«Ակնկալում ենք, որ հենց այսօր քրեական գործ է հարուցվելու, անձինք հարցաքննվելու են, ցուցմունքներ են տալու, և հնարավորինս արագ իրականությունը պարզվելու է». Ռուբեն Մելիքյան

Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Սաբեթ Հովհաննիսյանը իր էջում գրել էր.

«Մամայիս ընկերուհի Աիդան, որ Լոռիում է ապրում, այսօր վրդովված պատմում է.
– այ մարդ, «ՈՉ»-ի հներն էկան 10.000 դրամով առան էս գյուղացիքին ու գնացին: – էկա հարցրի` այ մարդ, վերցրի՞ք էդ գումարը. գլուխը կախեց,աչքերը պտտելով հատակին ասեց՝ էնքան հողի գործ ունեի անելու, հա, վերցրի:

…Ես վստահ ասում եմ, այդ նույն գյուղացին ավելի շատ «պահունի» գումար ու ոսկի ունի «սև օրվա» համար, քան թե օրինակ իմ ընտանիքի պես ապրողը, որ հասցնում է միայն օրվա հոգսը հոգալ և երբեք պատրաստ չէ կյանքի սովորական հունը խախտող հանկարծակի գույժերին, որոնք մեծ գումարների հետ են կապված, և ինձ միշտ զայրացնում է էդ «դե տալիս են, ինչո՞ւ չվերցնեմի» հոգեբանությունը: Սա չարիքների չարիքն է, չգիտեմ, միգուցե հին հոգեբանություն է, և սերո՞ւնդ պետք է փոխվի, որ մաքրվի:

Իսկ մինչ այդ, հին «ՈՉ»-երը անխնա կաշառում են գյուղացուն…»:

Գրառումը բուռն արձագանք է գտել սոցիալական ցանցերում, սակայն՝ դատելով գրառման տակ առկա արձագանքներից, մարդկանց գերակշիռ մասն այնքան էլ հակված չէ հավատալ դրա իսկությանը, և շատերը հորդորում էին գրառման հեղինակին անպայման դիմել ոստիկանություն՝ հաղորդում տալով հանցագործության մասին:

Մինչ Սաբեթ Հովհաննիսյանը լուռ է, «Ոչ»-ի իրավապաշտպաններից ու իրավաբաններից բաղկացած կողմի անդամներն իրավապահ մարմիններին կոչ են անում ընթացք տալ այս գրությանը:

«Ոչ»-ի կողմի համակարգող Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հորդորեց.

«Դիմում եմ իրավասու մարմիններին՝ գրառման մեջ նշված փաստով անհապաղ քրեական գործ հարուցելու պահանջով։ Եթե ինչ-որ մարդիկ իրոք «ՈՉ»-ի անունից ընտրակաշառք են տվել, ապա անհրաժեշտ է անհապաղ բացահայտել ու քրեական հետապնդման ենթարկել նրանց։ Իսկ եթե սա մեր դեմ հերթական զրպարտությունն է, ապա պատասխանատվության պետք է ենթարկվի գրառման հեղինակը։

Իսկ մինչ այդ՝ մեր նախաձեռնող խումբը, թերևս, պատրաստի ու դատարան ներկայացնի զրպարտության ու վիրավորանքի փաստով արդեն երկրորդ հայցը»:

168.am-ի հետ զրույցում Ռուբեն Մելիքյանն ասաց, որ իրենք սպասում են իրավապահ մարմինների արձագանքին, որովհետև թե Սաբեթ Հովհաննիսյանի, և թե դրան հաջորդած իրենց գրառումը եղել են հրապարակային:

«Մենք այն համոզմանն ենք, որ այս հաղորդումն ամեն դեպքում լսելի է դարձել իրավասու մարմինների կողմից: Թե ինչպիսի՞ քայլեր կձեռնարկվեն, դա արդեն իրենց խնդիրն է, և մենք հետևելու ենք նրանց քայլերին»,- ասաց իրավապաշտպանը:

Ռուբեն Մելիքյանը հատուկ ընդգծեց, որ այստեղ ոչ թե քրեական գործի նյութերի նախապատրաստության հիմքեր կան, այլ հենց գործ հարուցելու հիմքերն ակնհայտ առկա են:

«Ինչո՞ւ, որովհետև ոչ միայն մեղադրանք է հնչեցվում «Ոչ»-ի կողմի հասցեին, այլև շատ կոնկրետ փաստեր են նշվում, անուն է տրվում, լուրը ներկայացնողի հետ կապն է ներկայացվում. եթե չեմ սխալվում, մայրիկի ընկերուհի էր ներկայացվում, և սա լիովին բավարար է անմիջապես քրեական գործ հարուցելու համար: Կրկնում եմ, ոչ միայն կա քրեական գործ հարուցելու առիթը, այլև բավականին բարձր աստիճանի կոնկրետություն կա»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Վերջինս նշեց նաև, որ իրենք ակնկալում են, որ հենց այսօր քրեական գործ է հարուցվելու, անձինք հարցաքննվելու են, ցուցմունքներ են տալու, և հնարավորինս արագ իրականությունը պարզվելու է:

«Դրան գումարած՝ նաև շատ կարևոր է այն, որ, եթե քրեական գործ է հարուցված, արդեն առաջանում է նաև սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության խնդիր, և այլն: Ի տարբերություն դրա՝ եթե նյութերի նախապատրաստության ռեժիմով տրվի, վերոնշյալի խնդիրը չի առաջանում: Դրա համար ենք մենք պնդում, որ քրեական գործ հարուցվի հնարավորինս սեղմ ժամկետներում»,- եզրափակեց Ռուբեն Մելիքյանը:

Մենք փորձեցինք նաև Դատախազությունից ճշտել, թե ի՞նչ ընթացք է տրված այս գրառումներին: Մեզ պատասխանեցին, որ կհանձնարարվի ստուգել դրանք, իսկ ավելի ուշ կտեղեկացնեն, թե ո՞րն է այն իրավասու մարմինը, որը պետք է ստուգի այդ գրառումների բովանդակությունը:

Տեսանյութեր

Լրահոս