Բաժիններ՝

«Տարիներ շարունակ մեր պետության անունը բարձր եմ պահել, ու այսքանից հետո սրանք ակնհայտորեն խլում են իմ բնակարանը». Քաղաքացին՝ կատարված հանցագործության մասին

ԽՍՀՄ բռնցքամարտի նախկին չեմպիոն Արմեն Խալոյանը մոտ 17 տարի գիշերում է դրսում: Ասում է՝ 2003 թվականին վերադառնալով Հայաստան՝ իմացել է, որ իր և մայրիկի համատեղ սեփականությունը վաճառվել է ինչ-որ անձի կողմից՝ մոր անունից:

Մայրը, ըստ որդու, գամված է եղել անկողնուն, միայն նրա անունից առք ու վաճառքի պայմանագիր են կնքել, բռնի ուժով հանել բնակարանից: Նրա տեղը մինչ օրս անհայտ է, դին չկա:

«Իրավապահ մարմինները տալիս են մահվան վկայական՝ գերեզմանի համարով, գնում եմ, աշխատակիցներն ասում են՝ նման գերեզման գոյություն չունի: Հանցագործության մասին հաղորդում եմ տալիս՝ ոչ մեկը ոչինչ չի անում: Նույնը՝ բնակարանի դեպքում: Հիմա էլ ասում են, թե վաղեմության խնդիրը կա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Խալոյանը:

Հիշեցնենք, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող, համասեփականությամբ Արմեն Խալոյանին ու նրա մորը՝ Լիզա Սարգսյանին պատկանող բնակարանը առքուվաճառքի գործարքով օտարվել է 1998-ին՝ միայն մոր ստորագրությամբ: Այնինչ ինքը՝ Խալոյանը, համասեփականատեր է եղել, և առանց իր համաձայնության չէր կարող գույք օտարվել: Տան վաճառքի մասին ինքն իմացել է, երբ Լատվիայից 2003 թվականին վերադարձել է Հայաստան ու բնակարանի դուռը փակ է գտել:

«Մորս ստորագրությունը կեղծ է և, հետո, առանց իմ համաձայնության՝ բնակարանը չէր կարող վաճառվել: Այն գնել է Թբիլիսիի բնակիչ Դոնարա Դավթյանը, ով բոլորին կաշառել է: Դիմեցի դատարան: 2004թ. Առաջին ատյանի դատարանն իմ օգտին վճիռ կայացրեց, որից հետո բնակարանի սեփականատեր ես դարձա: Այն վաճառեցի, որ այլ բնակարան գնեմ, մնացած գումարով էլ ընտանիքիս անդամներին բերեմ Հայաստան: 15 օրվա ընթացքում վճիռը չի բողոքարկվել, և այն մտել է օրինական ուժի մեջ: Ամիսներ անց, երբ տունն արդեն վաճառել էի, Վերաքննիչ դատարան բողոք է գրում Դոնարան, ու Վերաքննիչը վարույթ է ընդունում ու Առաջին ատյանի դատարանի վճիռն անվավեր է ճանաչում: Ինձանից կաշառք են պահանջել Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններում, ինչի մասին ոստիկանության 6-րդ վարչությունում դիմում եմ գրել, սակայն որևէ արձագանք չի եղել»,- մանրամասնեց Արմեն Խալոյանը:

Քաղաքացու փոխանցմամբ՝ ինքը դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին, Ոստիկանություն, Դատախազություն, Քննչական ծառայություն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, սակայն ոչ մեկը ոչինչ չի անում:

«Ամեն ինչ կոծկում են: Կառավարության հանցավոր գործունեության հետևանքով զրկվել եմ իմ բնակարանից, անձնագիր չեն տալիս, ասում են՝ հաշվառման վայր ճարի: Ես որտեղի՞ց ճարեմ: Այս ամենի մասին դիմումներ եմ գրում ՀՀ վարչապետին, սակայն պատասխան չեմ ստանում: Մարդու իրավունքների պաշտպանին էլ եմ դիմում, ոչինչ չեն անում: Տարիներ շարունակ սպորտով եմ զբաղվել, մեր պետության անունը բարձր եմ պահել, ու այսքանից հետո սրանք ակնհայտորեն խլում են իմ բնակարանը»,- նշեց քաղաքացին:

Նրա ներկայացրած հաղորդումներից մեկով 2005 թվականին քրեական գործ են հարուցել նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի կողմից ենթադրյալ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առիթով, սակայն, ըստ քաղաքացու՝ քրեական գործը 5 տարի անց վաղեմության հիմքով կարճվել է:

Արմեն Խալոյանի փոխանցմամբ՝ 2012 թվականին Արաբկիրի ոստիկանություն են իրեն հրավիրել ու քրեական գործ հարուցել:

«Իբր թե ծեծել էի քրեականի պետին, դիմադրություն եմ ցույց տվել: Ում ասում եմ՝ չեն հավատում, ասում են, ո՞նց թե, ոստիկանությունում ո՞նց կարող էիր քրեականի պետի ծեծել: 5 տարի դատապարտեցին, ուղարկեցին բերդ, այն ժամանակվա ոստիկանապետը Գ.Ամիրխանյան էր, ասում էր՝ տուն ես ուզո՞ւմ, հես ա կուղարկենք բերդ՝ այնտեղ շոր էլ կտան, տուն էլ: Ամեն ինչ փաստերով ներկայացնում եմ՝ ընթացք չեն տալիս»,- վրդովված ասաց քաղաքացին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս