Բաժիններ՝

«Բոլոր խոսակցությունները, թե կյանքը շախմատ է, չափազանցված են, Պողո՛ս».  Հարութ Կբեյան, «Լոտո»

Գրող, ներկայում՝ ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը ղեկավարող Հարութ Կբեյանը պսևդոքաղաքական անտիուտոպիայի ժանրի «Լոտո» վեպը սկսել է գրել 2010 թվականին, ավարտին է հասցրել 10 տարի անց:

«Սուտ կլինի ասել, որ 10 տարի ամեն օր գրել եմ: Դա այդպես չէ: Բայց 10 տարի առաջ եղավ գաղափարը: Ու միանգամից ծնվեց այն գաղափարը, որ լոտոն կարող է փոխարինել ու ինչ-որ պահի փոխարինում է այն կարևոր որոշումների ընդունմանը, այն ընտրության սկզբունքին, որը կա»,- գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց հեղինակը:

10 տարի առաջ գաղափարը ծնվել է, ու հեղինակը սկսել է կառուցել հերոսներին՝  իրենց զուգահեռ իրականությունների հետ համատեղ: Հարութ Կբեյանի խոսքով՝ այդ 10 տարվա ընթացքում եղել են ժամանակներ, երբ տարիներով գիրքը դրել է մի կողմ ու ոչ մի բառ չի գրել, բայց այն միշտ եղել է մտքում: Եղել է անգամ ժամանակաշրջան, որ այդ ընթացքում գրել է ուրիշ պատմվածք, բայց, ինչպես ինքն է ասում, «Լոտո»-ն անգամ այդ ընթացքում մտքում է եղել:

«Լոտո»-ն պատմություն է գործազուրկ Պողոսի ու նաիրյան երկրի նախագահի մասին: Մի սովորական օր Պողոսը գնում է մի սովորական լոտո՝ արտասովոր մրցանակով՝ հանդիպում երկրի նախագահի հետ:

Ի՞նչ է ընծայելու նախագահը Պողոսին: Ինչո՞ւ է նախագահը վիճակախաղ անցկացնում իր գահակալության մայրամուտին: Պողոսը կհամաձայնի՞ ընդունել նախագահի առաջարկը: Առաջարկ, որից չես հրաժարվի, բայց որը կարող է փոխել ոչ միայն՝ Պողոսի, այլև՝ ամբողջ երկրի ճակատագիրը: Հենց այս հարցերի պատասխանն է ստանալու ընթերցողը «Լոտո»-ն՝ Պողոսը՝ Նաիրյանի երկրի իշխանական խարդավանքների հորձանուտում, գործը կարդալու ընթացքում:

Հեղինակն ընտրել է չարենցյան Նաիրյան երկիրը, որ ոչ մեկը վեպի իրականությունը չասոցիացնի Հայաստանի ներկա իրականության հետ: Վեպում անգամ տեղանուններն են հորինված: Գլխավոր հերոսին հեղինակն իր անվամբ է կոչել՝ Հարություն, որ ընթերցողին այն ինչ-որ մեկի հետ ասոցիացնելու առիթ չտա:

«Բնական է՝ շատ բան հորինված է, շատ բան էլ այնքան նման է մեր կյանքին, որ երևի նաև մի քիչ էքսկուրսիա է դեպի անցյալ: Մեր իրականությունը շատ անգամ մեզանից շատ ավելի ուշադրություն է տանում, քան ինքը դրան արժանի է: Շատ բաների երևի պետք է ուրիշ կերպ նայել»,- շնորհանդեսին գրքի մասին խոսելով՝ ասաց Հարութ Կբեյանը՝ հավելելով, որ ինքը փորձել է 1988-2018թթ. իր համար մեծ շրջափուլն ամփոփել այս գրքում ու փորձել է նայել կողքից՝ հույսով, որ մարդիկ էլ իրադարձություններին կնայեն կողքից՝ բոլոր վեճերը մի կողմ դնելով:

«Դա ամենակարևոր բանն է, որ ուզել եմ ասել, ու դրա համար հավանաբար այդքան երկար է տևել վեպը գրելը»,- նշեց հեղինակը:

Գրքի հերոս գործազուրկ Պողոսին, ում մասին անգամ գրքի շապիկին է գրված, շատերը գուցե առաջին հայացքից նույնացնեն ԱԺ «Իմ քայլը» խմցակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարևան Պողոսի հետ: Շատերը կհիշեն 2019 թվականի օգոստոսի 22-ը, երբ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրառմամբ Ամուլսարի խնդրին անդրադառնալով՝ նշել էր. «Ես չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա որոշում կայացնելու հարցում, քան ես»:

Հարութ Կբեյանի խոսքով՝ այդ հերոսը սկզբից այլ անուն է ունեցել, որը հեղինակն այնքան էլ չի հավանել: Երկար քննարկումներից հետո, մի օր, գիշերվա կեսին, երբ փորձել է այդ հերոսին այլ անվամբ կոչել, կինն առաջարկել է հերոսին Պողոս կոչել: Հեղինակի խոսքով՝ «մտքի ծայրով էլ չի անցել, որ Բաբկենը կնեղանա»:

«Չի նեղանա, բայց կարող է «փայ» ուզի»,- շնորհանդեսի ժամանակ կատակով ասաց Բաբկեն Թունյանը: «Ուրեմն պիտի հարևանին բերես, նոր»,- պատասխանեց Հ. Կբեյանը:

«Լոտո»-ի խմբագիր, գրող, լրագրող Վահան Իշխանյանը, որն ասում է, թե նյութն ու մտահղացումն անչափ հափշտակող են եղել, գրքի ստեղծմանը մասնակցությունն էլ՝ մեծագույն հաճույք, վստահեցնում է՝ վեպը բացում է մի իրականություն, որը չի արձանագրվում քաղաքագիտական գրականության մեջ, թերթերում կամ մեր իրականության մեջ, ու դա կարողանում է հայտնաբերել միայն գրողը:

«Կարող ենք ասել՝ քաղաքական գիրք է, որը ստեղծել է ներկայի զուգահեռ իրականությունը՝ ասելու, որ այն, ինչ ասում են մամուլը կամ գիտությունը, այնքան էլ այդպես չէ: Հեղինակը կա՛մ հակադրվում է, կա՛մ զուգահեռ քաղաքական իրականություն է ստեղծում ու ցույց տալիս, որ քաղաքական գործիչների աստեղային ժամերը և ձախողումները պատահականության արդյունք են գուցե»,- ասաց խմբագիր Վահան Իշխանյանը:

Խմբագիրը վստահեցնում է՝ վեպն այնքան էլ ուտոպիա չէ, «շատ էլ ներկա է և անցյալ»: Ըստ Վահան Իշխանյանի՝ եթե գիրքը կարդան անգամ չեխ կամ լեհ ընթերցողները, հաստատ կտեսնեն իրենց երկրի քաղաքական կյանքը:

«Այս գրքի արժեքը հենց նրանում է, որ միայն տեղական քաղաքական խնդիրներ չի ներկայացնում»,- նշեց հեղինակը:

Հարութ Կբեյանի «Լոտո» վեպը հրատարակել է newmag-ը: Գրքի դիզայնի հեղինակը newmag-ի գլխավոր դիզայներ Էդիկ Պողոսյանն է: Ասում է, թե գրքի դիզայնի համար newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հետ բազմաթիվ տարբերակներ են քննարկել:

«Կազմի սիմվոլիկայի սկզբնաղբյուրը եղավ բազմաչարչար Սահմանադրության փոփոխությունը, այդ կոստյումը, որ կարվել էր ինչ-որ մեկի հագով, բայց փաստորեն դեռ սկսում են հագնել և երևի շարունակելու են հագնել, կտեսնենք դա: Հետո երկար քննարկումից հետո որոշեցինք, որ կոստյումը դուրս գա, երևի մեկը հագավ-գնաց, և մնա ուրիշ սիմվոլիկա, որին կհանդիպեք գրքում»,- ասաց դիզայները՝ հավելելով, որ փորձել է Հարութ Կբեյանի երգիծանքի նման՝ շատ զուսպ, շատ թեթև աղով հումոր տալ գրքի շապիկին:

Ստորև՝ մի քանի հատված «Լոտո» վեպից:

«Մարդիկ չեն լինում սև ու սպիտակ, լավ կամ վատ, խելացի կամ անխելք, երջանիկ կամ դժբախտ, հիմար կամ իմաստուն: Ամեն ինչ շատ հարաբերական է: Մարդիկ տարբերվում են իրենց ընտրությամբ՝ ի՞նչ են ընտրում և ո՞ւմ են ընտրում, ո՞ւմ հետ են կապում իրենց կյանքը, իրենց ապագան, երկրի կառավարումը, ի՞նչ են ընտրում՝ Աստծո՞ւն, թե՞ համացանցը, ինքնախաբեությո՞ւնը, թե՞ հավաքական կամքը»:

«Բոլոր խոսակցությունները, թե կյանքը շախմատ է, չափազանցված են, Պողո՛ս: Իրականում կյանքն ավելի շատ նման է շաշկիի: Բոլորը ձգտում են հասնել ինչ-որ բանի: Ամենահեշտը ճանապարհին ինչ-որ մեկի կամ մի քանիսի վրայով անցնելն է: Պետք է զգույշ լինես, որ հանկարծ քեզ ֆուկ չանեն: Չես անցնում դու՝ անցնում են քո վրայով: Կամ հանում են խաղից…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս