«Նիկոլ Փաշինյանն էլ է տատանվում, և իրեն խանդավառելու համար ընտրել է հերոսի՝ Հիսուս Քրիստոսին». Նարինե Դիլբարյան
«Մենք պետք է փոխենք ոչ թե անձերին՝ ՍԴ ներկա նախագահին և ՍԴ դատավորներին, այլ պետք է քննարկենք ընդհանրապես Սահմանադրությունը փոխելու և դատաիրավական համակարգում վճռական փոփոխություններ կատարելու հարցը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը՝ ընդգծելով, որ պետք է նման գլոբալ հարցեր դնել հանրաքվեի, այլ ոչ թե՝ անձնական և փոքր:
«Այսօր Հայաստանում քաղաքական, իրավական հանրույթը չի ծավալում այդ դիսկուրսը՝ քննարկելու, թե մեզ ինչպիսի Սահմանադրություն է պետք: Իսկ դա կարևորագույն խնդիրներից է: Չկան բանավեճեր, չկա մտքերի բախում, չկա քաղաքական կամք՝ փոխելու այդ Սահմանադրությունը, որն իրականում կեղծված է և չի վայելում ժողովրդի վստահությունը, կան միայն խոստումներ: Խոստումները դեռևս գործողության երաշխիք չեն: Ժողովրդավարությունը չի կարող կախված լինել մեկ անձի կամ մեկ քաղաքական ուժի կամքից, այլ կախված է ընդունված օրենքներից»,- նշեց նա:
Պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել է, որ Արթուր Դավթյանն ու Տիգրան Մուկուչյանը քաղաքական գործիչներ չեն, իսկ Հրայր Թովմասյանը քաղաքական գործիչ է, դրա համար դրվել է նրա հեռացման հարցը: Նա ասում է, որ ՍԴ դատավորներն էլ ընտրությունների կեղծիքների ժամանակ դրսևորել են հանցավոր լռություն: Լիլիթ Մակունցն էլ Մեղրիում հայտարարեց, թե ՍԴ դատավորներն անում են քաղաքական հայտարարություններ, ինչը, ըստ Մակունցի՝ անընդունելի է: Նարինե Դիլբարյանից հետաքրքրվեցինք՝ իշխանության ներկայացուցիչների բերած պատճառաբանություններն իր համար վիճելի՞ են:
«Անկեղծ ասած՝ եթե Տիգրան Մուկուչյանը չի համարվում քաղաքական անձ, այդ նույն տրամաբանությամբ ՍԴ դատավորները ևս քաղաքական անձ չեն: Ընդ որում՝ եկեք փաստարկված լինենք՝ Տիգրան Մուկուչյանի դերակատարումը ընտրության արդյունքների ամփոփման և նմանատիպ այլ գործընթացներում շատ ավելի վճռորոշ է եղել, քան, ենթադրենք՝ Ալվինա Գյուլումյանի կամ Արևիկ Պետրոսյանի: Դժվար է ասել, որ Հրայր Թովմասյանը քաղաքական դեմք է: Գուցե ինչ-որ գործընթացներ են ծավալվում՝ նրան քաղաքական դարձնելու: Քանի որ անձերի դեմ պայքարն արդյունավետ գործընթաց չէ, փորձում են այդ անձերին քաղաքական կշիռ շնորհել, բայց իրականում նրանք չունեն այդ քաղաքական կշիռը»,- ի պատասխան՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:
Անդրադառնալով այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի համար արձակուրդ է վերցրել, բայց քարոզարշավի մեկնում է ուղղաթիռով, նա ասաց, որ վերջին շրջանում պարբերաբար ականատես ենք լինում այս իշխանության կողմից նախկին իշխանությանը վերագրվող մեղքերի կրկնությանը.
«Վարչական ռեսուրսի հարցը ծագեց դեռ այն ժամանակ, երբ «Այո»-ի շտաբը ղեկավարեց Տարածքային կառավարման նախարարը, և հենց «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Հայկ Գևորգյանը հարց բարձրացրեց, որ լուրեր կան, թե համայնքապետերը դուրս գալով իրենց լիազորություններից՝ հավաքում և հրահանգում են՝ միանալ «Այո»-ին: Պարոն Պապիկյանը փարատեց այդ մտահոգությունները, բայց կան խոսքեր, կա բարի կամք, որ ժողովրդավարությունն այլևս անդառնալի պետք է լինի, բայց ժողովրդավարությունն անդառնալի կդառնա, եթե ընդունենք այն ամրակայող օրենքներ: Մենք մատնանշել ենք, որ ո՛չ «Այո»-ն, ո՛չ էլ «Ոչ»-ը չեն բխում Նոր Հայաստանի շահերից, և «Ժառանգությունը» շարունակում է պնդել, որ այդ հանրաքվեն խնդիրների հանգուցալուծում չի բերելու, այլ հակառակը՝ ծնելու է նոր խնդիրներ և մեզ ներքաշելու է մի գործընթացի մեջ, որը հեռացնում է իրական ժողովրդավարություն ամրակայելու հրամայականից»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից պարբերաբար Հիսուս Քրիստոսի անունը հիշատակելուն, Նարինե Դիլբարյանն ասաց, որ առաքելության միտքն անընդհատ տանջում է Նիկոլ Փաշինյանին.
«Ինքն էլ է տեսնում, որ իր որոշ քայլեր ոչ միանշանակ են ընդունվում, ինքն էլ է տատանվում, և իրեն խանդավառելու համար ընտրել է հերոսի՝ Հիսուս Քրիստոսին: Բայց ես կարծում եմ՝ Հիսուս Քրիստոսի կադրային քաղաքականությունը լրիվ ուրիշ էր, և նրա կադրային քաղաքականության մեջ կարող ենք հիշել Հուդային, որն ինքն իրեն կախեց, և Պետրոսին, որն ընդամենը կասկածում էր: Այսինքն՝ այդ նշաձողն այնքան էլ դիպուկ չէ և կարող է խանգարել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում