«Վիրուսի համար ամենաբարենպաստ ճանապարհը մարդկանց կուտակումն է… Բժշկական դիմակները դրսում չեն օգնի». Մանկաբույժ
«Սուր շնչառական վարակն աշխարհում հանդիպող ամենատարածված հիվանդություններից է: Հայտնի է 300-ից ավելի վիրուս, որից մոտ 50 տոկոսը ռինովիրուսներն են և առաջացնում են սուր շնչառական վարակ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ վարակի փոխանցման հիմնական ճանապարհն օդակաթիլային եղանակն է՝ հազ, փռշտոց:
«Ձեռքի հպման միջոցով էլ է հնարավոր վարակի փոխանցումը: Դրա համար պետք չէ ձեռքով տրորել աչքերը, քիթը, բերանը, հատկապես՝ դրսում, երբ ձեռքերը լվացված չեն: Վիրուսով վարակվելու դեպքում հիմնական նշաններն են՝ դողը, ջերմության բարձրացումը, կոկորդի ցավը: Ուղղակի ամեն մի վիրուս ունի իր առանձնահատկությունը, որով աչքի է ընկնում: Օրինակ, պարագրիպի հարուցիչը գրիպից ավելի թեթև կարող է ընթանալ, բայց տևողությամբ ավելի երկար է: Երեխաների մոտ կարող է առաջացնել շնչահեղձություն»,- մանրամասնեց մանկաբույժը:
Նրա խոսքով՝ ծնողները կարող են անհանգստանալ, երբ նկատում են, որ մանկապարտեզ կամ դպրոց երեխաները հիվանդ վիճակում են հաճախում:
«Ցանկացած վիրուսային վարակի ժամանակ պետք է խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց: Վիրուսի համար ամենաբարենպաստ ճանապարհը մարդկանց կուտակումն է, երբ հիվանդի արտաշնչած օդն անմիջապես ներշնչում է մի քանի մարդ: Բժշկական դիմակները դրսում չեն օգնի, ավելի լավ է՝ հիվանդ մարդը կրի այն, որպեսզի իր արտաշնչած օդից դուրս եկող վիրուսի մասնիկները նստեն դիմակի ներսի շերտին: Առնվազն 4-5 ժամը մեկ պետք է դիմակը փոխել»,- նկատեց Արթուր Մարտիրոսյանը:
Բժիշկը հորդորեց հաճախակի օդափոխել սենյակը:
«Արևը նույնպես բավականին լավ, արդյունավետ միջոց է, հայտնի է, որ այս նոր կորոնավիրուսը արևի ուղիղ ճառագայթներից՝ 26-37 աստիճանում, մեկ րոպեում վերանում է»,- հայտնեց Արթուր Մարտիրոսյանը:
168.am-ի հարցին՝ ճի՞շտ է տարածված այն տեսակետը, թե երեխաները չեն վարակվում նոր կորոնավիրուսով, մանկաբույժը պատասխանեց.
«Վիճակագրություն կա: 6-8 ամսական երեխաները հազվադեպ են հիվանդանում՝ համեմատած դեռահաս տարիքի: Նրանք տանն են, մայրը կերակրում է, շփումը քիչ է, բացի այդ՝ կրծքի կաթով երեխան ստանում է հակամարմիններ: Իսկ 1-6 տարեկան երեխաները տարվա մեջ միջինը 6-10 անգամ հիվանդանում են վիրուսային վարակով: Դպրոցական տարիքում ամեն տարի մինչև 4 անգամ են վարակվում, իսկ դա բացատրվում է նրանով, որ իմուն համակարգը լավ ձևավորված է»:
Արթուր Մարտիրոսյանը նշեց՝ իմուն համակարգը սովորաբար նորմալ է լինում, եթե այն սթրեսի չի ենթարկվում, շատ է օգտագործում հեղուկ, վիտամիններով հագեցած սնունդ, չափի մեջ՝ մրգեր, բանջարեղեն, ցիտրուս:
«Վիտամին C-ն անոթների պատն է ամրացնում, իսկ վիրուսները տոքսիններ են արտադրում, որոնք ազդում են անոթի պատի վրա: Մեծերի համար արդյունավետ է կոճապղպեղի թեյը, խորհուրդ եմ տալիս օգտագործել «Օքսոլին» (Oxolin) քսուք, որը հակավիրուսային դեղ է, մատչելի է: Քսում են քթի լորձաթաղանթին ու գնում դպրոց, աշխատանքի»,- հավելեց մանկաբույժը: