«Բոլոր գործողություններն էլ կարևոր են, մինչև 2026 թվականը կատարման ենթակա». Արման Եղոյանը՝ ՀՀ-ԵՄ  համաձայնագրի մասին

Այսօր ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին  ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, հասարակակական կազմակերպության ներկայացուցիչներ, փորձագետներ և այլք։

168.am-ի հետ զրույցում «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ամփոփելով լսումների արդյունքները՝  պարզաբանեց, որ մեծ հաշվով ամփոփում էին, թե ինչ են արել մինչ օրս և ինչ են պատրաստվում անել. «Այսպես ասած՝ գույքագրում էինք մեր խնդիրները»։

Հարցին՝ որո՞նք են հրատապ լուծում պահանջող խնդիրները, Արման Եղոյանը պատասխանեց, որ կա ճանապարհային քարտեզ և գործողությունների ժամանակացույց, որի տրամաբանությունն այն չէ, որ ավելի վաղ կատարվելիք գործողությունը հրատապ է, իսկ ուշ կատարվողը՝ ոչ։

«Բոլոր գործողություններն էլ կարևոր են, մինչև 2026 թվականը կատարման ենթակա։ Հիմա շատ կկարևորեի դատաիրավական բարեփոխումները, արդարադատության բլոկի, ոստիկանության  բարեփոխումները։ Նախորդ տարի մենք ընդունեցինք երեք ռազմավարություն ՝ մարդու իրավունքների պաշտպանության, դատական բարեփոխումների, հակակոռուպցիոն ոլորտների վերաբերյալ, որոնք նախատեսված էին Հայաստան-ԵՄ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզում, հիմա արդեն դրանք կիրարկելու ժամանակն է, ինչը և արվում է։ Մենք շատ սերտ համագործակցում ենք Արդարադատության նախարարության հետ, նաև ընդհանուր Սահմանադրական բարեփոխումների կոնտեքստում»,- շեշտեց պատգամավորը։

Մեր հաջորդ հարցին, թե տարբեր փորձագետներ մտահոգություններ են հայտնում,  որ  Ադրբեջանի և Եվրամիության միջև նախատեսված  նոր համաձայնագրի ստորագրման համատեքստում՝ Ադրբեջանը՝ Արցախի հարցի հետ կապված, փորձում է ԵՄ-ից կորզել բարենպաստ ձևակերպումներ, ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանն այս ամենը կանխելու համար, Արման Եղոյանը պատասխանեց, որ դա միայն փորձագետների մտահոգությունները չեն, նույնիսկ առաջին կուրսի ուսանողն էլ է հասկանում, որ յուրաքանչյուր երկիր փորձում է  առաջ տանել իր շահերը. «Այս դեպքում Ադրբեջանն էլ բացառություն չէ, մեր գործն էլ այն է, որ թույլ չտանք այդ կոնտեքստում իրենք իրենց շահերն առաջ տանեն»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս