Իրանցիներն Արցախյան հարցի համատեքստում ունեն մի քանի կայուն սկզբունքներ. իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը «ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հետևանքները Արցախի վրա. սցենարային զարգացումներ» խորագրով քննարկման ժամանակ անդրադառնալով Սիրիայում ռուս-թուրքական հարաբերություններին՝ ասաց, թե չի կարելի առանց Իրանին անդրադառնալու՝ անդրադառնալ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին:
Իրանագետի խոսքով՝ Սիրիայում Իրանի ներգրավվածությունը միայն կրոնական գործոնով բացատրելը կոպտագույն սխալ է: Ըստ նրա՝ իրանցիների հեռագնա ծրագրերում նպատակ կա ապահովել Իրանի համար ելք դեպի Միջերկրական ծով, որն Իրանի արտաքին քաղաքական օրակարգի և անվտանգային օրակարգի մի մասն է, և հենց սրանով է նաև պայմանավորված Սիրիայում Իրանի ներկայությունն ու դրա հետևանքով՝ ռուս-իրանական հարաբերությունների զարգացումը:
«Այս իմաստով ակնհայտ է, որ Ռուսաստանը հեռագնա տեսլականի առումով այդքան էլ չի կարող խանդավառված լինել իրանական, հատկապես, էներգետիկ ծրագրերով, որովհետև էներգետիկ շուկայում Իրանը բնական մրցակից է Ռուսաստանին, հատկապես՝ գազային ոլորտում: Իսկ իրանցիների հեռագնա ծրագիրը ենթադրում է նաև իրանական գազամուղի ելք դեպի Միջերկրական ծով, այնուհետև՝ Եվրոպա, և այս համատեքստում՝ ռուս-իրանական շահերի որոշակի հակասություն կամ մրցակցություն Սիրիայի ներսում կա»,- ասաց Վ. Ոսկանյանը՝ նշելով, որ, չնայած այդ հանգամանքին՝ Իրանն ու Ռուսաստանը ներկայումս սերտորեն համագործակցում են սիրիական թնջուկի կարգավորման ուղղությամբ:
Իրանագետի դիտարկմամբ՝ եթե ռուսական կողմը ներգրավված է սիրիական երկինքը պաշտպանելու գործում, ապա իրանական կողմը ներառված է ցամաքային գործողություններում և Սիրիայի տարածքում անգամ օրինական ներկայություն ունի:
Ինչ վերաբերում է Արցախյան հարցի կարգավորման համատեքստում Իրանի դիրքորոշմանը, ապա Վարդան Ոսկանյանն առանձնացնում է իրանական դիրքորոշումների երկու հարթություն՝ դիվանագիտական-պաշտոնական տիրույթը և ոչ պաշտոնական, բայց ռեալ պոլիտիկի շրջանակներում տեղավորվող քաղաքականությունը:
Ինչ վերաբերում է պաշտոնական դիրքորոշմանը, ապա, իրանագետի խոսքով, նրանում առկա են ստանդարտ ձևակերպումներ, ինչպիսին է, օրինակ, «հակամարտության խաղաղ կարգավորում» եզրույթը:
Անդրադառնալով Իրանի այն քաղաքականությանը, որն արվում է առանց հայտարարությունների, Ոսկանյանն ասաց, որ իրանցիների համար ներկա ստատուս-քվոյի իրավիճակը չափազանց ձեռնտու է:
«Իրանցիներն Արցախյան հարցի համատեքստում ունեն կայուն մի քանի սկզբունքներ: Առաջինը՝ սահմանների որևէ փոփոխություն չի կարող տեղի ունենալ, ներկա սահմանների, դե ֆակտո սահմանների ճանաչումը կամ չճանաչումը ամենևին այստեղ, կոնկրետ պարագայում որևէ փոփոխություն չունի: Որևէ փոփոխություն՝ հօգուտ Ադրբեջանի Հանրապետության, չի բխում Իրանի շահերից: Իրանցիները արցախաիրանական սահմանն ունենալով՝ լուծում են իրենց պետության կարևորագույն անվտանգային խնդիրը, նույն այդ «Հարավային Ադրբեջանի» խնդիրը՝ մասնակիորեն: Հետևաբար, կարծում եմ՝ հայկական կողմն Իրանի հետ հարաբերություններում պետք է առաջնորդվի նաև այս սկզբունքով՝ որքանով արցախաիրանական սահմանն ապահովում է Հայաստանի և Արցախի անվտանգությունը, նույնքանով կամ գրեթե նույնքանով ապահովում է Իրանի հյուսիս-արևմուտքի անվտանգությունը, հետևաբար՝ այստեղ մեր շահերը միանշանակ համընկնում են:
Երկրորդ կարևոր սկզբունքը, որով մշտապես առաջնորդվում են իրանցիները, որևէ ուժի ձևաչափով՝ լինի դա խաղաղապահ ուժ կամ այլ, հայտնվելն է արցախաիրանական սահմանում: Ընդ որում՝ այդ խաղաղապահ ուժեր ասվածի կամ դա բացառելու տակ իրանցիները հասկանում են՝ ինչպես բազմակողմ կոալիցիայի ձևաչափը, այնպես էլ՝ որևէ առանձին պետության զինված ուժերի ներկայությունը: Հետևաբար՝ այս համատեքստում իրանցիների համար չափազանց ձեռնտու է, որ սահմանային այդ հատվածը և ընդհանրապես Արցախի տարածքը վերահսկվում է տեղական ուժերով, հայկական ուժերով: Այս կետն էլ չափազանց կարևոր է, որովհետև, կարծում եմ, որ մեզ համար էլ որևէ ավելի բարձր անվտանգության՝ ռազմական առումով, երաշխիք չի կարող լինել, քան հայ զինվորի ներկայությունն այդ սահմանին: Չեմ կարծում, որ որևէ այլ զինվոր ավելի անվտանգ և ավելի վստահելի կդարձնի այդ սահմանը»,- ասաց Վարդան Ոսկանյանը:
Մեկ այլ հանգամանք, որը, ըստ իրանագետի, հավուր պատշաճի ուշադրության չի արժանանում, արցախաիրանական սահմանի օգտագործումն է խաղաղ նպատակով: Ըստ Ոսկանյանի՝ այդ սահմանը կարող է համագործակցության համատեքստում լրջագույն հարթակ ստեղծել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում