Բաժիններ՝

«Հիմա բարեկարգո՞ւմ են Երևանը, թե՞ ավերում». Լեոյի 12 շենքի բնակիչները բողոքում են

Լեոյի 12 շենքի բնակիչները բողոքում են՝ պնդելով, թե հարևանությամբ (Լեոյի 54) վերակառուցվող շենքի շինարարական աշխատանքները խանգարում են իրենց: Բնակիչների խոսքով՝ այնտեղ հյուրանոց են ուզում բացել, իսկ աշխատանքները, որոնք կատարվում են հենց իրենց «քթի տակ», հատակագծից շեղվում են: Վստահ են՝ արդյունքում քանդվելու է իրենց շենքը Լեոյի 54-ից բաժանող պատը, որպես մեքենաների ելք ու մուտքի ճանապարհ՝ օգտագործվելու է իրենց բակի տարածքը, չեն բացառում նաև, որ հենց իրենց բակում էլ կայանեն, քանի որ կառուցվող շենքը տարածք չունի օգտագործելու համար:

«Մենք իրենց ասել ենք՝ մեր բակի տարածք չմտնեք: Իրենց 4 մետր տարածք են տվել, արդեն 10 մետրն անցել են: Հիմա իրենք ասում են՝ ձեր բակի պատն էլ ենք քանդելու, թքած ունենք բոլորիդ վրա, բիզնես ենք անում: Ընկեր ջան, չես կարող անել, քանի որ մենք էս բակ մտնող էս մի մուտքն ունենք: Անգամ Շտապ օգնության մեքենան չի կարողանում ներս մտնել: Եթե հիմա իրենք սկսեցին մեքենա մտցնել-հանել, մենք ո՞նց ենք մեր բակ մտնելու: Ստացվում է, որ մեկն իր բիզնեսի համար թքում է 40 բնակարանի վրա: Նույն հաջողությամբ այդ 40-ն են թքելու իրենց վրա: Չե՛նք թողնելու: Երկար ժամանակ հատակագիծ էինք ուզում, ցույց չէին տալիս, որոշ ժամանակ հետո ցույց տվեցին՝ վրան մատիտով նշումներով»,- ասաց Լեոյի 12 շենքի բնակիչ Վարդան Հովսեփյանը:

«Այս մի ճանապարհն է, ուրիշ ճանապարհ մենք չունենք: Աջ կողմում էլ անօրինական բաներ են սարքել, ճանապարհ չկա, հիմա էլ՝ սա, երեխաները առհասարակ խաղալու տեղ չունեն: Հիմա բարեկարգո՞ւմ են Երևանը, թե՞ ավերում են: Եթե նոր Քաղաքապետարանն էլի նույն ձևով ավերում է, էլ ես չեմ հասկանում, թե մենք ինչու ենք գնացել ընտրել իրենց»,- ասաց շենքի բնակիչ Մելանյան Խաչատրյանը:

Բնակիչների խոսքով, շինարարությունն արդեն 5 ամիս սկսվել է: Դեկտեմբերին դիմում են ուղարկել Քաղաքապետարան, որով առաջարկում են՝ բակին կից անբարեկարգ, չօգտագործվող տարածքը, որն իրենց կարծիքով՝ ցանկանում են «զավթել» հարևանությամբ շինարարություն անողները, բարեկարգել և ամրակցել Լեոյի 12 շենքին, պատրաստակամություն են հայտնել օգնել՝ ինչով կարող են: Պատասխանը ստացել են երեկ: Քաղաքապետարանից խոստացել են բարեկարգման հարցը ներառել հետագա ծրագրերի մեջ: 15 տարի Լեոյի 12 շենքում բնակվող սփյուռքահայ Գաբրիել Փանոսյանը պնդում է՝ առանց սրա էլ՝ խնդիրները շատ էին:

«Ձմռանը չենք կարողանում ելնել-մտնել, ճանապարհը սառում է, մի հարց էլ իրենք են ավելացնում: 4 շենք նույն դալանն են գործածում, եթե իրենք էլ հյուրանոցը բացեն, պրոբլեմը կշատանա: Շենքի բոլոր բնակիչները 3 ամիս առաջ դիմեցին Քաղաքապետարան, որ գործը չշարունակվի, պատասխանը երեկ եկավ, պետք է ավելի շուտ լիներ, պետք է կարգադրություն անեին: Պատասխանն էլ բնակիչներին չի բավարարում»,- ասաց Փանոսյանը:

Բացի մինչև ժամը 18:00-ն խանգարող աղմուկից, բնակիչներին անհանգստացնում են նաև հողն ու փոշին, որն օրերի տաքանալուց հետո, երբ ստիպված կլինեն պատուհանները բաց պահել, ավելի զգացնել կտա:

«Ոնց որ քարի հանքում, բազալտի հանքում ապրես: Առավոտը գլիբան դնում, դռռացնում են, մինչև ժամը 6-ը: Ո՞նց կարող ես նստել տան մեջ ու այդ ձայնը լսել»,- ասաց բնակիչներից մեկը:

«Եթե տունը մեկ օր չմաքրես, հաջորդ օրը մի մատնաչափ հող կլինի կահույքի վրա»,- ասաց շենքի մեկ այլ բնակիչ:

Ընթացող շինարարությունն արդեն հասցրել է վնաս հասցնել Լեոյի 12 շենքի տներին, որոնք առավել մոտ են գտնվում շինարարությանը: Բնակիչներից Դավիթ Ղուլյանը մեզ հետ զրույցում պատմեց.

«Տատանումներից տուֆե քարը թուլացել-թուլացել ու քիչ էր մնացել ընկներ իմ մոր գլխին: Ուղղակի բախտը բերել էր, որ այդ շատ մեծ քարը ոտքերի առաջ էր ընկել, հիմա մյուս քարերն էլ են թուլանում»:
Շենքի բնակիչ Սվետա Այրումյանը վստահեցնում է, որ շենքի տակ գրունտային ջրեր են եղել, որոնք կառուցման ժամանակ չորացվել են, սակայն հիմա բավականին ժամանակ է անցել, և իրենց շենքի հիմքերն այդքան էլ ամուր չեն: Բնակչի խոսքով՝ այն տարածքը, որը տրվել է Լեոյի 54-ը վերանորոգելու համար, բավարար չէ, որ այնտեղ հյուրանոց գործի, այս պատճառով էլ կասկածում է, որ օգտագործվելու է նաև իրենց բակը:

«Ախորժակն ուտելուց է բացվում, ինքը որոշել է քիչ-քիչ զավթի մեր բակից էլ, Կոնդի տարածքից էլ: Դա եղել է վարչական շենք, իսկ վարչական շենքերը Սովետի ժամանակ համարյա տարածք չեն ունեցել: Այդ դուռը, որն իրենք ուզում են օգտագործել, առաջ վթարային ելք է եղել՝ հրդեհների, երկրաշարժերի համար»,- ասաց Սվետա Այրումյանը:

Ճարտարապետ Արտակ Ղուլյանը պատմում է, որ Լեոյի 54 շենքի վերակառուցման ճարտարապետն իրեն վստահեցրել է, որ իրենք վերանորոգելու են բակի կողմի արդեն գոյություն ունեցող դուռը միայն, որտեղից էլ բացառապես տեխնիկական սպասարկող անձնակազմն է օգտվելու, սակայն Ղուլյանը չի բացառում, որ շինարարները կարող են առանց ճարտարապետի գիտության քայլեր անել:

«Կա հողահատկացման գիծ, որի սահմանից դուրս որևէ շինարարական աշխատանք արգելվում է: Բացի նրանից, որ արգելված է, նաև պահանջում է հարևանների թույլտվությունը: Դա հստակ է դրված: Այս դեպքն առանձնահատուկ է, քանի որ կողքին ոչ թե բնակելի, այլ հասարակական օգտագործման շենք է կառուցվում: Անգամ, եթե բնակիչներն անտարբեր լինեին, չի կարելի այդ երկու հոսքերը խառնել իրար»,- ասաց ճարտարապետը:

Լեոյի 54-ից ընդամենը մի քանի մետր վերև գտնվում է 1888 թվականի մի շինություն: Բնակիչներն անհանգստանում են, որ, եթե իրենց շենքին է վնաս հասցվում, ապա այդքան հին շենքը կարող է լրիվ փլուզվել: Տանտերերը կարծես այնտեղ չեն բնակվում, սակայն, ինչպես բնակիչներն են պատմում, վաճառելու ցանկություն էլ չունեն: Ճարտարապետ Արտակ Ղուլյանի խոսքով՝ այդ տունն ուղղակի թյուրիմացաբար չի հայտնվել հատուկ պահպանվող հուշարձանների ցուցակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս