«Եվրոպական բոլոր կառույցների կարծիքները պետք է լուրջ քննվեն և հաշվի առնվեն». Անուշ Սեդրակյանը՝ հանրաքվեի մասին

«Կարծում եմ՝ հանրաքվեն հարցի ամենաճիշտ լուծումն է, ուրիշ լուծում չկա, սա նաև կպարզի հասարակության մտայնությունները։ Սակայն այս հարցում մեկ պայման ունեմ, որ եվրոպական բոլոր կառույցների կարծիքները պետք է շատ լուրջ քննվեն և հաշվի առնվեն, քանի որ եվրոպական բոլոր կառույցների փորձագիտական նկատառումներն այս հարցում ամենակարևորն են։ Կարևոր են, քանի որ նրանք ունեն լավ արդարադատություն և շատ արդյունավետ կարող են այս հարցին մասնակցություն ունենալ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։

Ինչ վերաբերում է փոփոխությունների որոշումը Վենետիկի հանձնաժողով չուղարկելուն և հանձնաժողովի դրական եզրակացությանը չարժանանալուն, Անուշ Սեդրակյանը նկատեց՝ Վենետիկի հանձնաժողովի տեքստի անգլերեն տարբերակին լավ ծանոթ է, որն այն նեյտրալ գնահատականների տեքստից է, որտեղ երբեք չեն կարող եզրակացնել, որ հավանության չեն արժանացրել։

«Այն նեյտրալ տեքստ էր, ես լավ գիտեմ, թե ինչպես են գրում եվրոպական հավանության չարժանացած տեքստերը, բայց սա այդպիսի տեքստ չէր»,- հավելեց նա։

Հարցին՝ իշխանություններին կհաջողվի՞ հանրաքվեի ժամանակ ապահովել 650 հազար ձայն, Անուշ Սեդրակյանը պատասխանեց, որ այս առումով իր համար շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, քանի որ հանրաքվեն պետական մասնակցության, ներգրավվածության ցուցիչ է, ի տարբերություն հեղափոխության, որը ժողովրդի կամքի ինքնարտահայտման ձևն է։

«Կրկնում եմ՝ շատ եմ կարևորում եվրոպական կառույցների մաքսիմալ ներգրավվածությունը, որից էլ կերևա, թե ինչպիսին է լինելու այս ամենի ճակատագիրը։ Ինձ համար սա խիստ կարևոր է»,- շեշտեց Անուշ Սեդրակյանը։

Հարցին էլ, թե այս գործընթացը քաղաքակա՞ն, թե՞ իրավական բնույթ է կրում, Անուշ Սեդրակյանը պատասխանեց, որ չի կարող ասել, որ Սահմանադրությունը քաղաքական երևույթ չէ, այն քաղաքական է:

«Պետության կառուցմանն առնչվող յուրաքանչյուր հարց քաղաքական է»,- եզրափակեց Ա. Սեդրակյանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին։

Տեսանյութեր

Լրահոս