«Փորձ են անում հոգեբանական և այլ տեսակի ճնշումներ գործադրել, որ մարդիկ վախենան, ձայն չբարձրացնեն». ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակից
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի աշխատակիցները աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում են գրել. կենտրոնի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժամը 12:40-ի դրությամբ ստորագրել է 75 աշխատակից, կենտրոնում աշխատում են 108-ը: Կառավարության հունվարի 30-ի որոշմամբ՝ նախատեսվում է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ը միավորել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին: Պապոյանն ասում է՝ ազատման դիմում գրելու հիմնական պատճառն այն է, որ չեն ուզում կիսել պատասխանատվությունն այն ռիսկեր համար, որոնք կառաջանան միավորման դեպքում:
«Միացնելը նշանակում է, որ այս խնդիրը ստորադասվում է, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը դառնալու է բազմաթիվ այլ ինֆեկցիաների շարքում հերթական խնդիրներից մեկը: Այս ոլորտը առանձնահատուկ ուշադրություն է պահանջում: Ինչքան էլ մեր կենտրոնը տարածաշրջանում լավագույն կենտրոնն է, դա չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծված են, ժամանակակից բժշկությունը արագ է զարգանում, պետք է քայլեր անել, որ 3-4 տարի հետո էլ կարողանաս որակյալ ծառայություններ մատուցել: Մեր կենտրոնն այս պահին իրականացնում է տարածաշրջանային 6 շատ լուրջ հետազոտություններ, մենք չենք պատկերացնում, թե ինչպես կարող է հիվանդանոցի մի բաժինը, իսկ կենտրոնն այդպիսին կդառնա միավորումից հետո, հարաբերվի դրսի գիտահետազոտական ինստիտուտների հետ, իրականացնի ինչ-որ աշխատանքներ, դրանով պետք է լուրջ զբաղվել: Այն խնդիրները, որոնք կան Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում՝ կապված այլ ինֆեկցիաների հետ, թույլ չեն տալու, որ դրանով զբաղվեն, միացումը լրացուցիչ լուրջ բեռ է լինելու նաև այդ հիվանդանոցի համար և ազդելու է մատուցվող ծառայությունների վրա»,- ասաց Արշակ Պապոյանը:
Բժշկի խոսքով՝ 2200-ից ավելի հիվանդներ այս պահին ցմահ բուժում են ստանում կենտրոնում, ամեն տարի ավելանում են ևս 450-ը: Պապոյանի պնդմամբ՝ միավորման մասին քննարկումներ մասնագետների հետ չեն եղել, չնայած իրենք դիմել են Առողջապահության նախարարություն՝ հանդիպման առաջարկով: Երեկ էլ բողոքի ակցիա էին անցկացնում Կառավարության շենքի դիմաց.
«Չունենալով մասնագիտական փաստարկ՝ Առողջապահության նախարարությունը փորձում է խնդիրը տեղափոխել անձնական դաշտ, ասել, որ ՁԻԱՀ-ի կենտրոնում կան անձնական շահեր: Այդպիսի բան գոյություն չունի, այսպիսի խոսակցությունների պատճառը մասնագիտական փաստարկների բացակայությունն է, եթե լինեին մասնագիտական փաստարկներ, հաստատ գաղտնի չէին պահի: Մենք չենք ուզում, որ այս խնդիրը քաղաքականացվի, դա զուտ մասնագիտական դաշտում է»:
Պապոյանի պնդմամբ՝ քննարկումներ ամեն դեպքում եղել են, բայց նեղ խմբերի հետ: Հարցին, թե ի՞նչ խմբերի մասին է խոսքը, Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը պատասխանեց.
«Ես տեղեկացված եմ: Առողջապահության նախարարը, մինչև նախարար դառնալը, իր գործունեությունը ծավալել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի կազմում: Այնտեղ նա զբաղվել է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց հետ որոշակի ծրագրեր իրականացնելով: Նախարար դառնալուց հետո այդ կառույցի հիմնադիրը պաշտոն ստացավ պետական համակարգում: Այս կառույցը ծրագրերի ֆինանսավորում ստացավ, սակայն չուներ բավարար բազա շահառուների: Հենց այս ծրագրի «մասնագետների» և 20 շահառուի հետ էլ Առողջապահության նախարարը քննարկել է որոշումը: Փոխարենը՝ հաշվի չի առնվել «Դրական մարդկանց հայկական ցանց»-ի մասնագետների և 150 շահառուների կարծիքը»:
168.am-ի հարցին, թե Հայաստանում կա՞ ՁԻԱՀ-ով զբաղվող բժիշկների բավարար բազա, որոնք կփոխարինեն «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի աշխատակիցներին, եթե նրանց դիմումները ստորագրվեն, Պոպոյանը պատասխանեց.
«Առողջապահության նախարարը երեկ ասում էր, որ ինքը դեռևս 2003-ից ոլորտում է, շատ լավ հասկանում է խնդիրները, թող գան աշխատեն, լուծեն խնդիրներն այնպես, ինչպես պատկերացնում են, որ ճիշտ է»:
Գևորգ Գրիգորյանը կանխատեսում արեց, որ աշխատանքից ազատման դիմումներին հետևելու է նախարարության հայտարարությունը, թե բժիշկները չեն մտածում հիվանդների մասին, և կոչ արեց չտրվել էմոցիաներին:
Նման մտավախություն ունենալու առիթ Գրիգորյանին տվել է երեկ ԱՆ աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանի հանդիպումը կենտրոնի աշխատակիցների հետ, որի ընթացքում, Գրիգորյանի խոսքով, աշխատակազմի ղեկավարը փորձել է քաղաքական երանգ տալ տեղի ունեցողին: Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանն էլ մանրամասնեց.
«Նա փաստացի ասում էր, որ, եթե չենք կատարում Կառավարության որոշումը, ուրեմն դեմ ենք Կառավարությանը: Փորձ են անում հոգեբանական և այլ տեսակի ճնշումներ գործադրել, որ մարդիկ վախենան, ձայն չբարձրացնեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը ևս նման փորձ էր, մտածում էին, որ այլ մարդ բերեն, կլռեցնի մեզ, և ձայն չենք բարձրացնի»:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ աշխատանքից հեռացվել էր «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի տնօրենը: Նույն օրը Ոստիկանությունը բերման էր ենթարկել կենտրոնի փոխտնօրենին: