«Համոզված ենք, որ ժողովրդավարությունը նաև հայկական երևույթ է». Անվտանգության խորհրդի քարտուղար

Այսօր խորհրդարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ-ի աջակցությամբ ԱԺ Պաշտպանության և  անվտանգության հանձնաժողովի հետ համատեղ ստեղծված անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի աշխատանքների մեկնարկը, որի շուրջ ինտենսիվ աշխատանքները սկսվել էին 2019  թվականից:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ստեղծված հարթակը կհանդիսանա հանձնաժողովին կից խորհրդակցական մարմին:

«Հեղափոխությունից հետո մենք չենք խուսափում խոսել ու բարձրաձայնել Զինված ուժերում եղած տարատեսակ խնդիրների մասին և տարբեր կողմերի ներգրավմամբ փորձում ենք լուծումներ գտնել դրանց: Ըստ համատեղ ընդունված հայեցակարգի՝ հարթակի հիմնական ուղղություններն են՝ մարդու իրավունքներն ու բանակը, համազգեստով քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ոստիկանության կողմից ուժի, բռնության կիրառման վերահսկողությունը, տեղեկատվության ազատությունն ու գաղտնիությունը, անվտանգության ոլորտում ներքին վերահսկման մեխանիզմները, կոռուպցիայի դեմ պայքարը, արդարադատության մատչելիությունը»,- իր խոսքում նշեց Անդրանիկ Քոչարյանը:

Նա վստահեցրեց, որ այս հարթակը յուրահատուկ կամուրջ կհանդիսանա գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների երկխոսության համար:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համոզված է, որ ժողովրդավարությունը հանդիսանում է երկրի անվտանգության անբաժան մասը, և որքան Հայաստանում բարձր է ժողովրդավարության մակարդակը, այնքան բարձր է անվտանգությունը:

«Ժողովրդավարական վերհսկողությունն անվտանգության ինստիտուտների հանդեպ բարձրացնելու է այդ ինստիտուտների արդյունավետությունը, հաշվետվողականությունը և կարողությունները: Դեռ մարդկությունը կամ պետությունը որևէ ձևով չի գտել մաքսիմալ լուծում՝ անվտանգության ոլորտի ինստիտուտները բաց լինելու լավագույն մեխանիզմների համար, այստեղ մենք պետք է առաջնորդվենք մաքսիմալ բաց լինելու տրամաբանությամբ, երբ այն չի վնասում անվտանգությանը»,- շեշտեց նա:

Նա համոզված է, որ Հայաստանն ունի ժողովրդավարության պատմություն.

«Համոզված ենք, որ ժողովրդավարությունը նաև հայկական երևույթ է, և մենք կարող ենք ժողովրդավարությունը զարգացնելով՝ զարգացնել մեր պետական ինստիտուտները և ունենալ ուժեղ պետություն»:

Նշենք, որ աշխատանքային քննարկմանը մասնակցում է նաև Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը:

Տեսանյութեր

Լրահոս