Վրացական ընկերությունը մեզ շանտաժի է ենթարկել. Ավտոներկրողներ

Ավտոներկրողները բողոքի ակցիա իրականացրեցին ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով, որպեսզի Վրաստանի «Կովկասուս ավտոինպորտ» ընկերությունը, համաձայն պայմանագրի, մեքենաների տեղափոխման ընթացքում առաջացած վնասներն ամբողջությամբ փոխհատուցի:

Ընկերությունն նաև ավելի քան 40 ներկայացուցիչ ունի Հայաստանում, սակայն 2019 թ. օգոստոսից սկսած հրաժարվում է փոխհատուցել ավելի քան 1000 մեքենային պատճառած վնասները:

Բողոքի ակցիայի մասնակիցներից ավտոներկրող Էրիկ Հայրապետյանը լրագրողներին հայտնեց, որ ունեն երեք կարևոր լուրջ խնդիր:

«Առաջին խնդիրն այն է, որ մենք աշխատել ենք վրացական «Կովկասուս ավտոինպորտ» ընկերության հետ, ունենք պայմանավորվածություն, ըստ որի՝ եթե մենք մեքենան գնում, տեղափոխում ենք Երևան, այն վնասվելու դեպքում ընկերությունը պարտավոր է փոխհատուցել մեքենայի վնասի գումարը: Միշտ այդպես է եղել, բայց վերջին ժամանակներում, երբ արդեն մեքենաների հոսքը քչացել է՝ մաքսազերծման հետ կապված փոփոխություններով պայմանավորված, այդ ընկերությունը հրաժարվել է վճարել մեր գումարները»,- ներկայացրեց ավտոներկրողը:

Երկրորդ խնդիրը, ավտոներկրողի խոսքով, այն է, որ «Կովկասուս ավտոինպորտ» ընկերությունը նաև ավելի տուգանքներ է տվել, որոնք պայմանագրով ևս նախատեսված չեն եղել:

Երրորդ խնդիրն այն է, որ վրացական ընկերությունը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները:

«Մենք գնում ենք մեկ մեքենա, հասնում է մեկ ուրիշը»,- նշեց նա՝ հավելելով, որ խոսքը գնում է մոտավորապես 1.5 միլիոն դոլարի մասին:

«Վրացիները սկզբում մեկնաբանում էին, թե՝ հայերի պատճառով շատ ենք տուժել, հայերի պատճառով 1 միլիոն 450.000 դոլար տուգանք են վճարել, բայց նման բան չկա, որովհետև, եթե մենք ունենայինք 10 դոլար ավելի շտրաֆ՝ մեզ մեքենա չէին տա: Պարտադիր մինչև վերջին մեկ դոլարը պետք է մուծեինք, նոր կարողանայինք մեր մեքենաները ստանալ: Բայց շանտաժ են արել, ասել են՝ եթե շտրաֆները չմուծեք, մեքենա չեք ստանա, մենք էլ ստիպված մուծել ենք, որովհետև մեծ գումարների մասին է եղել խոսքը: Պահանջում ենք, որպեսզի մեր գումարները վերադարձնեն: Խոսքը տուգանքների և փոխհատուցումների մասին է»,- նշեց ավտոներկրողը:

Էրիկ Հայրապետյանն ասաց, որ խնդրի մասին տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, հայտնել է, որ բողոքի ակցիա կանեն, սակայն, եթե փոփոխություն չլինի՝ կդիմեն ՀՀ կառավարությանը:

«Մեծ հաշվով, մենք շատ գումար ենք բերել ՀՀ բյուջե, ու այս գումարը, որը պահանջում ենք, սա էլ է գնալու մեր բյուջե, որովհետև բերելու ենք այստեղ ծախսենք: Մեր մեքենաները վնասվել են, թող փոխհատուցեն, բացի դա, թող տան վճարված տուգանքները, որոնք շանտաժով են մուծել տվել: Կոնկրետ ասում էին՝ չմուծեք՝ մեքենան չեք ստանա: Ունենք փաստեր, որ վրացական կողմի ընկերությունում աշխատող մենեջերները շեշտում էին, թե այդ տուգանքները մենք ենք անօրինական ձևով արել, որ հայերին սթափեցնենք: Այսինքն, եթե որոշեին 1000 դոլար տուգանք ուզել, դա պետք է մուծեի՞նք»,- նկատեց Էրիկ Հայրապետյանը:

Ավտոներկրողի փոխանցմամբ՝ դեպքեր եղել են, բայց քանի որ ընկերությունից կախված են եղել, շատ խնդիրների մասին չեն բարձրաձայնել:

«Եթե բարձրաձայնեինք՝ մեր մեքենաները չէին հասնի: Տուգանքների վերաբերյալ ասել են, որ՝ եթե չեք ուզում, կարող ենք միջնորդություն չներկայացնել, ԵԱՏՄ պայմանագրի մասին գիտենք, ձեր մեքենաները դեկտեմբերից հետո կգան, թանկ գնով մաքսազերծում կանեք: Իրենց հաշվարկներով՝ 7000 դոլար գումար պետք է փոխանցեն ՀՀ-ին, բայց ասում են՝ չենք կարող փոխհատուցել, որովհետև 1 միլիոն 450.000 դոլարի վնաս ենք կրել»,- ասաց Էրիկ Հայրապետյանը:

Նա հայտնեց, որ տուժած մոտ 100 ավտոներկրող կա:

Տեսանյութեր

Լրահոս