Բաժիններ՝

Բացահայտվել է 81-ամյա կնոջ սպանությունը

Մարտի լույս 4-ի գիշերը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում ստացվեց, որ Միկրոշրջան թաղամասի թիվ 216 շենքի բնակարանում կնոջ դի կա։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ 81-ամյա տանտիրուհուն սպանել են․ դիակի զննությամբ հայտնաբերվեցին կտրած-ծակած վերքեր։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք առանձնապես ծանր հանցագործությունից ժամեր անց արդյունք տվին։ Հրազդանի ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ու Կոտայքի մարզային վարչության և քննչական մարմնի ծառայողների հետ, պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ, որոնց, նախաքննության շահերից ելնելով, չենք անդրադառնա։

Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ կնոջը հյուրընկալվել էր Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ։ Վեճ էր սկսվել, որի ընթացքում տղամարդը խոհանոցային դանակով մի քանի անգամ խփել էր տարեց կնոջը։ Կասկածվողը մարտի 4-ի լուսադեմին հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս