Բաժիններ՝

ԱՆ պարզաբանումը՝ բեռնատարի իրանցի վարորդի մասին տեսանյութի վերաբերյալ

Լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշով բեռնատարից իջեցնում վարորդին: ՀՀ առողջապահության նախարարությունը այս առիթով հիշեցրել է, որ Իրանից ժամանած բեռնատարների վարորդների նկատմամբ իրականացվում է վերահսկման գործընթաց, տվյալ դեպքով հոսպիտալացում չի իրականացվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նիկողոսյանը նախ հիշեցրել է, որ լրատվամիջոցներից մեկում տեսանյութ է հրապարակել և կից գրվել. «հատուկ պաշտպանիչ հանդերձանքով շտապօգնության աշխատակիցները փորձում են իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնել վարորդին»։ «Իրականում մեքենան պատկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին և վերջինիս մասնագետներն են իրականացնում աշխատանքները։ Արդեն իսկ հայտարարվել է, որ Իրանից ժամանած բեռնատարների վարորդների նկատմամբ իրականցվում է վերահսկման գործընթաց, ապահովվում է մեկուսացում, առողջական վիճակի զննում և եթե հայտնաբերվեն ախտանշաններ նաև կիրականացվի հոսպիտալացում և թեստավորում։ Տվյալ դեպքով հոսպիտալացում չի իրականացվել»,-տեղեկացրել է Նիկողոսյանը:

Նա ևս մեկ անգամ կոչ է արել չտարածել խուճապ հանրության շրջանում և նման «նյութեր» հրապարակելուց առաջ կապ հաստատել լիազոր մարմնի հետ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս