«Իշխանությունն ուզում էր սև ու սպիտակով անել քարոզարշավը, սակայն սևերը չմտան խաղի մեջ, և ռազմավարությունը դարձավ անիմաստ». Կարեն Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ապրիլի 5-ի հանրաքվեին ընդառաջ «Այո»-ի և «Ոչ»-ի շտաբների քարոզչական ռազմավարություն չի տեսնում: Նա պնդում է՝ իշխանական կողմն այս գործընթացի համար այլ ծրագրեր ուներ, որոնք, սակայն, չկարողացավ իրականացնել:
«Իշխանության կիրառած տեխնոլոգիան պարզ է: Եթե զուտ իրականացման առումով նայենք, ապա վարչապետը տետ-ա-տետ շփվում է կամ փորձում է շփվել քաղաքացիների հետ՝ բաժանելով բուկլետներ: Մարտավարական, ռազմավարական առումով՝ իշխանությունը դեռ չի գտել, թե ի՞նչ պետք է անի: Իշխանությունն ուզում էր սև ու սպիտակով անել քարոզարշավը, սակայն սևերը չմտան խաղի մեջ, և ռազմավարությունը դարձավ անիմաստ: Առայժմ պարզ չէ, թե իշխանությունն ինչ ռազմավարությամբ է առաջ գնում»,- ասաց Քոչարյանը:
Ըստ քաղտեխնոլոգի՝ նույն իրավիճակն է նաև «Ոչ»-ի դեպքում:
««Ոչ»-ն առհասարակ չի երևում: Քաղաքական ուժերը հրաժարվեցին, դրոշակը վերցրին իրավաբանները, սակայն «ֆերվերգ» չեմ տեսնում, ռազմավարություն չեմ տեսնում»:
Քաղտեխնոլոգը պնդում է՝ «հանրաքվեն ապոկալիպսիս չէ», ապրիլի 6-ին էլ բոլորս արթնանալու ու գնալու ենք աշխատանքի, ինչպես այսօր:
«Հարց է՝ կկարողանա՞ իշխանությունը 650 հազար ձայն ապահովել: Ինձ համար պարզ են թե՛ հաղթանակի, թե՛ պարտության դեպքում հնչելիք պատասխանները: Եթե չկարողանան, կասեն՝ սա դեմոկրատիայի հաղթանակն է, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ո՛չ ստիպում են, ո՛չ նկարում, մյուս դեպքում կասեն՝ հեղափոխությունը վերջնական հաղթանակ տարավ»,- ասաց քաղտեխնոլոգը:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը հենց հիմա որոշեց Սահմանադրության մեջ մեկ կետ փոխել, որով կդադարեցվեն մինչև 2018-ի ապրիլի 9-ը՝ 2015թ. սահմանադրական փոփոխություններով ընդունված Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, ընտրված դատավորների լիազորությունները, Կարեն Քոչարյանը պատասխանեց.
«Ես էլ չեմ կարող ասել, թե ինչո՞ւ է այս «տեր վռազ»-ի պատմությունը: Եթե Հրայր Թովմասյանը գրել է շատ վատ Սահմանադրություն, ինչո՞ւ ամբողջ Սահմանադրությունը չեք փոխում: Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով կա, թող ամբողջական փաթեթը ներկայացնեին, հետն էլ սա դնեին»:
Քաղտեխնոլոգը պնդում է՝ ո՛չ «Այո»-ի, ո՛չ էլ «Ոչ»-ի կողմնակիցները չգիտեն, թե ինչին են «այո» կամ «ոչ» քվեարկելու ապրիլի 5-ին: Դրա պատճառը Կարեն Քոչարյանը տեսնում է հասարակության կրթական մակարդակի մեջ և համարում է բոլորի մեղքը: Կարեն Քոչարյանը հիշում է՝ մարդիկ հանրաքվեի բովանդակային կողմին ուշադրություն են դարձրել միայն 1991 թ. Անկախության հանրաքվեի ժամանակ:
«Անգամ 2015թ. հանրաքվեի ժամանակ, երբ երկու կողմերն էլ գնում էին մարզեր ու ներկայացնում էին փոփոխությունների բովանդակությունը, հասարակությունը սոցիալական հարցեր էր բարձրացնում, հանրաքվեի բովանդակային կողմն այնքան էլ հետաքրքիր չէր նրանց»,- ասաց նա:
Տարածվող տեղեկություններին, թե իշխանությունն օգտագործում է իր լծակները, «Ոչ»-ի կողմն էլ գումար է բաժանում, Կարեն Քոչարյանը չի հավատում և «քաղաքական դեղին ինֆորմացիա» է որակում:
«Ես չեմ հավատում ոչ մի բանի: Եթե փող է բաժանում «Ոչ»-ը, ապա բոլոր լծակներն իշխանության ձեռքին են, թող թույլ չտան, եթե իշխանությունն իր լծակներն է կիրառում, մամուլի մեծ մասը ոչ իշխանական է, կգնա-կկանգնի դեպքի գլխին, հակակշիռներ կան, շատ արագ ջրի երես դուրս կգան»,- ասաց Կարեն Քոչարյանը:
Նրա կարծիքով՝ կարևորը ոչ թե հանրաքվեն է, այլ երկրի տնտեսական վիճակը, որն այնքան էլ բարենպաստ վիճակում չէ:
«Հանրաքվեն յոթ հոգու հանելու, մեկ ուրիշ յոթ հոգու նշանակելու համար է, իսկ տնտեսությունն ընկած է անվտանգության համակարգի հիմքում: Խնդիրը միայն ներդրումները չեն, խոսքը նաև ներսում փողի շրջանառության մասին է: Փողը կայունություն է սիրում, հիմա կայունություն չկա, հետևաբար՝ փողի շրջանառությունը պակասում է: Խնդիրը միայն դրսինը չէ, ներսում էլ գումար չի պտտվում, սպասողական վիճակում են, նման իրավիճակը, եթե երկար շարունակվի, կարող է բերել տնտեսական կոլապսի»: