
Ընտրակաշառքի մասին Սաբեթ Հովհաննիսյանի գրառումը կստուգի քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը

168.am-ն արդեն իսկ տեղեկացրել էր, որ ֆեյսբուքյան օգտատեր Սաբեթ Հովհաննիսյանի գրառման հետքերով սահմանադրական հանրաքվեի «Ոչ»-ի կողմի համակարգող իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դիմել էր իրավապահ մարմիններին՝ անհապաղ փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով:
Մենք փորձել էինք նաև Դատախազությունից ճշտել, թե ի՞նչ ընթացք է տրված այս գրառումներին: Մեզ պատասխանեցին, որ կհանձնարարվի ստուգել դրանք, իսկ ավելի ուշ կտեղեկացնեն, թե ո՞րն է այն իրավասու մարմինը, որը պետք է ստուգի այդ գրառումների բովանդակությունը:
Երեկ 168.am-ին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը փոխանցեց, որ Սաբեթ Հովհաննիսյանի գրառումն ուղարկվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ դրանում նշված հանգամանքների ստուգման նպատակով համապատասխան գործողություններ կատարելու համար:
Այսօր Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ երեկոյան դատախազությունից ՔՈ ԳՎ է ստացվել գրությունը նշված հրապարակման հիման վրա ստուգողական գործողություններ կատարելու համար: