
Հայաստանն ու Շվեդիան ընդլայնելու են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար պարոն Բիրյեր Կարլսոնին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, կոնվենցիոն կարգավիճակները, խոցելի խմբերի պաշտպանությանն ուղղված աշխատանքը:
Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են նաև հասարակությունում կանանց և երեխաների իրավունքների հարցերով իրազեկման բարձրացմանն ուղղված արշավները, որոնք իրականացրել է Մարդու իրավունքների պաշտպանը:
Արման Թաթոյանը ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ է հանդես գալիս ընդդեմ Հայաստանի քննվող գործով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ, որոնք ուղղված են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վիճակին։
Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար պարոն Բիրյեր Կարլսոնը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը:
Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև նախանշվել են համագործակցության ուղիներ Շվեդիայիում գործող մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատության և իրավապաշտպան այլ կառույցների հետ։