«Փորձաքննության արդյունքները ստանալուց հետո հանդես եմ գալու միջնորդությամբ՝ անձանց որպես կասկածյալներ հարցաքննելու համար». Արթուր Աջամյանի փաստաբան
Նախորդ տարի դեկտեմբերի 2-ին Պաշտպանության բանակում ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մահվան հետ կապված հարուցված քրեական գործով դեռևս կասկածյալ կամ մեղադրյալ չկա։ 168.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։
Նրա խոսքով, իրենք ունեն կասկածյալներ, սակայն վարույթն իրականացնող մարմնի դիրքորոշումը չի համընկնում իրենց դիրքորոշման հետ:
Փաստաբանն իրենց դիրքորոշումն այսպես պարզաբանեց՝ տրամաբանական չէր լինի, որ իրենք զորամասի դիրքերում գտնվող անձանց շրջանակներից դուրս գան, քանի որ դիրքերում եղել է 7 մարդ, որոնցից մեկը վիրավորվել է, մյուսը՝ մահացել, մյուս հինգն են մնում։
«Եթե մի քանիսը մասնակցել են այդ գործողություններին, իսկ մնացածը չեն բարձրաձայնում այն, ինչ տեղի է ունեցել, նշանակում է՝ իրենք կատարում են օրենքով արգելված արարք, հետևաբար՝ այս պահին տուժող կողմի համար այդ 5 անձինք պոտենցիալ կասկածյալներ են, սակայն վարույթ իրականացնող մարմինը չի շտապում այդպիսի քայլ կատարել և որպես կասկածյալ հարցաքննել։ Բայց փորձաքննության արդյունքներից հետո մենք հանդես կգանք համապատասխան միջնորդությամբ»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է գործով նոր հանգամանքների ի հայտ գալուն, Հ. Սարգսյանը փոխանցեց, որ քննիչը մեկնել էր Արցախ՝ նորից հարցաքննություններ կատարելու։
«Այս պահին այլ մանրամասների չեմ տիրապետում, սպասում ենք փորձաքննությունների պատասխաններին, մի շարք փորձաքննություններ, որոնք նշանակվել էին, դեռ պատասխան չունենք, մասնավորապես՝ Արթուր Աջամյանի եղունգների հետ կապված»,- շեշտեց նա։
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ դիահերձման ժամանակ Ա. Աջամյանի հարազատներն անկախ դատաբժիշկ փորձագետ էին հրավիրել, որը պահանջել է, որ ճակատի վրա գտնվող հրազենային վնասվածքից զատ՝ նաև առկա արնազեղումը ենթարկվի համապատասխան փորձաքննության՝ պարզելու այն պատճառելու կոնկրետ ժամանակահատվածը։
«Եզրակացությամբ մենք ստացանք, որ Արթուրի ճակատի արյան զեղումը պատճառվել է նրա մահվանից րոպեներից մինչև մեկ ժամ առաջ։ Այսինքն՝ նա իր գլխին հարված է ստացել, որից հետո նոր կարողացել են հրազենային վնասվածք պատճառել։ Բացի այդ, նրա վրա եղել են նաև մարմնական վնասվածքներ, մատների վրա մի շարք քերծվածքներ՝ մեկ-երկու օրվա վաղեմության մասին է խոսքը, հնգօրյա վաղեմության սալջարդ է եղել ոտքի վրա, ուսի վրա էլ՝ քերծվածք։ Վարույթն իրականացնող մարմինն իրավասու չէ սա որևէ կերպ հերքելու, քանի որ սա նշել են փորձագետները»,- շեշտեց փաստաբանը։
Նրա բնորոշմամբ՝ իր համար տարօրինակ է, որ վարույթն իրականացնող մարմինը մինչև այժմ գործով որևէ կասկածյալի կամ մեղադրյալի չի ներգրավել, ուստի այս ուղղությամբ ձեռնարկել է համապատասխան քայլեր, որպեսզի, ինչպես տարիներ առաջ, այնպես էլ՝ այժմ, չշարունակվեն այն արատավոր բարքերը, որով հետքեր էին վերացնում, ի սկզբանե գործողությունները կազմակերպվել են այնպես, որպեսզի կարողանան պահպանել այդ հետքերը։ Այժմ այդ հետքերով պետք է հասնեն նրան, որ մատնանշեն կոնկրետ անձանց, թե ովքեր են այդ գործողություններն իրականացրել։
«Փորձաքննության արդյունքները ստանալուց հետո հանդես եմ գալու միջնորդությամբ, որպեսզի անձանց՝ որպես կասկածյալների, հարցաքննեն։ Նախաքննական գաղտնիք կա, որն այս պահին տուժող կողմին հասանելի չէ, և ես չեմ կարող միջնորդությամբ հանդես գալ, դա ժամանակավրեպ կլինի, սպասենք արդյունքներին»,- եզրափակեց Հայարփի Սարգսյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել էր: