«Խոստացված տնտեսական հեղափոխությունը կասկածելի է դառնում». Ահարոն Ադիբեկյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի պնդմամբ՝ կորոնավիրուսն ու նավթի գնի անկումը կարող են վատ անդրադառնալ նաև Հայաստանի տնտեսության վրա: Նրա խոսքով՝ քանի որ այդ երևույթների վրա ազդելու լծակներ մենք չունենք, պետք է փորձենք հետևանքները չեզոքացնել:

«Հայաստանի տնտեսական խնդիրներն ավելանում են: Դրանցից մեկը մեր հիմնական գործընկեր Ռուսաստանում տնտեսական իրավիճակով պայմանավորված պահանջարկի հնարավոր կրճատումն է: Չմոռանանք, որ մեր արտահանման 25 տոկոսն ուղղվում է ՌԴ: Այն պարագայում, երբ մեր արտահանման 25 տոկոսը սպառվում է Ռուսաստանում, ռուբլին արժեզրկման միտում է դրսևորում: Սա նշանակում է, որ այստեղ գնողունակության անկում է լինելու, իսկ շուտով գյուղատնտեսական ապրանքների արտահանման ժամանակահատվածն է: Երկրորդ խնդիրը կորոնավիրուսն է: Մենք տեսնում ենք հետաձգվող միջոցառումներ, հստակ սահմանափակումներ, այդ թվում՝ այնպիսի երկրներում, որոնք ընդունում են մեր արտահանումը, որտեղից մենք ապրանք ենք ներմուծում»,- ասաց Ավետիսյանը:

Տնտեսագետը պնդում է՝ Կառավարությունը չպետք է սպասի, որ տեղի ունենան երևույթները, հետո միջոցառումներ ձեռնարկի: Ավետիսյանի խոսքով՝ այդ գործողությունների հստակ պլանը պետք է գործադիրի քննարկման սեղանին լինի հենց այս պահից, հակառակ դեպքում կարող ենք կանգնել մի շարք խնդիրների առաջ, որոնց լուծումները տարիներ կպահանջեն.

«Արտահանման միտված մեր տնտեսվարողների մոտ առկա են շատ կոնկրետ մտահոգություններ, նրանք արդեն կշռում են իրենց ռիսկերը: Հասկանալի է, որ, եթե այսպես թողնվի, ու համարժեք արձագանք չլինի, մենք կունենանք արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների շահույթի նվազում, որն էլ արտացոլվելու է ծավալների վրա: Մենք դանդաղում ենք, մենք հզոր տնտեսություն չունենք, ներքին մեծ շուկա չունենք, որ չարտահանվածը ներսում սպառենք: Արտահանման կրճատումը նշանակում է՝ աշխատատեղերի կրճատում, սա ազդելու է նաև աղքատության ցուցանիշի վրա»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ կորոնավիրուսի պատճառով աշխարհում տիրող վիճակը կարող է ազդել տուրիզմի վրա, ինչը նույնպես վտանգավոր է Հայաստանի տնտեսության համար:

«Հայաստանը տուրիստական մեծ հոսքեր ունի, տարեկան 1 մլն-ից ավելի մարդ է գալիս Հայաստան, որոնց կեսը հայեր են: Հիմա պարզ չէ՝ կգա՞ն, թե՞ չեն գա, որ գան՝ հյուրանոցո՞ւմ կմնան, թե՞ ինչ-որ սեփական տանը: Տուրիստներ գալիս են Եվրոպայից, Պարսկաստանից, հիմա դրանք վտանգավոր երկրների շարքում են: Սա կազդի նաև միջին և փոքր բիզնեսի վրա, քանի որ այդ բիզնեսից օգտվում են հիմնականում զբոսաշրջիկները, որոնցից յուրաքանչյուրը մոտ 500 դոլար գումար է ծախսում մեր երկրում:  Տնտեսական հեղափոխությունը, որը խոստանում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կասկածելի է դառնում»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգի խոսքով՝ աշխարհում կատարվող իրողությունները փոքր տնտեսությունների վրա այնքան էլ մեծ ազդեցություն չեն ունենում: Տնտեսագետը հակադարձեց՝ մեր երկրի պարագայում դա այդպես չէ, քանի որ մեր երկրի տնտեսությունը բաց է, այսինքն՝ մեծապես առնչվում է աշխարհի հետ:

Տեսանյութեր

Լրահոս