հատված: Եվ այստեղ պետք է կարողանանք այդ զգոնությունն ապահովել»,- նշեց նա:
Թևան Պողոսյանի պնդմամբ, երբ Արցախի նախագահի թեկնածուներից մեկը փորձում է սեփական նախընտրական ծրագրերի փոխարեն՝ խոսել մրցակցի անձից, լրագրողը պիտի կանխի դա, մինչդեռ լրագրողներն են, ըստ նրա, նման առիթներ ստեղծում:
Ի վերջո, արցախցին շատ լավ գիտի նրանցից յուրաքանչյուրին, և պետք չէ մի թեկնածուին մյուս անձի վերաբերյալ հարցեր տալ, կամ հենց արցախցուն:
«Ցանկացած քարոզարշավի ժամանակ ամենահեշտ բանը կողքինին ինչ ասես ասելն է: Եթե փաստ չունես, ինչի՞ ես խոսում դրա մասին: Ինչի՞ ես այդ կարճ ժամանակահատվածը, որը տրված է ինքդ քեզ ներկայացնելու և արցախցու սիրտը գրավելու համար, օգտագործում ուրիշի մասին խոսելով: Քվեն դու ես ստանալու քո անելիքի համար, և այստեղ արցախցին էլ պիտի պահանջատեր լինի: Պետք է թույլ չտանք, որ քարոզարշավը ներազդի արդյունքների խնդիրների վրա, որ անվտանգության տեսանկյունից զգոնությունը բարձր լինի, որովհետև ցանկացած պահի Ադրբեջանի վարքագծային երևույթները կարող են Տավուշից, Նախիջևանից տեղափոխվել Արցախ: Եթե վերհիշենք՝ իրավիճակային նմանություններ կան 2015-2016թթ. ընկած ժամանակահատվածի հետ: Երկրորդ՝ հենց Ադրբեջանի ներքին վիճակը կարող է մեծ խնդիրներ բերել այս կողմի վրա՝ դրդելով ինչ-որ քայլերի, մեծ հարվածների»,- զգուշացրեց Պողոսյանը:
168.am-ի հարցին, թե արցախյան հարցի հետ կապված ի՞նչ մտահոգություններ կան, Թևան Պողոսյանն ասաց, որ շատ երկրների ներկայացուցիչներ կարող են տարբեր բաներ պայմանավորվել, իրենց մայրաքաղաքներում շատ բաներ երազել, բայց արցախյան հարցի լուծման բանալին մեր ձեռքում է:
«Խոսում էին Քի Վեսթի պայմանավորվածություններից, կյանքի կոչվե՞լ է, ոչ, որովհետև մենք չենք թույլ տվել: Տարբեր այլ առաջարկներ են եղել, լավրովյան պլաններ, կյանքի կոչվե՞լ են, ոչ, որովհետև մենք չենք գնալու այդ որոշումներին: Արցախի հիմնախնդիրը լուծվելու է հողի վրա, բանալին էլ հայ ազգի ձեռքում է: Եթե մենք հանձնվելու ենք և չենք դիմանալու, ուրիշին չմեղադրենք: Իսկ եթե անելու ենք, ուրեմն՝ ոչ ոքի երազանքները, ցանկությունները, ծրագրերը կյանքի չեն կոչվելու»,- եզրափակեց Պողոսյանը: