«Եթե այդ աղջիկը վարչապետի տված բուկլետը պատռեր 1-1.5 տարի առաջ, նրան հում-հում կուտեին մետրոյում». Տիգրան Քոչարյան

«Ժողովուրդը հստակ չի գիտակցում, թե ինչո՞ւ է պետք ասել՝ այո, իսկ ինչո՞ւ՝ ոչ». հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով՝ սրա պատճառն այն է, որ իրենց տեսակետը հստակ չեն բացատրում ոչ «Այո»-ի, ոչ էլ «Ոչ»-ի կողմնակիցները: Չնայած սրան, հոգեբանը նկատում է, որ իշխանական կողմն ավելի ակտիվ է.

«Մի կողմը հզոր քարոզարշավ է անում, մյուս կողմը հանձնվել է: Այստեղ օբյեկտիվության մասին խոսք լինել չի կարող: Ժողովուրդը ընտրություն է կատարելու հուզական ֆոնի, Նիկոլ Փաշինյանի վստահության, այլ ոչ՝ տրամաբանական փաստարկների հիման վրա: «Ոչ»-ն ասում է,  որ այս ամենը օրենքի խախտումով է արվում, բայց չի բացատրում, թե ինչն է օրենքի խախտում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխության հանրաքվեի քարոզարշավին մասնակից է դարձրել նաև իր աղջիկներին, որոնցից մեկն անչափահաս է: Սամվել Խուդոյանը այստեղ որևէ խնդիր չի տեսնում:

«Մանկապարտեզի երեխայի ձեռքը չեն տվել բուկլետները, ասել՝ գնա քո շրջապատում բաժանի: Դեռահասների մասնակցությունը նախորդ իշխանությունների ժամանակ էլ եղել է, պրոբլեմ չեմ տեսնում, մարդիկ իրենց ծնողներին օգնում են»,- ասաց Խուդոյանը:

Օրեր առաջ մետրոյում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հպարտ քաղաքացու անձնագիր»-բուկլետ տվեց մի աղջկա, նա այն պատռեց ու վերադարձրեց վարչապետին: Հոգեբանը երևույթը սովորական է որակում.

«Տգեղ է երեսին շպրտելը, հատկապես մեր ավանդույթներով՝ «փոքր»-ի ու «մեծ»-ի խնդիր կա: Շատերը այս դեպքը համեմատեցին «Առագաստ» սրճարանի դեպքի հետ: Սա էթիկայի տեսակետից սիրուն չէր, որպես բունտ՝ նորմալ է»:

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը պնդում է՝ «ինչ ցանել՝ այն էլ հնձում են»: Հիշեցնում է 2018-ի ապրիլի դեպքերը:

«Իրենք շատ են զարմանում, որ ատելության քարոզին կամ, իրենց չափանիշերով՝ անդաստիարակությանը նույն ձևի պատասխան է լինում: Այսինքն՝ կարելի է  դագաղներ տանել կենդանի մարդկանց տների առջև, կատաֆալկա կանգնեցնել՝ տեսնելու համար՝ միջի մարդը մահացա՞ծ է,  բայց բուկլետ պատռելն անդաստիարակություն ու եսիմ ի՞նչ է: «Մանթրաժ»-ից Փաշինյանն իրեն ավելի ճիշտ պահեց, քան իր կողմնակիցները: Ժամանակը կգա՝ իրենց տների առջև էլ  դագաղներ կլինեն, վենոկներ էլ, եթե ատելության «ռուբիլնիկը» չանջատեն»,- ասաց Քոչարյանը:

Այս դեպքի տեսանյութը դիտելիս՝ մեդիափորձագետի ուշադրությունը գրավել է մեկ այլ փաստ.

«Եթե այդ աղջիկը պատռեր այդ բուկլետը 1-1.5 տարի առաջ, ապա մետրոյի ժողովուրդը հում-հում կուտեր այդ աղջկան, իսկ այս անգամ ոչ ոք չխառնվեց, նույնիսկ մի քանիսը ժպտացին: Մեկը չկար, որ այդ աղջկան տեղում նախատեր»:

Անդրադառնալով քարոզչության անցկացման ձևին՝ բուկլետներ բաժանելուն, Տիգրան Քոչարյանը հիշեցրեց կորոնավիրուսի և առհասարակ սուր շնչառական վարակների մասին:

«Կա կորոնավիրուս, և կա մարդ, ով փողոցներն ընկած՝ բուկլետներ է բաժանում: Պատկերացրեք, որ Նիկոլ Փաշինյանի կողքի մարդկանցից մեկը վարակված լինի, ինքը չէ, իրան չի կպնում, ամբողջ Երևանը պետք է փակենք, հայտարարենք  կարանտին: Բուկլետը, որի վրա հետք է մնում, ձեռքից ձեռք է անցնում, տնից տուն է  անցնում, ինչի՞ վրա են հույսները դրել: Այս քարոզարշավը վարակը տարածելու բուն է»,- եզրափակեց մեդիափորձագետը:

Տեսանյութեր

Լրահոս