«Արցախի հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնական սկզբունքների հիման վրա». Հայկ Կոնջորյան
ԱԺ ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունը փետրվարի 19-22-ը Վիեննայում մասնակցել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանին:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփելով պատվիրակության աշխատանքները և անդրադառնալով վեհաժողովի ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացրած գործողություններին՝ նշեց, որ Ադրբեջանը խորհրդարանական վեհաժողովներում, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ-ում, մշտապես փորձել է իր լոբբինգով, ստվերային հնարքներով սեփական շահերին հաճո ձևակերպումներ մտցնել բանաձևերում:
«Լյուքսեմբուրգում ադրբեջանցիները փորձեցին մի քանի ձևակերպումներ անել, մեզ հաջողվեց 99 տոկոսով չեզոքացնել բոլոր վտանգավոր կետերը, մասնավորապես՝ ամենավտանգավորը, որ ադրբեջանական լոբբինգի արդյունքում և շատ կասկածելի պայմաններում նախկին զեկուցողն իր նախնական տեքստի մեջ մտցրել էր, այսպես կոչված, «Ադրբեջանի յոթ շրջաններ» ձևակերպումը, հետագայում զեկուցողը հրաժարվեց դրանից, քանի որ այն հաշվի չի առնում Մինսկի խմբի համանախագահության ընդհանուր բառապաշարը: Այս մասով դա Ադրբեջանի տոտալ ֆիասկոն էր, որովհետև մենք կարողացանք վիժեցնել նրանց փորձերը: Մեզ հաջողվեց նաև Լյուքսեմբուրգի հռչակագրում մտցնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասով դրույթ, որով նաև 57 երկրների կողմից կազմված Խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում մյուս անդամ երկրներին հետևել Իտալիայի օրինակներին»,- այս մասին պատվիրակության ասուլիսի ժամանակ նշեց Հայկ Կոնջորյանը:
Նա վստահեցրեց, որ կարողացել են իրենց միջազգային գործընկերներին մեսիջ հասցնել, որ կոնֆլիկտները տարբեր են, և յուրաքանչյուր կոնֆլիկտ ունի իր պատճառները, կարգավորման ձևաչափերը, և եթե մի կոնֆլիկտի դեպքում առաջնային կարող է համարվել տարածքային ամբողջականության դրույթը, ապա մյուսի դեպքում՝ առաջնայինը կարող է լինել ազգերի ինքնորոշման դրույթը:
«Կոնկրետ Արցախի հարցի հետ կապված՝ մենք պնդում ենք, որ ազգերի ինքնորոշման դրույթն առնվազն պետք է հավասարաչափ դիտարկելի լինի երկու մյուս սկզբունքների հետ Հելսինկյան եզրափակիչ ակտի, որն է՝ ուժի չկիրառումը: Լյուքսեմբուրգի հռչակագրում մենք ֆիքսեցինք նաև մեկ դրույթ, որով արձանագրվում է, որ Արցախի հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնական սկզբունքների հիման վրա: Մենք մեր գործիքակազմով ամեն ինչ անելու ենք, որպեսզի հայկական շահն առաջ տանենք ու թույլ չտանք որևէ նման սադրանք»,- ընդգծեց պատգամավորը:
Ըստ նրա՝ փետրվարին լրացել է ԱԺ պատվիրակության աշխատանքների մեկ տարին, որը եղել է և՛ ճանաչողական, և՛ մարտահրավերներով լի տարի:
Պատգամավորի բնորոշմամբ՝ իրենց պատվիրակությունը վեհաժողովում եղած ամենաակտիվն պատվիրակություններից մեկն է եղել, եթե ոչ՝ ամենաակտիվը Հայաստանի պատմության մեջ և վերհաժողովում եղած պատվիրակություններից, ամենաակտիվների գոնե եռյակում է:
«Այնքան ակտիվ ենք, որ Վեհաժողովոմ բարձրաստիճան պաշտոնյաները մասնավոր զրույցներում կատակում էին, թե մեր պատվիրակության ակտիվությունն արդեն վտանգավոր է դառնում: Բայց մենք չենք պատրաստվում բավարարվել եղածով, դեռ շատ անելիքներ ունենք»,- շեշտեց Հայկ Կոնջորյանը: